ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

Հուլիսի 10-ին Միրզոյան գրադարանում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում արձանագրված մարտավարական և օպերատիվ նորույթների ազդեցությունն արդի պատերազմի թատերաբեմում» թեմայով տեղի ունեցավ Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի կողմից կազմակերպված «Փոթորիկ Կովկասում» ժողովածի քննարկումը:



Քննարկվեցին հետևյալ հարցերը.

44-օրյա պատերազմի հնարավոր արդյունքները պատերազմը շարունակելու դեպքում:

Ինչպես ուղղակիորեն նշել էր ժողովածուի խմբագիր Ռուսլան Պուխովը, պատերազմի արդյունքը պայմանավորված էր իշխանությունների կողմից հայտարարված ընդհանուր զորահավաքի պահանջների փաստացիորեն չկատարմամբ: Բացի այդ, նոյեմբերի 11-ից մարտական գործողությունների թատերաբեմում կտրուկ վատթարացել էր եղանակային պայմանները, ինչը հակառակորդին զրկել էր իր տեխնոլոգիական առավելությունն ապահովող շահաքարտերից, մինչդեռ անձնակազմի և զրահատեխնիկայի առումով այն ուղղակիորեն սպառել էր իր հնարավորությունները:

ԱԹՍ-ների ազդեցությունը դասական ավիացիայի դերակատարմանը: Չնայած առավել վտանգավոր (հատկապես, հակառակորդի թիկունքում) կամ ֆիզիկական գերլարվածության հետ կապված խնդիրների կատարման հիմնական բեռը կրելուն, մոտակա տասնամյակում ԱԹՍ-ներն ի զորու չեն լինի հիմնականում փոխարինել դասական օդուժի կիրառականությունը: Բարդ ու բազմակողմանի ինքնուրույն որոշումներ կայացնելու մակարդակի ֆոնին նույնքան երկարատև է գնահատվում նաև արհեստական բանականության (AI, ИИ) զարգացումը:

Հնացած մարտավարության հետևանքները հակամարտության գոտում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և դրանից հետո անձնակազմի և ՍՌՏ չարդարացված կորուստները հիմնականում պայմանավորված էին կրթական համակարգի մակարդակի տևողական վատթարացմամբ: Եթե նախկին դպրոցը Հանրապետության աշակերտներին տրամադրում էր ընդհանուր նվազագույն գիտելիքներ և չափանիշներ, ապա վերջին տասնամյակներում փաստորեն ձևական կրթություն ստացած շրջանավարտները ընդունակ չէին ոչ միայն համատեղ գիտակցված գործողություններին, այլև անհատական անվտանգության տարրական քայլերի իրականացմանը: Նման կրթական մթնոլորտում դժվար է ակնկալել բարդ իրավիճակում արագ կողմնորոշվող, պատասխանատու, նախաձեռնող և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ սպաների (բոլոր օղակներում) հայտնվելն ու առաջխաղացումը:

ԱԹՍ-ների (մասնավորապես թուրքական արտադրության TB2) ուրճեցված ընկալումն ու ներկայացումը հայկական կողմից: Բացատրությունը միանգամայն պարզ է և վերաբերվում է նոր սպառազինության անծանոթ ազդեցությանը հանդիպած ցանկացած բանակին՝ անկախ ազգությունից և ժամանակաշրջանից: Անպատրաստ զինվորականի հոգեկանի վրա նույն ցնցող ազդեցությունն է թողնում նորահայտ տանկերը, սուզանավերը, ինքնաթիռները, որոնց անդրանիկ կիրառումն, որպես կանոն, ուղեկցվում է դրանց մահաբերության մասին ուրճեցված «վկայություններով»:

Հայկական կողմի ՀՕՊ համակարգի արդյունավետությունը 44-օրյա պատերազմում: Ակնհայտորեն ընդգծվել է իներտ, թերուս և կարծրամիտ սպաներին նախաձեռնող, ճկուն մտածող և գրագետ հրամանատարներից բաժանող անջրպետը: Մինչև առաջինները պասիվ սպասում էին հրամանատարության հստակ հրահանգներին, կորցնելով տեխնիկան և անձնակազմը, երկրորդները հմուտ քողարկման, զորաշարժի և ոչ ավանդական քայլերի շնորհիվ կարողանում էին նույնիսկ հնացած սպառազինությամբ ոչնչացնել տեխնոլոգիապես գերազանցող հակառակորդի թռչող սարքերը:

Հայկական կողմի անձնակազմի պատրաստության թերացումները: Թերացումները բխում են առկա կրթական համակարգի անկարողություններից: Ավելին, սխալ ընկալվող և կիրառվող անվտանգության պահանջները զրկում են անձնակազմը մարտականին մոտեցված պայմաններին նախապատրաստելու հնարավորություններից, իսկ վարժանքի ընթացքում շարքային անձնակազմի ստացված վնասվածքները դառնում են նպատակասլաց և ակտիվ սպայակազմի պատժի պատճառ:


Ուշագրավ էր Աբու-Դաբիում Նյու-Յորքի համալսարանի հասարակագիտության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի մեկնաբանությունը՝ արդի իրողության համեմատությունը պատմական տարբեր ժամանակաշրջանների հասարակագիտական փորձի համատեքստում:

Չնայած ՊաՀԱԿ-ի անդրանիկ քննարկումը կարելի է համարել կայացած, սակայն այն չի հասել նախատեսված բոլոր արդյունքներին: Կարելի է ասել, որ առ այսօր ունկընդիրների մեծ մասը հակված է խորանալ անցած անհաջողությունների մանրամասնեցված քննարկմանը, այնինչ հիմնական խնդիրն այլ է. ելնելով անցյալի ընդհանրացված դասերի փորձից, ընդգծել ակնհայտ խնդիրների հետևողական և գործնական լուծումը:

Եզրափակիչ ելույթներում նշվեցին, որ դրանց միակ իրատեսական եղանակը փորձադաշտում նոր գիտելիքների և հնարքների գործնական, բազմակի և սիստեմատիկ ուսուցումն/մշակումն է՝ արդյունքների պատշաճ վերլուծությամբ, ամփոփմամբ, այնուհետ կատարելագործված ուսումնական գործընթացում կիրառմամբ:


Թարմացվել է 13/07/23