ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՇՐՋԱՊԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Հակառակորդի ստորաբաժանման շրջապատման գործողությունները մշակվում են հակառակորդին անմիջականորեն շրջապատելու, նահանջի ու շրջապատվածներին օգնություն հասցնելու բոլոր երթուղիներն արգելափակելու համար: Հարկ է նշել, որ շրջապատումը կարող է իրականացվել միայն բազմաթիվ ստորաբաժանումների կամ փոքր ստորաբաժանումների կողմից, եթե նրանք գործում են համատեղ: Միայնակ գործող փոքր ստորաբաժանումները սովորաբար չունեն բավարար ուժեր և կարողություններ շրջապատման գործողություններն իրականացնելու համար, բացառությամբ, եթե գործում են հակառակորդի ոչ մեծ, կենտրոնացված խմբի դեմ:
Գործողության պլանավորման, նախապատրաստման և իրականացման հիմնական նպատակը պետք է ուղղված լինի տվյալ տարածքում հակառակորդի ուժերի ամբողջական շրջապատմանը: Շրջապատման գործողության իրականացումը գիշերային ժամերին թույլ է տալիս հասնել առավելագույն գաղտնիության և հանկարծակիության, ինչը անհերքելի առավելություն է շրջապատված հակառակորդի նկատմամբ:
Շրջապատման դեպքում տարաշարժը պետք է իրականացվի արագ և սրընթաց: Հակառակորդի հետ քաշվելու ուղիներն արգելափակելու նպատակով խմբերը (ենթախմբերը) դիրքերը գրավում են միաժամանակ: Եթե դիրքերի միաժամանակյա գրավումը հնարավոր չէ իրականացնել, ապա առաջին հերթին փակվում են նահանջի ամենահավանական ուղիները:
Դիրքերի սկզբնական զբաղեցումը օպերացիայի ամենակրիտիկական փուլն է։ Եթե հակառակորդին հայտնի է դառնում, որ իրեն շրջապատում են, ապա պետք է ակնկալել, որ նա անմիջապես փորձելու է գտնել շրջափակման բացերը (ճեղքվածքները) կամ փորձելու է հարվածել թույլ կետերին՝ շրջապատման օղակը ճեղքելու և շրջապատումից դուրս գալու համար:
Հակառակորդի ճեղքման փորձի կանխարգելման և նահանջի ուղիներն արգելափակելու համար, որպես կանոն, շրջապատումն իրականացնող ստորաբաժանումներն իրենց ճակատի առջև տեղակայում են առավել փորձառու և ուժեղ մարտական խմբեր: Մոբիլ ռեզերվները տեղակայվում են այնպես, որ դիմակայեն ճեղքման ցանկացած փորձին և ուժեղացնեն տեղանքի բարդ տարածքները, օրինակ՝ խորը կիրճերը կամ քարանձավային և թունելային համալիրներով տարածքները:
Հրետանու կրակային աջակցությունը կարող է քողարկել շրջապատուման մտահղացումը՝ շեղելով հակառակորդի ուժերի ուշադրությունը, մինչև շրջապատող ստորաբաժանումներն առաջ կշարժվեն դեպի հակառակորդի դիրքեր: Կրակային պատրաստությունը պետք է մանրակրկիտ պլանավորվի այն միտումով, որպեսզի հակառակորդի կողմից այն հայտնաբերելուց հետո էլ շարունակվի շրջապատման գործողության աջակցմանը:
Շրջապատման օղակի սեղմում
Նախնական շրջապատումից հետո իրականացվում է մեթոդական և մանրակրկիտ որոնում: Շրջապատման օղակի միաժամանակյա սեղմման համար կիրառվում է կրակը և տարաշարժը:
Քանի որ, կախված տեղանքից, շրջապատման գիծը կարող է նվազել, հնարավոր է որոշ ստորաբաժանումներ հետ քաշել շրջապատման գծից դեպի ռեզերվ: Հակառակորդի փոքր ուժերի դեմ գործողությունների դեպքում ամբողջ շրջափակման տարածքը կարող է մաքրվել սեղմումով, սակայն, մեծ ուժերի դեմ գործելու դեպքում կպահանջվի այլ մեթոդների կիրառում (նկ. 1).
Նկ. 1. Շրջապատման օղակի սեղմում
Մեկ այլ եղանակ, որն օգտագործվում է սեղմումից հետո, արգելափակող ուժերի կիրառումն է շրջափակող օղակի մեկ կամ մի քանի կողմերում, մինչդեռ մնացած ուժերը հակառակորդին ստիպում են նահանջել: Հակառակորդի փաստացի ոչնչացումը կարող է իրականացնել ցանկացած ստորաբաժանում, սակայն ամենից հաճախ այն իրականացնում է գրոհող ստորաբաժանումը: Այս մեթոդը արդյունավետ է, երբ արգելափակող ուժերը կարող են դիրքեր զբաղեցնել տեղանքի բնական խոչընդոտներով տարածքում կամ անմիջապես դրանց հետևում:
Շրջապատված հակառակորդի ոչնչացում
Տարաշարժ «Մուրճ և զնդան»
Այս մեթոդով շրջապատումն իրականացնող մեկ կամ մի քանի ստորաբաժանումներ մնում են տեղում, իսկ մնացածը հակառակորդի ուժերը «քշում» են տեղում մնացած ուժերի ուղղությամբ (Նկ. 2):
Նկ. 2. Տարաշարժ «Մուրճ և զնդան»
Տարաշարժ «Սեպ»
Այս մեթոդը կիրառվում է շրջապատումից հետո: Մեկ ստորաբաժանումն օգտագործվում է հակառակորդի ուժերը ջախջախելու համար, մինչդեռ մնացած ստորաբաժանումները մնում են դիրքերում: Այն բանից հետո, երբ հակառակորդի ուժերը բաժանվում են փոքր խմբերի, շրջապատման օղակը սեղմվում է կամ օգտագործվում է «Մուրճ և զնդան» տարաշարժը (նկ. 3).
Նկ. 3. Տարաշարժ «Սեպ»
Հրապարակվել է 28/05/23