ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ
«Ռազմական միտք» շարքից ներկայացնում ենք Բրիտանացի նշանավոր ֆելդմարշալ Բեռնարդ Լոու Մոնտգոմերիի, «Ֆելդմարշալի հուշեր» (The Memoirs of Field-Marshal the Viscount Montgomery of Alamein, K.G) 1958 թվականին Լոնդոնում լույս տեսած աշխատության մի հատվածը, որը մեր խորին համոզմամբ, ուսանելի է բոլոր կարգի հրամանատարների համար:


ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Իմ կարիերայի եզակի առավելությունը կարելի է համարել այն, ինձ հաջողվել է հրամանատար լինել բոլոր մակարդակներում՝ դասակից մինչև բանակային խումբ ներառյալ։ Ես իմ գործն անվանում եմ «եզակի», քանի որ կասկածում եմ, որ այսօր ազատ աշխարհում կա մեկ գործող զինվորական, որն ունի այդպիսի փորձ:

ժամանակները փոխվել են՝ համեմատած Մալբորոյի կամ Վելինգթոնի դարաշրջանի: Կարելի է ասել, որ նրանք գործնականում միայնակ են հաղթել իրենց արշավներում: Իհարկե, նրանք ծանրաբեռնված չէին ժամանակակից բանակում ընդունված շտաբային աշխատանքի ահռելի քրտնաջան ծավալով։ Այսօր գործող բանակի գլխավոր հրամանատարին կարելի է անվանել թիմի կապիտան, ընդ որում՝ շատ մեծ թիմի։ 1945 թվականի ամռանը հարց առաջացավ, թե արդյոք ազգը, հետևելով անցյալ պատերազմների օրինակին, պետք է դրամական պարգևներ տրամադրի հիմնական բանակի հրամանատարներին՝ ի նշան նրանց արժանիքների ճանաչման: Սակայն, ժամանակակից պատերազմի ռազմական գործողությունների վարման ամենակարևոր ավանդ կատարած անձանց ընտրությունը խիստ խնդրահարույց է: Իսկ ի՞նչպես վարվել նրանց հետ, ովքեր պատասխանատու են ռադարների, հակասուզանավային սարքերի, հետախուզության, բժշկական ապահովման և շատ ուրիշների հետ, որոնց անձնուրաց աշխատանքը ցածր մակարդակներում հաղթանակ է ապահովել: Այս փաստարկներնը դարձան 1945 թվականի սեպտեմբերին իմ հայտարարության հիմնական պատճառը, որ եթե ինձ դրամական պարգև առաջարկեն, ես կհրաժարվեմ դրանից։ Իհարկե, ես այլ պատճառներ էլ ունեի։

Ֆինանսական տեսանկյունից այն ժամանակ մեր ազգը սնանկ վիճակում էր և դժվար թե կարողանար իրեն թույլ տար ծախսել մոտ մեկ միլիոն ֆունտ ստերլինգ այդ նպատակների համար: Հետպատերազմյան առաջին տարիները խոստանում էին շատ դժվար լինել ինչպես պաշտոնաթող զինծառայողների, այնպես էլ սպաների համար: Նրանց տհաճ էր կարդալ, որ առանձին զինծառայողներ, որքան էլ որ նրանք բարձր էին գնահատվում, ի լրումն իրենց թոշակների պետք է ստանան հարյուր հազար կամ հիսուն հազար ֆունտ ստերլինգ, մինչդեռ իրենք (թոշակառուները), այդ ժամանակ, դժվարությամբ էին պահում իրենց կանանց ու ընտանիքներին: Սովը սպառնում էր միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում: Խիղճս անհանգիստ կլիներ, եթե ինձ այդքան մեծ գումար տային պարզապես իմ աշխատանքը հնարավորինս լավ կատարելու համար. չէ՞ որ շատ-շատերն էլ այդպես էին վարվում: Ես կարծում էի և հիմա էլ կարծում եմ, որ դրամական պարգևները, ի տարբերություն թագավորական արքունիքի պատիվների, այլևս անհրաժեշտ չեն։

Ներկայումս բարձրագույն հրամանատարությունն ավելի բարդ է դարձել, քան նախկինում էր, և գլխավոր հրամանատարը պետք է ունենա լավ շտաբ, ինչպես նաև գերազանց շտաբի պետ, ով կհամակարգի իր գործունեությունը: Գլխավոր հրամանատարը պետք է շատ ուշադիր լինի իր ենթակա հրամանատարների ընտրության հարցում, որպեսզի գեներալները համապատասխանեն իրենց պաշտոններին։ Նա պետք է ճանաչի իր զինվորներին, իսկ նրանք պետք է ճանաչեն նրան։ Չեմ հավատում, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևմտյան ճակատում ընդունված հրամանատարական ոճը կարող էր հաջող լինել նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ուզում եմ ընթերցողներին հիշեցնել, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայել եմ Ֆրանսիայում, բայց երբեք չեմ տեսել Ֆրենչին կամ Հեյգին։

Այսօրվա բանակը ինքնաբավ համայնք է: Այն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ համայնքի անդամներին պատերազմ վարելու համար՝ փամփուշտներից մինչև արյան բանկեր: Ես երբեք չեմ մոռանա Չերչիլի զայրույթը, երբ նա լսեց, որ մի քանի ատամնաբուժական բազկաթոռ բեռնաթափվել է նորմանդական ափում: Բայց մենք դեռ 1914-1918 թվականների պատերազմի տարիներից հիշում ենք, որ հոգալով զինվորների ատամների վիճակի մասին՝ պահպանում ենք նրանց մարտունակությունը։ Լավ գեներալը ոչ միայն պետք է հաղթի մարտում, այլև պետք է հաղթի նվազագույն կորուստներով, առաջին հերթին նվազեցնելով մարդկային կորուստները։ 1939-1945 թվականների պատերազմի ընթացքում ես սովորեցի, որ չորս բան նպաստում է կյանքեր փրկելուն.
  • Արյան փոխներարկում:
  • Առաջնագծում գործող վիրաբուժական բրիգադներ, որպեսզի ծանր վիրավորների անմիջական օգնությունը ցուցաբերվի տեղում՝ ժամանակ չկորցնելով հոսպիտալ տեղափոխելու համար:
  • Օդային տարհանում անմիջապես բազային հոսպիտալ, որը գտնվում է թիկունքում հազարավոր մղոններ հեռավորությամբ, ինչը թույլ է տալիս վիրավորներին զերծ պահել մեքենայով կամ գնացքով տեղափոխելիս անտեղի ցնցումներից:
  • Առաջնագծում գործող բուժքույրեր: Երբ 1942 թվականին ժամանեցի 8-րդ բանակ, բուժքույրերին առաջնագիծ թույլ չէին տալիս։ Ես չեղարկեցի այդ հրամանը։ Նրանց ներկայությունը մխիթարում և հանգստացնում էր բազմաթիվ ծանր վիրավոր զինվորների նյարդերը, ովքեր գիտեին, որ կստանան իրենց անհրաժեշտ խնամքը։ Ոչ մի տղամարդ սանիտար չի կարող վիրավորներին խնամել այնպես, ինչպես կինը կանի, չնայած շատերը կարծում են, որ ունակ են դա անել:
Ժամանակակից գեներալը պետք է անընդհատ հիշի այս և նմանատիպ շատ այլ բաների մասին։

Ինչ վերաբերում է վարչատնտեսական կողմին, ապա անհրաժեշտ է ունենալ հստակ, երկարաժամկետ կապ օպերատիվ նպատակների և վարչական ռեսուրսների միջև։ Հաջող վարչարարական պլանավորումը կախված է բանակի կարիքները կանխատեսելու կարողությունից: Այդ իսկ պատճառով գործող բանակի գլխավոր հրամանատարը պետք է անընդհատ պահանջի իր ենթակա հրամանատարներից, որպեսզի նրանք տեղյակ լինեն հարձակողական պլաններին և ժամանակին իրականացնեն վարչատնտեսական հիմնական նախապատրաստական աշխատանքները։ Շատ գեներալներ ռազմական ձախողումներ ունեցան, քանի որ նրանք չմտածեցին իրենց օպերատիվ պլանները համապատասխանեցնել առկա ռեսուրսներին: Այտեղից պետք է քաղել մեկ դաս, որ պետք է հավասարակշռություն պահպանել մարտական առաջադրանքների և ռեսուրսների միջև։ Բարձրագույն հրամանատարական պաշտոններ զբաղեցնող ցանկացած սպայի ամենակարևոր ցուցանիշը նրա կարողությունն է արագ ըմբռնել ռազմական խնդրի էությունը, արագ որոշել, թե ինչ պետք է անել, հստակ խնդրավորել շահագրգիռ կողմերին, թե ինչի են նրանք մտադիր հասնել և ինչպես են դա իրագործելու, իսկ հետո ապահովել ենթական հրամանատարների առաջադրանքի կատարումը: Այս առումով, հրամանատարական պաշտոններ զբաղեցնող սպան պետք է կարողանա անջատվել բոլոր աննշան մանրամասներից և կենտրոնանա ամենակարևորների վրա, այն և միայն այն մանրամասների վրա, որոնք անհրաժեշտ են իր պլանը ճիշտ իրականացնելու համար: Նա պետք է կատարի բոլոր անհրաժեշտ համակարգումները՝ իր շտաբին լիակատար վստահմամբ։ Երբ ամեն ինչ ասվում և արվում է, հրամանատարից պահանջվող հիմնական որակը վճռականությունն է: Այնուհետև նա պետք է կարողանա հստակ հրամաններ տալ և մղում ունենալ դրանց իրականացմանը հասնելու համար: Անվճռականությունն ու տատանվելու հակումը կործանարար են ցանկացած սպայի համար, իսկ գլխավոր հրամանատարի համար՝ հանցավոր:

Ոչ մի ժամանակակից գլխավոր հրամանատար չի կարող հաջողության հասնել, առանց պատերազմի նկատմամբ մարդասիրական մոտեցման։ Ճակատամարտերը շահվում են հիմնականում մարդկային սրտերում․ եթե նա պարտվի իր զինվորների սրտերի համար պայքարում, նա քիչ բանի կհասնի: Վեցերորդ գլխում ես արդեն փորձել եմ բացատրել այս մոտեցման էությունը և ընդհանուր առմամբ իմ թիմի փիլիսոփայությունը:

Անկախ նրանից, թե ինչ տեսակի ուժի հետ գործ ունենք, հրամանատարության կազմակերպումը և վերահսկողությունը պետք է լինի պարզ և հստակ: Այդպես եղավ Սիցիլիայի և Իտալիայի արշավանքների ժամանակ։ Արևմտյան Եվրոպայում արշավի սկզբում կազմակերպումը հիանալի էր, և դրա շնորհիվ մենք հաղթեցինք մեր ժամանակի մեծագույն ճակատամարտերից մեկը՝ Նորմանդիայի համար մղվող ճակատամարտը: Այնուհետև տեղի ունեցան փոփոխություններ, որոնք ոչնչացրեցին հանգիստ և արդյունավետ հրամանատարությունն ու վերահսկողությունը, որին բոլորս ականատես եղանք:

Ազգային ուժերի հրամանատարը միշտ իրավասու է վերադասի առջև հստակ արտահայտել իր տեսակետը օպերատիվ քաղաքականության վերաբերյալ: Ավելին, նա պարտավոր է դա անել: Բայց հենց որ վերադասը որոշում կայացնի, վեճերը պետք է դադարեն։

Ամենակարևորն այն է, որ փորձառու հրամանատարների միջև կարծիքների մասնավոր անհամապատասխանությունները գրեթե անխուսափելի են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սեփական և միանգամայն հստակ տեսակետ ունեցող մարդկանց: Սակայն այդ տարաձայնությունները երբեք չպետք է թույլ տան գերակշռել դաշնակցային համագործակցության բարձրագույն անհրաժեշտությանը: Էյզենհաուերի ղեկավարությամբ այդ համագործակցությունը հասել էր ամենաբարձր մակարդակի: Երկրորդ աշխարհամարտի հիմնական արդյունքները մենք պարտական ենք դաշնակից կառավարությունների բարի կամքին, ինչպես նաև կրիտիկական իրավիճակում վճռական դիրքերում գործելու համար ընտրված անձանց մեծությանը, և այդպիսի մարդկանցից է Էյզենհաուերը:

1945 թվականի նոյեմբերին Սենտ Էնդրյուսի համալսարանում «Ռազմական առաջնորդություն» վերտառությամբ դասախոսություն կարդացի, որի ընթացքում փորձեցի համեմատել անցյալի դասերը ներկա փորձի հետ: Իմ փաստարկները պատկերավոր դարձնելու համար ընտրեցի անցյալի երեք մեծ հրամանատարներին և հակիրճ վերլուծություն կատարեցի, թե ինչու են նրանք դարձել առաջնորդներ, ինչպես են նրանք ղեկավարել իրենց զինվորներին և ինչով են պարտական իրենց հաղթանակների կամ պարտությունների համար: Իմ ընտրած երեք զորահրամանատարներն էին Մովսեսը, Կրոմվելը և Նապոլեոնը։ Այս դասախոսությունը ներառվեց 1948 թվականի հոկտեմբերին Hutchinson & Co հրատարակչությունում լույս տեսած «Առաջ՝ հաղթանակից» գրքում։ Երեք զորարհրամանատարն էլ իրականացնում էին բարձրագույն հրամանատարություն։ Նրանց համար ընդհանուր էր ներքին համոզմունքը, որը, հիմնված լինելով (և շատ ամուր) ողջախոհության վրա, երբեմն դուրս էր գալիս ողջախոհության սահմաններից։ Հենց դա էր նրանց թույլ տալիս որոշակի և անհրաժեշտ պահին ընտրել ամենակարճ ճանապարհը, որը նրանց ուղղակիորեն տանում էր դեպի իրենց նպատակների իրականացումը՝ և ավելի արագ ու հուսալի, քան ոչ պակաս շրջահայաց, բայց պակաս ոգեշնչված զորահրամանատարները։

Այն կարելի է ներկայացնել այսպես:
Գոյություն ունեն երեք կարգի բարձրաստիճան հրամանատարներ.
  • Նրանք, ովքեր ունեն հավատ և ոգեշնչում, բայց չեն տիրապետում անսահման ջանքեր գործադրելու և ամեն տեսակի պատահականությունների պատրաստվելու ունակությանը, ինչը պատերազմում բոլոր հաջողությունների հիմքն է: Նրանք ձախողվում են:
  • Նրանք, ովքեր ունեն նշված ունակություններից վերջինը, ընդ որում՝ հանճարին հասնող չափով։ Այս կարգի մարդկանց հիանալի օրինակ եմ համարում Վելինգթոնին։
  • Նրանք, ովքեր, ունենալով այդ ունակությունը, ոգեշնչված են հավատքով և համոզմունքով, թույլ տալով նրանց գլուխապտույտ նետվել մարտահնոց, երբ բոլոր հնարավոր պատրաստությունները կատարվել են, իսկ իրավիճակը նպաստում է քաջության դրսևորմանը: Պատերազմում լինում են պահեր, երբ հաղթելու համար պետք է հենց այդպես գործել։ Կարծում եմ, որ նման պահ եղավ 1944 թվականի օգոստոսին Նորմանդիայում տարած հաղթանակից հետո, բայց մենք այն բաց թողեցինք։ Հիանալի օրինակ է Նելսոնի օրինակը, երբ նա ճեղքեց գիծը Սեն-Վինսենթի մոտ, երբ նա, թանձր մթնշաղին, Նեղուս գետի ափամերձ մարտկոցների կրակի տակ առաջնորդեց իր նավատորմի գրոհը, ինչպես նաև Տրաֆալգարի ճակատամարտի կրիտիկական պահին:
Ոչ մի հրամանատար այդքան հանգամանորեն չէր պատրաստվել որևէ անակնկալի, որքան Նելսոնը, բայց և ոչ մեկին չհաջողվեց այդպիսի ճշգրտությամբ որսալ այն պահը, երբ, սպառելով բանականության թելադրած գործողությունների բոլոր հնարավորությունները, պետք էր ապավինել բախտին կամ հավատքին: Ոչ մի հրամանատար այդքան հոգատարություն չցուցաբերեց, որ «յուրաքանչյուր կապիտան իմանար, թե ինչ է մտածում իր ծովակալը»:

Սեփական սահմանափակ փորձից մտքիս են գալիս նաև որոշ «պահեր»: 1943թ. մարտի 23-ին Մարետում, երբ մենք հարձակման հիմնական ուժերը տեղափոխեցինք ձախ թև, պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար 1944 թվականի օգոստոսի 23-ին Նորմանդիայում, երբ առաջ քաշեցի հզոր հարձակման գաղափարը դաշնակիցների ձախ թևում, 1944 թվականի սեպտեմբերի 17-ը՝ Արնհեմի մոտ։

Մովսեսն ու Կրոմվելը խորը հավատ ունեին իրենց աստվածային ճակատագրի հանդեպ, և դա նրանց երբեք չձախողեց ճակատմարտում, բայց Նապոլեոնը հավատում էր մարդկային ճակատագրին, և դա, ի վերջո, ձախողեց նրան:

Համոզված եմ, որ միակ մեծ հրամանատարը, որը չուներ այդպիսի որակ, ինչպիսին ներքին համոզմունքն էր, Վելինգտոնն էր: Անհնար է գերագնահատել նրա հեռատեսությունը, հմտությունը, համբերությունը և բոլոր մանրամասները հանգամանորեն նախագծելու ունակությունը: Սակայն, երբեմն նա բաց էր թողնում իր հաղթանակների բոլոր պտուղները քաղելու հնարավորությունը, քանի որ չգիտեր, թե ինչպես կարելի է վեր բարձրանալ արդեն հայտնիից, որպեսզի հասկանա անհայտը: Սալամանկայում և Վիտտորիայում Նապոլեոնին այդպես էլ չհաջողվեց հրամանատարության կատարելության մեջ գերազանցել Վելինգտոնին, բայց Վիտտորիայում ջախջախված ֆրանսիացիներին երբեք չէր հաջողվելու խուսափել հաջորդ օրվա երկրորդ ճակատամարտից, եթե նրանց հակառակորդին ղեկավարեր Նապոլեոնը կամ Կրոմվելը: Բարձրագույն հրամանատարությունը հաջողությամբ իրականացնելու համար մարդը պետք է ունենա անվերջ ջանքեր գործադրելու և մանրակրկիտ պատրաստություն իրականացնելու ունակություն: Բացի այդ, նա պետք է ունենա նաև ներքին համոզմունք, որը երբեմն կարող է գերակշռել բանականության վրա: Սկզբում պետք է, երբեմն՝ երկար ժամանակ, պայքարել առավելությունների համար և նվաճել դրանք, հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ որոշում է քաջությունը։ Կարո՞ղ եք անխոհեմ լինել և հրաժարվել հայտնիից հանուն անհայտի, երբ այդ պահը գա: Այս հարցի պատասխանը կորոշի, թե ով է արժանի բարձրագույն հրամանատարական պաշտոն զբաղեցնելու։


Montgomery B. L. The Memoirs of Field-Marshal the Viscount Montgomery of Alamein, K.G. — London: Collins, 1958.




Հրապարակվել է 09/06/24
Թարմացվել է 09/06/24