ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ

1. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆԸ
  1. 1.1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
  2. 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
  3. 1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
  4. 1.4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն
2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
  1. 2.1. Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
  2. 2.2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը
3. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
  1. 3.1. Բնակչության նախապատրաստումը բարոյահոգեբանական առումով
  2. 3.2. Բնակչության նախապատրաստումը քաղաքացիական պաշտպանության առումով
  3. 3.3. Բնակչության ռազմական նախապատրաստումը

  1. 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
    Որքան էլ կատարյալ լինեն զինված ուժերի սպառազինությունը, մարտական պատրաստության կազմակերպումն ու ուսուցումը, մարտական պատրաստականությունը, նրանք չեն կարող կատարել առաջադրված խնդիրները, եթե դեռ խաղաղ ժամանակ չեն լուծվել մարտական գործողությունների վարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը:
    Ժամանակակից պատերազմի սկզբնական փուլում առաջին օպերացիաների վարման համար անհրաժեշտ է նյութական միջոցները պատրաստել ոչ միայն խաղաղ ժամանակ, այլև հաշվի առնելով պաշտպանության պահանջները՝ տարակենտրոնացնել դրանք: Բացի այդ, երկրի խորքում, առավել անվտանգ տարածքներում, պետք է ստեղծել նյութական միջոցների անհրաժեշտ պաշարների, ինչպես նաև հավանական կորուստների լրացման ռեզերվների կետեր:
    Զինված ուժերի համար նյութական միջոցների պաշարները, որպես կանոն, ըստ նշանակության բաժանվում են անձեռնմխելի և մոբիլիզացիոն պաշարների, ռազմավարական և պետական պահուստների:

    Անձեռնմխելի պաշարը (կրճատ ԱՊ) սննդի, դեղորայքի, վառելիքի, զինամթերքի և կրիտիկական իրավիճակներում կենսական այլ իրերի հատուկ հավաքված պաշարն է, որը պահվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու նպատակով:1
    Անձեռնմխելի պաշարները խաղաղ ժամանակ պահվում են զորամասերում և միավորումներում այն չափաքանակով, որը կապահովի զորահավաքային ծավալումն (եթե այն նախատեսված է) և, ամենակարևորը, որոշակի ժամանակահատվածում մարտական գործողությունների վարումն ապահովելու համար:

    Մոբիլիզացիոն պաշարները (ՄՊ) նախատեսված են սպառազինության պակասն ու զորքերի մատակարարումը զինամթերքով լրացնելու համար, քանի դեռ չի մոբիլիզացվել արդյունաբերությունը, կամ կազմակերպվել/կարգավորվել զորահավաքային ռեսուրսների անհրաժեշտ քանակի ներմուծումը։ ՄՊ-ի չափերն անմիջականորեն առնչված են արդյունաբերության զորահավաքային (զորահավաքային ռեսուրսների ներմուծման) պատրաստությանը, այսինքն՝ զորահավաքային հզորություն¬ների ծավալման (զորահավաքային ռեսուրսների ներմուծման) ժամկետներին։ Որքան դանդաղ է մոբիլիզացվում արդյունաբերությունը (զորահավաքային ռեսուրսների ներմուծումը), այնքան ծավալուն պետք է լինի ՄՊ-ն։ ՄՊ-ի չափերի ու քանակի պլանավորման բարդ հարցում անփոփոխ է միայն մեկ բան՝ ոչ մի պաշար, որքան էլ այն մեծ լինի, չի կարող բավարարել լայնածավալ պատերազմի բոլոր պահանջները։
    Մեծ պաշարների կուտակումը ֆինանսական և տեխնիկական առումով դժվար է: Մի կողմից հսկայական պաշարների կուտակումը, պահպանումը և պարբերական թարմացումը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ և հանգեցնում է պետության համար ծանր «մեռած կապիտալի» ձևավորմանը: Մյուս կողմից, հայտնի է, որ մարտական մատակարարման շատ առարկաներ երկարատև պահպանման ենթակա չեն, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց սպառողական հատկություններն ու տեխնիկապես ծերանում են: Ընդ որում, որքան ինտենսիվ է զարգանում սպառազինությունը, այնքան արագ են ծերանում պաշարները։ Իսկ հնացած սպառազինության մեծ պաշարների առկայության դեպքում երկիրը կարող է անբարենպաստ վիճակում հայտնվել ավելի ժամանակակից զենքին տիրապետող հակառակորդի առջև։ Դրա համար էլ շատ զգուշավոր մոտեցում է պահանջվում ՄՊ-ի կուտակման նկատմամբ, որի պետք է սահմանվի այնծավալով, առանց որի պատերազմի սկզբնական փուլում անհնար կլինի մարտական գործողություններ վարելը։2

    Ռազմավարական պահուստը պահպանվող ապրանքների կամ առարկաների այն պաշարներն են, որոնք գտնվում են կառավարությունների, կազմակերպությունների կամ ձեռնարկությունների ենթակայության տակ և կարող են օգտագործվել միայն որոշակի ռազմավարության համապատասխան կամ անսպասելի իրադարձություններին արձագանքելու դեպքում:3

    Պետական պահուստը պետության կողմից ստեղծվող և պլանաչափորեն համալրվող հումքի ու նյութերի, վառելիքի, հացահատիկի և պարենային այլ ապրանքների, մեքենաների ու սարքավորումների որոշ տեսակների պաշարներն են, որոնք անհրաժեշտ են տնտեսության անխափան գործունեության, պաշտպանության կարիքների, տարերային աղետների հետևանքների վերացման, պետության ու հասարակության այլ պահանջների բավարարման համար:4
    Զինված ուժերի նյութական միջոցների պաշարների հարցի քննարկման տեսանկյունից ռազմավարական պահուստներ ասելով հասկանում ենք պետական պաշարների այն մասը, որը գտնվում է գերագույն հրամանատարության տրամադրության տակ։ Մնացած բոլոր պաշարները կազմում են պետական պահուստները։
    Ռազմավարական և պետական պահուստների չափը որոշվում է ելնելով զինված ուժերի անխափան մատակարարման անհրաժեշտությունից այնքան ժամանակ, քանի դեռ արդյունաբերությունը ռազմական ծրագրով արտադրություն չի ծավալել կամ չի ավարտվել անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծման գործընթացը։
    Մենք հակիրճ ներկայացրինք օպերացիաների վարման համար նյութական միջոցների պաշարների ստեղծման անհրաժեշտությունը և նրա տեսակները: Սակայն մի բան է խաղաղ ժամանակ ստեղծել պաշարներ, մեկ այլ բան է այդ պաշարները պահեստներից զորքերին ժամանակին և լրիվ ծավալով մատակարարելը: Զինված ուժերում այդ խնդիրը լուծվում է ռազմական լոգիստիկայի ճիշտ կազմակերպման միջոցով:
    Հակիրճ սահմանմամբ «ռազմական լոգիստիկան, զորքերը և ռազմական գույքը մարտական գործողությունների վայր տեղափոխելու կառավարման արվեստ է»:5
    Ռազմական լոգիստիկայի նպատակն է ռազմական գույքի տեղափոխումը նշված վայր, որոշված օրին և ժամին, անհրաժեշտ քանակությամբ, ծախսերի օպտիմալ քանակով և ամենագլխավորը` որակի պահպանմամբ:
    Վերոշարադրյալը դիտարկենք Իսրայելի բանակի ռազմական լոգիստիկայի կիրառման փորձի հետազոտության տեսանկյունից:

    Իսրայելի բանակի ռազմական լոգիստիակայի կառուցվածքը6

    Իսրայելի ՊԲ-ն ժամանակակից խոշոր բանակներից մեկն է: Ընդհանուր զորահավաքի դեպքում անձնակազմը հասնում է 800 հազարի, ունի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների զրահատանկային տեխնիկայի քանակը գերազանցող զրահատանկային տեխնիկայի պարկ, իսկ ռազմաօդային ուժերը քանակական առումով զիջում է միայն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին: Զորքերի կառավարման բոլոր մակարդակները գերհագեցված են հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներով և համակարգչային համակարգերով:
    Հասկանալի է, որ բոլոր այդ ռեսուրսների կառավարումը և պատերազմի պայմաններում հուսալի գործելու համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովումը պահանջում է ռազմական լոգիստիկայի ամենաժամանակակից մեթոդների և միջոցների կիրառում, իսկ մարտադաշտում իրավիճակի անընդհատ և անկանխատեսելի փոփոխությունների պայմաններում՝ ոչ սովորական լուծումների մշտական որոնում:
    Իսրայելի ՊԲ-ում ռազմական լոգիստիկայի խնդիրների լուծումը վերապահված է թիկունքային ապահովման գլխավոր վարչությանը (ԹԱԳՎ) և նրան ենթակա ծառայություններին:
    ԹԱԳՎ պետին ենթակա են լոգիստիկայի վարչությունը, որը ներառում է սննդի և իրային ծառայության մատակարարման կենտրոնները, տրանսպորտային վարչությունը, վառելիքի մատակարարման և պահպանման վարչությունը, ռազմամթերքի մատակարարման և պահպանման վարչությունը, ռազմական օբյեկտների շինարարության վարչությունը, ռազմական գույքի պահպանման վարչությունը, վերանորոգման և վերականգնողական վարչությունը։ Բացի այդ, ԹԱԳՎ պետին ենթակա են կապի, էլեկտրոնիկայի և համակարգիչային զորքերը, ռազմաբժշկական ծառայությունը, ինչպես նաև սպառազինության և մատակարարման ծառայությունների պետերն իրենց առանձին շտաբներով:

    Ռազմական լոգիստիկայի բարձր տեխնոլոգիաները7

    Ռազմական գործողությունների ընթացքում հսկայական նյութական ռեսուրսները շարունակական շարժման մեջ են, այնպես որ հրամանատարությունը միշտ չէ, որ հնարավորություն ունի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ անհրաժեշտ ռեսուրսների առկայության կամ բացակայության մասին:
    Այդ խնդիրների լուծումը Իսրայելի ՊԲ-ն դիտարկում է ռազմական գործողությունների ընթացքում բեռների տեղաշարժին հետևելու և գրանցման գործընթացների ամբողջական ավտոմատացման համալիրի կիրառմամբ: Խնդիրը յուրաքանչյուր զորամասի նյութատեխնիկական վիճակի մասին հստակ և ժամանակին տեղեկատվություն ստանալն է, որն իր մեջ ներառում է տվյալներ զինամթերքի, վառելիքի, պարենի անհրաժեշտ պաշարների առկայության, մարտական տեխնիկայի նորոգման-վերականգնողական աշխատանքների անցկացման, զոհերի և վիրավոր¬ների տարհանման մասին: Այսպիսի տվյալներ անհրաժեշտ է ստանալ իրական ժամանակում հրամանատարության բոլոր մակարդակներում՝ գումարտակից մինչև գլխավոր շտաբ։ Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել այդ բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով ՊԲ-ում լայնորեն կիրառվում են շարժման վերահսկման և նյութակտեխնիկական հոսքերի գրանցման ավտոմատաց¬ված համակար¬գերը: ՊԲ լոգիստիկայի ստորաբաժանումներում արդեն իսկ ներդրվել են նյութա¬տեխնիկական հոսքերի վերահսկման էլեկտրոնային համակարգեր, որոնք հայտնի են ակտիվների ամբողջական տեսանելիության (թափանցիկության) համակարգեր (total asset visibility (TAV)) անվանմամբ: TAV համակարգերը լոգիստիկ ծառայությունների օպերատիվ անձնակազմին հնարավորություն են տալիս ստանալ իրական ժամանակում և բարձր ճշգրտությամբ տեղեկատվություն բոլոր օգտագործվող նյութական ռեսուրսների՝ դրանց շարժման երթուղու, հսկիչ և ժամանակային պարամետրերի մասին: Նյութական ռեսուրսների յուրաքանչյուր տարր՝ լինի դա ինքնաթիռ, տանկ, հրանոթ, կոնտեյներ, բեռնատար և այլն, պարունակում են էլեկտրոնային քարտեր: Նյութական ռեսուրսների հոսքերի տեղաշարժման ուղիների վրա տեղադրվում են էլեկտրոնային հսկիչ դարպասներ, որոնք ավտոմատ կերպով տեղեկատվությունը հաշվարկում են դարպասներով անցնող շարասյան և ուղեկցորդների էլեկտրոնային քարտերից: Այսպիսով, ստացված տեղեկատվությունը իրական ժամանակում հեռահաղորդակ¬ցու¬թյան ուղիներով փոխանցվում է տարբեր մակարդակների շտաբներին և ռազմական լոգիստիկայի կենտրոններին:
    ՊԲ-ի բոլոր թիկունքային ծառայություններն անցել են մատակարարման հաշվառման և վերահսկման նոր լոգիստիկ համակարգերի, իսկ ռազմական բեռները, ոչ կոնտակտային ռադիոհաճախականությունների նույնականացման համար, այժմ մակնշուվում են RFID միկրոչիպերով: RFID-տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ակնկալում է բյուջետային միջոցների զգալի տնտեսում:
    ՊԲ-ի լոգիստիկ ծառայությունները տեղեկատվության հսկայական հոսքերը մշակելու համար կիրառվում է ռեսուրսների պլանավորման Enterprise Resource Planning (ERP համակարգը: ERP համակարգը ՊԲ ԹԱԳՎ-ի կազմում տվյալներ է ստանում սպառազինության ու պահեստամասերի, ՎՔՆ-ի, զինամթերքի ու բժշկական գույքի կենտրոններից: Այնուհետև, տարբեր աշխատանքային գործընթացներ իրականացնելու համար, ERP-ը ավտոմատա¬¬ց¬ված պահեստներին տեղեկատվություն է տրամադրում, որոնք էլ կարգավորում են նյութատեխնիկական միջոցների պատվերների հերթերի, ստացման և այլ գործընթացների համակարգը:

    Ռազմական լոգիստիկայի զարգացնան նոր ուղիները8

    Ժամանակակից բանակի ռազմական լոգիստիկան, որը լուծում է մինչև մարտական գործողությունների վայր զորքերի տեղաշարժի և ռազմական գույքի տեղափոխման խնդիրները, պահանջում է զորքերի թիկունքային ապահովման բոլոր մակարդակներում հսկայական կապիտալ ներդրումներ և մեծ թվով պատրաստված կադրերի առկայություն: Նման ծախսերը ծանր բեռ են բանակի բյուջեի համար: Այդ պատճառով, զորքերի սպասարկման որակի զգալի բարելավումն պահպանելով, ՊԲ-ում անընդհատ փնտրում են թիկունքային ապահովման վրա ծախսված ռեսուրսների կրճատման նոր ուղիներ։
    Ներկայումս ՊԲ լոգիստիկ ծառայությունները, թիկունքային բոլոր ծառայությունների կազմակերպման տարբեր նոր մեթոդների կիրառման հաշվին, հնարավոր են համարում զորքերի նյութատեխնիկական ապահովման ծախսերը կրճատել 30-40%-ով, կամ նույնիսկ 50%-ով:
    ՊԲ-ում ռազմական լոգիստիկայի բարեփոխման էությունը թիկունքային ապահովման ծառայությունների կենտրոնացումն է: Առաջարկվում է գումարտակ-բրիգադ օղակի բազմաթիվ թիկունքային ծառայությունների գործառույթները փոխանցել մեկ-երկու աստիճան բարձր օղակներին: Արդյունքում նախատեսվում է զորքերի կառավարման ստորին մակարդակում կրճատել ապահովման ծառայությունների մեծաքանակ անձնակազմը։
    Որոշվել է զորքերում գործող թիկունքային ապահովման գոյություն ունեցող կառուցվածքը (երբ յուրաքանչյուր զորամաս և միավորում իր ենթակայության տակ ունի թիկունքային ծառայություններ) աստիճանաբար փոխարինել ռազմական լոգիստիկայի նոր կառուցվածքով: Նոր հայեցակարգի համաձայն, ռազմական լոգիստիկայի հիմնական ռեսուրսները կենտրոնացվելու են ռազմական շրջանների պատասխանատվության ներքո։ Դա նշանակում է անցում տարածքային տեղաբաշխման և ռեսուրսների կենտրոնացման։ Այսինքն՝ ծավալման շրջան տեղափոխված միավորումը (զորամասը) այժմ կարիք չունի մեծաքանակ տրանսպորտային միջոցներով ամբողջ գումակը քաշել իր հետևից։ Միավորումը (զորամասը) անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովումն արդեն կստանա նոր տեղաբաշխման վայրում լոգիստիկայի ծառայություններից և ռեսուրսներից: Այդ դեպքում տեղափոխված միավորումը (զորամասը) հանդես կգա որպես տարածքային հրամանատարության «հաճախորդ» և ստիպված չի լինի զբաղվել ռազմամթերքի, վառելիքի, ռազմական հանդերձանքի և պարենի առաքման ու պահպանման խնդիրներով։ Միավորումը (զորամասը) այդ բոլոր «ծառայությունները» կստանա նոր տեղաբաշխման վայրում։ Ինչպես ենթադրում են ռազմական մասնագետները, նման որոշումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել զորքերի շարժունակությունը՝ նվազեցնելով նրանց կախվածությունը ծանրաշարժ թիկունքային ծառայություններից:

    Աութսորսինգը9 որպես ծախսերի կրճատման միջոց10

    Իսրայելական բանակի ռազմական լոգիստիկայի բարեփոխման ևս մեկ ուղղություն է դարձել զորքերում աութսորսինգի աստիճանական ներդրման միտումը, այն է՝ նախկինում թիկունքային/սպառազինության ստորաբաժանումների կողմից կատարված թիկունքային/սպառազինության ապահովման մի շարք գործառույթների փոխանցումը քաղաքացիական կապալառուներին:
    Օրինակ, նախկինում Merkava տանկն արտադրող գործարանները պատկանել են բանակին, իսկ հետո սեփականաշնորհվել։ Քաղաքացիական կապալառուներ ընտրելիս որպես չափանիշ վերցվել է զինծառայողի աշխատանքի մեկ ժամի արժեքը և քաղաքացիական մասնագետի աշխատանքի մեկ ժամի արժեքը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ բանակը զգալի խնայողություններ է ստանում աշխատանքը մասնավոր կապալառուի ձեռքը հանձնելիս:
    Տանկերի արտադրության աութսորսինգի հաջող փորձը դրդեց բարեփոխումների հաջորդ քայլին: Ըստ այդմ, առաջարկվում էր զինամթերքի պահեստներն ու ռազմական գույքը, դրանց հետագա սեփականաշնորհման նպատակով, փոխանցել քաղաքացիական կապալառուներին:
    Ներկայումս գրեթե ամբողջությամբ քաղաքացիական կապալառուների ձեռքում է գտնվում ռազմական շինարարությունը: Բանակն իր պատվերներով մրցակցություն է ստեղծում քաղաքացիական շինարարական ընկերությունների միջև, ինչը հանգեցնում է գների անկման։ Քաղաքացիական կապալառուների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը մնում է բանակի տրամադրության տակ։ Շտաբներում ստեղծվել են տեսչական խմբեր, որոնք ստուգում են կատարված աշխատանքների որակը:
    Դրա հետ մեկտեղ առկա է նաև թիկունքային ապահովման առանձին տարրերի մասնավորեցման բացասական փորձը։ Այսպես, ռազմական ճաշարանների սեփականաշնորհումը միայն մասնակի հաջողության հանգեցրեց՝ որոշ դեպքերում սպասարկման մակարդակը նվազեց, իսկ ծախսերն աճեցին։ Պարզվեց նաև, որ զինծառայողների բուժ¬սպասարկման մասնավորեցումն անարդյունավետ է, քանզի քաղաքացիական բժիշկ¬ների մատուցած ծառայությունների արժեքը շատ ավելի բարձր է, քան ռազմաբժշկներինը:

Եզրակացություն

ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման համակարգի կայացման (արդյունավետության բարձրացման) համար անհրաժեշտ է.
  1. կառավարման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում,
  2. տեղեկատվության փոխանցման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ժամանակակից միջոցներով սարքավորում,
  3. մատակարարման առարկաների ստանդարտացման և կատալոգացման հիման վրա նյութական միջոցների հաշվառման վարում,
  4. նյութական միջոցների պաշարների պահպանման և շարակարգման ռացիոնալ համակարգի ստեղծում,
  5. տարածքային սկզբունքով զորքերի ապահովման իրականացում,
  6. ռազմական գործողությունների ընթացքում բեռների տեղափոխման և գրանցման հետագծման գործընթացների ավտոմատացում,
  7. զորքերում աութսորսինգի աստիճանական ներդրում:

Շարունակությունը՝ 1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
___________
  1. Неприкосновенный запас
  2. Планирование мобилизационных запасов
  3. Strategic reserve
  4. Определение и составные части государственного резерва
  5. , 6., 7., 8. Военная логистика Израильской армии
  6. Աութսորսինգ բառը անգլիական ծագում ունի, այն առաջացել է երեք բառերի՝ «արտաքին», «աղբյուր» և «օգտագործում» ( outer-source-using) միաձուլումից: Այն մի ընկերության կողմից իր որոշ գործընթացների փոխանցումն է մեկ այլ ընկերությանը, որը մասնագիտացել է հենց այդ ոլորտում: Այն ընկերությունը, որը ստանձնում է մեկ այլ ընկերության (պատվիրատուի) որոշակի գործառույթների կամ դրանց մի մասի իրականացումը, կոչվում է աութսորսինգային ընկերություն կամ պարզապես աութսորսեր:
    Ի՞նչ է outsourcing-ը: Հիմնական տեսակները
  7. Военная логистика Израильской армии



___________
Հրապարակվել է 06/09/22
Թարմացվել է 26/12/22