ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
1. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆԸ2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
- 1.1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
- 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
- 1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
- 1.4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն
3. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
- 2.1. Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
- 2.2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը
ՀՀ տնտեսության նախապատրաստումը ագրեսիայի դիմագրավմանը միջոցառումների համակարգ է առնչված ռազմական տնտեսության զարգացման, պատերազմի պայմաններում գործելու նրա հնարավորությունների և պատերազմի ընթացքում զինված ուժերի կարիքների բավարարման հետ:
Այն ներառում է ռազմական արդյունաբերության ճյուղերի ստեղծում կամ դրանց հնարավորությունների ավելացում; երկրի տարածքում ռազմական (պաշտպանական) ձեռնարկությունների համապատասխան աշխարհագրական տեղաբաշխում, նրանց միջև կայուն տնտեսական և գիտատեխնիկական կապերի հաստատում; հատուկ ժամանակաշրջանում տնտեսության գործունեության կայունության ապահովում; նոր տեխնոլոգիաների մշակում; էներգետիկայի նախապատրաստում; ռազմական օպերացիաների ապահովման նկատառումով գյուղատնտեսության, առողջապահության, կապի և տրանսպորտային ցանցի զարգացում; քաղաքացիական պաշտպանության պաշտպանական միջոցառումների անցկացում:1
Այսինքն, ՀՀ տնտեսության նախապատրաստումը ագրեսիայի դիմագրավմանը սերտորեն առնչված է երկրի տնտեսական պատրաստվածության և պատերազմի ժամանակ տնտեսական գործունեության կայունության ապահովման հասկացությունների հետ:
Տնտեսական պատրաստվածությունը բարդ համակարգ է, որը ներառում է ԶՈւ-ին սպառազինության ու ռազմական տեխնիկայի, սարքավորումների, գույքի արտադրություն և մատակարարում; ռազմական արտադրությունն ամբողջ ծավալով բացազատելու համար տնտեսության մշտական պատրաստության ապահովում; նյութական միջոցների, զինամթերքի, պահուստային սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ՎՔՆ-ի և այլ նյութերի գիտականորեն հիմնավորված պաշարների ստեղծում, ԶՈւ-ի համար համազգեստի և սննդի ապահովում: Բացի այդ, տնտեսական պատրաստվածությանն է առնչվում նաև ինչպես զորքերի, այնպես էլ բուն ռազմական տնտեսության և պահուստների կուտակման համար մասնագետների պատրաստումը; տնտեսության կենսունակության ապահովումն ու պատերազմի ընթացքում նյութական միջոցներ արտադրելու նրա ունակության զարգացումը; զորահավաքային պլանների մշակումը, դրանց շարունակական կատարելագործումն ու պետական, տնտեսական ապարատի ներգրավմամբ դրանց ճշտգրտումը; ՌԳԹ-ի տնտեսական պատրաստումը:2
Տնտեսական պատրաստվածության անմիջական հիմքը կազմում է ռազմատնտեսական ներուժը, որը բխում է երկրի ընդհանուր տնտեսական ներուժից և օրգանական կապի մեջ է գիտական ներուժի հետ: Ռազմատնտեսական ներուժը երկրի առարկայական (օբյեկտիվ) հնարավորություններն են, որոնք կարող են օգտագործվել նրա պաշտպանական հզորության ամրապնդման և պատերազմի վարման համար։ Որոշվում է պետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգով, արտադրության ծավալով ու կառուցվածքով, արդյունաբերության (առաջին հերթին՝ ծանր և ռազմական) արտադրական կարողությունների առկայությամբ, գյուղատնտեսության զարգացմամբ, հաղորդակցության ճանապարհների վիճակով, համապատասխան փոխադրամիջոցների (տրանսպորտային միջոցներ) ու կապի գոյությամբ, բնակչության թվով ու բարոյաքաղաքական մակարդակով, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանով, ֆինանսների վիճակով, բնական ռեսուրսների առկայությամբ և դրանց յուրացման աստիճանով, արտադրողական ուժերի տեղաբաշխմամբ, արտադրության կոոպերացման, ներքին ու արտաքին տնտեսական կապերի ծավալներով ու խորությամբ, նյութական միջոցների ու ռեզերվների պաշարներով։ Ռազմատնտեսական ներուժի կարևոր ցուցանիշներից է ժողովրդական տնտեսության (ազգային տնտեսության) հիմնական ճյուղերի ձեռնարկությունները կարճ ժամանակամիջոցում ռազմական արտադրության փոխադրելու հնարավորությունը։3
ՀՀ տնտեսությունն ագրեսիայի դիմագրավման նախապատրաստման միջոցառումների ապահովման համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում հատուկ ժամանակաշրջանում տնտեսության գործունեության կայունության ապահովման խնդիրը։
-
2.1.
Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
Որպես կանոն, տնտեսության գործունեության իրական կայունությունը, նրա տարածքային, ոլորտային կապերն ու հնարավորությունները հատուկ ժամանակաշրջանում որոշվում են՝ հիմնական ապակայունացնող ազդեցության դեպքում իրենց գործառույթները պահպանելու կարողությամբ, ապակայունացնող ազդեցության ուժգնությամբ և ընդունելի ժամկետներում դրանց վերականգնման հնարավորությունները գնահատելուց հետո:
Իսկ որո՞նք են տնտեսության կայունության վրա բացասաբար ազդող հիմնական ապակայունացնող գործոնները.- 1) հակառակորդի կողմից տնտեսական օբյեկտների խոցման հետևանքները, որոնք կարող են երկրի արտադրողական ուժերին էական վնաս պատճառել և վատթարացնել նրանց գործունեության պայմանները,
- 2) ռազմաքաղաքական գործոնների ազդեցության հետևանքով արտաքին տնտեսական հարաբերությունների վատթարացումը (դրանց ամբողջական դադարեցման կամ կրճատման պատճառով):4
Ուստի հատուկ ժամանակաշրջանում5 ՀՀ տնտեսության գործունեության կայունության բարձրացման հիմնական ուղղությունները, խնդիրներն ու պահանջները պետք է համարել.- տնտեսության օբյեկտներում ոչնչացնող միջոցների կիրառմամբ պայմանավորված վնասակար գործոնների ազդեցությունից տնտեսության մարդկային ռեսուրսների (տնտեսության օբյեկտնների6 անձնակազմ, կառավարման ոլորտ, ինչպես նաև կադրերի պատրաստման և ռեզերվի ոլորտներ և այլն) պաշտպանությունն ու կենսապահովումը;
- հանրապետության տարածքում արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխումն ու տնտեսության կառուցվածքի կատարելագործումը;
- պատերազմի պայմաններում աշխատելու համար հանրապետության տնտեսության նախապատրաստումը;
- տնտեսության օբյեկտների կայուն գործունեության և պատերազմի ընթացքում բնակչության գոյատևման համար էական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանումը;
- հատուկ ժամանակաշրջանի հիմնական ապակայունացնող գործոնների ազդեցության հետևանքով հանրապետության տնտեսության օբյեկտների խախտված գործունեության վերականգնման նախապատրաստումը;
- ռազմական դրության պայմաններում հանրապետության տնտեսության կառավարման կայունության բարձրացումը;
- ռազմական նշանակության հատկապես կարևոր արտադրանքի՝ ռազմավարական հումքի, վառելիքի, բնակչության կենսապահովման միջոցների, եզակի և սակավ արդյունաբերական սարքավորումների, սարքերի և այլնի պահուստի (պաշարների) ստեղծումը:
Ի դեպ հակառակորդի կողմից խոցիչ (ոչնչացնող) միջոցների վնասակար գործոնների ազդեցությունից, ինչպես նաև դրա կիրառման արդյունքում առաջացող երկրորդական վնասակար գործոններից տնտեսության մարդկային ռեսուրսների և հանրապետության բնակչության պաշտպանությունը, որպես ամբողջություն, պետք է համարել պետական քաղաքականության առաջնահերթ խնդիր:
Ինչ վերաբերվում է բնակչության բոլոր կատեգորիաների (աշխատող, չաշխատող, մեծահասակ, երեխաներ, կախված տնտեսության օբյեկտների վտանգի աստիճանից և այլն) պաշտպանության հիմնական սկզբունքներին, մեթոդներրին և միջոցներին, ապա դրանք կարգավորված են քաղաքացիական պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրական և կարգավորող իրավական ակտերում:7, 8
Այս առումով պատերազմի պայմաններում բնակչության կենսապահովման նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված հիմնական առաջնահերթ խնդիրներ պետք է համարել.- բնակչությանը սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար նորմերի ու չափորոշիչների մշակումը և դրանց իրականացման նախապատրաստումը՝ հաշվի առնելով բնակչության կատեգորիաները (աշխատող, չաշխատող, ըստ տարիքի), ինչպես նաև աշխատանքի բնույթը, դրա նշանակությունը և այլն,
- բնակչության կենսապահովման կարիքների ու ծառայությունների (պարեն, առաջին անհրաժեշտության առարկաներ, էլեկտրո -, ջերմային -, գազա -, ջրամատակարարում, կոմունալ-կենցաղային սպասարկում այլն) ապահովման նորմերի և նորմատիվների որոշում (կանխատեսում),
- բնակչության պահանջմունքների ապահովման համար բնակչության կենսապահովման համակարգի հնարավորությունների գնահատում (կանխատեսում) և դրանց բավարարմանն ուղղված միջոցառումների մշակում,
- տնտեսության կարևորագույն օբյեկտներից տարհանված անձնակազմի ժամանակավոր տեղաբաշխման և առաջնահերթ կենսապահովման վայրերի նախապատրաստում:
Որպես կանոն, պատերազմի պայմաններում տնտեսության կայուն գործունեության հիմնական սպառնալիքը համարվում է թշնամու կողմից ոչնչացնող միջոցների հարվածներն այն օբյեկտներին, որոնք ապահովում են նրա ամենակարևոր պետական կարիքները: Հետևաբար, հանրապետության տնտեսության կարևորագույն օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այն վնասը, որը նրանք կարող են կրել ռազմական գործողությունների ընթացքում: Այն իրագործելու համար պահպանման ենթակա օբյեկտների ընտրությունը պետք է իրականացվի հետևյալ հիմնական գործոնների և ելակետային տվյալների վերլուծության, գնահատման և կանխատեսման հիման վրա.- օբյեկտների նշանակությունը հանրապետության կարևորագույն պետական կարիքների ապահովման և պատերազմի ընթացքում բնակչության գոյատևման համար,
- հակառակորդի հարվածների հնարավոր առաջնահերթ թիրախները, նրա կողմից օգտագործվող խոցիչ միջոցների տեսակները, տիպերը, կազմն ու դրանց սցենարները,
- հարվածների ժամանակ օբյեկտների ակնկալվող վնասները (անվտանգության մակարդակները) և դրանց ազդեցության գնահատումը տնտեսության գործունեության կայունության և բնակչության գոյատևման վրա:9
Հակառակորդի հարվածներից յուրաքանչյուր օբյեկտի պահպանումը պետք է ապահովված լինի հատուկ նորմերի, կանոնների և պահանջների, ինչպես նաև կազմակերպչական և ինժեներատեխնիկական մի շարք միջոցառումների մշակմամբ ու կիրառմամբ:
Մարտական գործողությունների ընթացքում կիրառվող ոչնչացման միջոցներից և պոտենցիալ վտանգավոր օբյեկտներն առաջնային ու երկրորդային վնասակար գործոնների ազդեցությունից հանրապետության տնտեսության կարևորագույն օբյեկտները պահպանելու հիմնական ուղիներ պետք է համարել.- հատուկ ինժեներատեխնիկական լուծումների մշակումը և իրականացումը, որոնք պետք է ապահովեն արտադրական ֆոնդերի10 ֆիզիկական կայունության բարձրացումը,
- հակառակորդի օդային հետախուզումից և հարձակումից օբյեկտները քողարկելու ինժեներատեխնիկական միջոցների մշակումը և իրականացումը,
- ռազմական գործողությունների վարման արդյունքում առաջացող առաջնային և երկրորդային վնասակար գործոնների ազդեցությունից օբյեկտների արտադրական ֆոնդերի պաշտպանության կազմակերպչական և ինժեներատեխնիկական միջոցառումների մշակումն ու նախապես իրականացումը,
- օբյեկտներում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման նախապատրաստումը,
- նորմատիվային և մեթոդական բազայի կատարելագործումը, որը կապահովի օբյեկտների պահպանման խնդիրների ամբողջ համալիրի լուծումը:
Սովորական զենքի կիրառմամբ հարվածների հետևանքով առաջացող առաջնային և երկրորդային վնասակար գործոնների հետևանքները մեղմելու և արտադրական ֆոնդերի, օբյեկտների ֆիզիկական կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ինժեներական և նախագծային լուծումների մշակում և ներդրում, որոնք կապահովեն.- վնասակար գործոնների էներգիայի կլանում կամ արտացոլում և արտադրական ֆոնդերի առանձին տարրերի վրա դրանց ազդեցության ինտենսիվության նվազեցում,
- արտադրական ֆոնդերի ամենակարևոր տարրերի մեխանիկական, հրդեհային, ջերմային և քիմիական դիմադրության բարձրացում:11
Օբյեկտների անվտանգությունը բարձրացնելու կարևորագույն խնդիրներից է նաև հակառակորդի օդային հետախուզման ու խոցման (օպտիկական-տեսողական, ջերմային (ինֆրակարմիր), ռադիոտեղորոշումային, ռադիոհրահանգային, լազերա-յին, ջերմապատկերային և այլն) միջոցներից դրանց պաշտպանությունը, որն, որպես կանոն, պետք է իրականացվի քողարկմամբ:12
Քողարկման ենթակա են պաշտպանական արտադրանքի և ռազմավարական կարևոր հումքի օբյեկտները, սննդի արտադրության խոշոր օբյեկտները, խոշոր պահեստները, կառավարման կետերը, խոշոր էլեկտրական և ջերմային կայանները, երկաթուղային հանգույցները, ռազմավարական կամուրջները և այլն։13
Խոշոր և հատկապես կարևոր օբյեկտների քողարկումը պետք է իրականացվի արձակման կայանքների; կեղծ թիրախ-թակարդների (ռադիո, ջերմային, օդակախութ (аэрозольных)); օդակախութ խոչընդոտների (аэрозольных завес); ռադիոէլեկտրոնային խանգարումների; լուսաարտացոլող և լուսաքողարկող միջոցների; ռադիո-անդրադարձիչ և ռադիոկլանիչ նյութերի, դիմակ-էկրանների; օբյեկտների էլեկտրամագնիսական և այլ տեսակի ճառագայթման ինտենսիվությունը նվազեցնող միջոցների համապարփակ օգտագործման ճանապարհով:
Վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների (ՎՓԱԱ) նախապատրաստման հիմնական նպատակը պետք է ուղղված լինի օբյեկտներում վթարային օջախների (գոտիների) տեղայնացմանն ու դրանց վերացման աշխատանքների ապահովմանը, տուժած անձնակազմի որոնմանը, փրկարարական գործողություններին և տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերմանը:
ՎՓԱԱ-ի պատրաստման հիմնական խնդիրներն են.- հակառակորդի հարձակման միջոցների հնարավոր կիրառմամբ պայմանավորված՝ օբյեկտներում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների ծավալների կանխատեսում;
- օբյեկտներում վթարափրկարարական և անհետաձգելի այլ աշխատանքների և առավել արդյունավետ միջոցների և տեխնոլոգիաների մշակում և առկա միջոցների կատարելագործում;
- օբյեկտներում, որպես քաղաքացիական պաշտպանության համապատասխան պլանների հիմնական մաս, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու տարածքային և օբյեկտային պլանների մշակում;
- քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների ներգրավմամբ խմբերի ստեղծում, որոնք կապահովեն կարևորագույն օբյեկտներում վթարափրկարարական և անհետաձգելի այլ աշխատանքների հիմնական համալիրի կատարումը;
- կառավարման մարմինների և քաղաքացիական պաշտպանության ուժերի հատուկ պատրաստության մակարդակի բարձրացում, որոնք կապահովեն օբյեկտների պահպանման համար իրենց վրա դրված խնդիրների ամբողջ համալիրի արդյունավետ կատարումը:
Տնտեսության կայուն գործունեության և պատերազմի ընթացքում բնակչության գոյատևման համար էական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման խնդիրների ամբողջ համալիրի լուծումն անհնար է առանց նորմատիվ-իրավական և մեթոդական բազայի կատարելագործման: Այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է.- վերլուծել հակառակորդի հարձակման ժամանակակից միջոցների կիրառման բնույթի (ծավալի) և պաշտոնապես ընդունված տեսակետների վերաբերյալ գոյություն ունեցող նորմատիվ իրավական և մեթոդական բազան;
- տնտեսության կայուն գործունեության և պատերազմի ընթացքում բնակչության գոյատևման խնդիրները լուծելու համար մշակել հիմնական ուղղությունների և օբյեկտների պահպանման միջոցառումների նոր նորմատիվ պահանջներ և մեթոդական առաջարկություններ: Միևնույն ժամանակ, արտադրության միջոցների14 պաշտպանությունն ապահովելու և կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկապես կարևոր օբյեկտների համապարփակ քողարկման համար մշակել ու կատարելագործել առաջնային նշանակություն ունեցող կարգավորող պահանջներն ու մեթոդական բազան:
2.2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը 15
Պատերազմի ժամանակ տնտեսության, նրա տարածքային, ճյուղային կապերի և կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացումն անմիջականորեն պայմանավորված է գործադիր և տեղական ինքակառավարման մարմինների կողմից պետական քաղաքականության իրականացման ու ապահովման նպատակաուղղվածությամբ և արդյունավետությամբ:
Իսկ որո՞նք են տնտեսության գործունեության կայունության16 բարձրացման պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն ու միջոցառումները.- 1) տնտեսության գործունեության կայունության մոնիտորինգի և կանխատեսման կազմակերպում և իրականացում;
- 2) տնտեսության գործունեության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանավորում և իրականացում;
- 3) օրենսդրական, նորմատիվ, իրավական և մեթոդաբանական բազայի կատարելագործում;
- 4) տնտեսության գործունեության կայունության բարձրացման միջոցառումների ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն:
Տնտեսության գործունեության կայունության մոնիտորինգը և կանխատեսման կազմակերպումը պետք է իրականացվի դրա ցուցանիշների համակարգված դիտարկման, վերահսկման և գնահատման (կանխատեսման), ինչպես նաև այդ ցուցանիշների բարձրացմանն ուղղված հատուկ նորմերի, կանոնների, պահանջների և միջոցառումների կատարման միջոցով, ինչն իր հերթին պետք է ներառի.- բնակչության պաշտպանության և կենսապահովման վիճակի վերլուծություն, գնահատում և կանխատեսում, հանրապետության տարածքում արտադրական ուժերի ռացիոնալ տեղաբաշխում և տնտեսության կառուցվածքի բարելավում, տնտեսության կայուն գործունեության ապահովման և պատերազմի ընթացքում բնակչության գոյատևման համար էական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման մակարդակի բարձրացում, պատերազմական պայմաններում աշխատելու և խաթարված գործունեության վերականգնման համար տնտեսության պատրաստվածության, ինչպես նաև տնտեսության կառավարման կայուն վիճակի ապահովում;
- հատուկ նորմերի, կանոնների և պահանջների իրականացման վիճակի մոնիտորինգ և վերահսկողություն, ինչպես նաև պլանավորված միջոցառումներ, որոնք ուղղված պետք է լինեն տնտեսության, դրա տարածքային և ոլորտային կապերի և օբյեկտների, ինչպես նաև ենթակառուցվածքների օբյեկտների գործունեության կայունության բարձրացմանը:
Տնտեսության տարածքային կապերի և օբյեկտների գործունեության կայունության վիճակի կանխատեսումը պետք է ներառի նաև.- տնտեսության օբյեկտների նկատմամբ ժամանակակից ոչնչացնող միջոցների կիրառման դեպքում, կորուստների ու ավերածությունների կանխատեսման տարբերակների մշակում և համաձայնեցում ՀՀ ԶՈւ ԳՇ հետ;
- կայունության բարձրացման հիմնական ուղղությունների հաշվառումով (օգտագործելով մոնիտորինգի տվյալները) տնտեսության կայունության և պատրաստվածության ցուցանիշների, դրա ճյուղային և տարածքային կապերի որոշում;
- ոլորտային և տարածքային կապերի պաշտպանության ու ազգային տնտեսական կարևորագույն արտադրանքի արտադրության համար տնտեսության վիճակի և կարողությունների կանխատեսում;
- պաշտպանական և ազգային տնտեսական կարևորագույն կարիքների բավարարման մակարդակի (պատերազմի ընթացքում տնտեսության գործունեության կայունության ցուցանիշների) որոշում;
- տնտեսության, դրա ճյուղային և տարածքային օղակների խոցելիության (թույլ տեղերի) որոշում:
Տնտեսության գործունեության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանավորումն ու իրականացումը ռազմական ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: Այն լուծելու համար ահրաժեշտ է առաջնահերթությունը տալ հետևյալ ուղղությունների և միջոցառումերի կազմակերպմանը.- օրենսդրական, նորմատիվ իրավական դաշտի և հատկապես հատուկ նորմերի, կանոնների և պահանջների իրականացման ստեղծում, տարածքային և ոլորտային կապերի կատարելագործման առումով արտադրական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման և տնտեսության կառուցվածքի կատարելագործման ապահովում;
- տնտեսության կայուն գործունեության ապահովման և պատերազմի ժամանակ բնակչության գոյատևման համար էական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանում;
- պատերազմի ժամանակ տնտեսության կառավարման կայունության բարձրացում:
Տնտեսության գործունեության կայունության բարելավմանն ուղղված միջոցառումների պլանավորումն անհնար է առանց հիմնական սկզբունքների պահպանման՝ այն է.- պլանավորման իրականացում հանրապետության, տեղական և օբյեկտային մակարդակներում.
- խաղաղ ժամանակում արտակարգ իրավիճակների ռիսկերի և հետևանքների նվազեցման միջոցառումների, հանրապետության տնտեսության ու ենթակառուցվածքային օբյեկտների պահպանմանն ուղղված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և տնտեսության զորահավաքային նախապատրաստմանն ուղղված միջոցառումների փոխհամաձայնության,
- միջոցառումների գնահատման և ընտրության համապարփակ մոտեցման, որը նշանակում է հաշվի առնել բոլոր այն առավել էական գործոնները և դրանց փոխկապվածությունները, որոնք կնվազեցնեն բնակչության կորուստներն ու տնտեսությանը հասցված վնասը,
- գնահատման և ընտրության այն միջոցառումների համակարգված մոտեցման, որոնք վերաբերվում են տնտեսության տարբեր օղակներում անցկացվող միջոցառման փոխկապակցվածության ապահովմանը,
- առանց հաշվի առնելու տնտեսության կայունության բարձրացմանն ուղղված ուղղությունների և միջոցառումների առաջնահերթությունները, որոնք ապահովում են առավելագույն արդյունավետություն մեկ միավորի ծախսերի համար:
Որպես կանոն, պատերազմական ժամանակաշրջանում տնտեսության, դրա ճյուղային և տարածքային օղակների գործունեության կայունության բարձրացման հիմնական միջոցառումները, որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ և նյութատեխնիկական ռեսուրսներ, մշակվում և իրականացվում են խաղաղ պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման և վարման, տնտեսության և պետական մարմինների մոբիլիզացման նախապատրաստման, ինչպես նաև պլանների17 և նպատակային ծրագրերի18 շրջանակներում, որոնք ուղղված են տեխնածին և բնական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանը, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը:
Օրենսդրական, նորմատիվ իրավական և մեթոդական բազայի ստեղծումն ու կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի հանրապետության տնտեսության ռազմական գործունեության կայունության բարձրացման խնդիրների ամբողջ համալիրի լուծմանը:
ՀՀ օրենսդրական ակտերը պետք է որոշեն և կարգավորեն.- պատերազմի ժամանակ տնտեսության գործունեության կայունության բարձրացման հիմնական նպատակները, ուղղությունները և դրանց հասնելու և իրականացնելու ուղիները;
- բոլոր մակարդակների պետական մարմինների, ինչպես նաև գործունեության այս ոլորտում կազմակերպությունների հիմնական լիազորությունները, խնդիրներն ու գործառույթները և նրանց միջև փոխհարաբերությունները;
- պատերազմական ժամանակաշրջանում տնտեսության գործունեության կայունության բարձրացման միջոցառումների մշակման և իրականացման գործընթացների կառավարման հիմնական կազմակերպչական սկզբունքները, ինչպես նաև դրանց ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման մեխանիզմներն ու աղբյուրները:
ՀՀ նորմատիվ իրավական (ենթաօրենսդրական) ակտերը պետք է որոշեն և կանոնակարգեն բոլոր մակարդակների գործադիր մարմինների և կազմակերպությունների հստակ գործունեությունը հետևյալ ուղղություններով.- պատասխանատվություն պատերազմի ընթացքում հանրապետության տնտեսության գործունեության կայունության բարձրացման ուղղություններից յուրաքանչյուրի մասով միջոցառումների մշակման և իրականացման համար;
- տնտեսության կայուն վիճակի մոնիտորինգի և կանխատեսման կազմակերպման ու իրականացման համար;
- տվյալ ոլորտում պետք է որոշվեն և կանոնակարգվեն գործադիր մարմինների գործունեության բոլոր մակարդակների և կազմակերպությունների տնտեսական կարգավորման և խթանման մեխանիզմները;
- տնտեսության գործունեության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանավորման կազմակերպման և իրականացման համար;
- անհրաժեշտ է հստակեցնել տնտեսության գործունեության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ֆինանսական, նյութատեխնիկական և այլ տեսակների ապահովման կարգը;
- անհրաժեշտ է կանոնակարգել հատուկ նորմատիվ և մեթոդական բազայի (նորմերի, կանոնների ու պահանջների) մշակման կազմակերպման և իրականացման աշխատանքները:
Ի դեպ հատուկ կարգավորող և մեթոդական բազան պետք է ապահովի տնտեսության գործունեության կայունության բարձրացման հիմնական ուղղություններից յուրաքանչյուրի համար համալիր լուծման ենթակա առաջադրանքների ամբողջ շարքը: Այս դեպքում բազան պետք է բաղկացած լինի հետևյալ հիմնական բաժիններից.- հատուկ նորմեր, կանոններ և պահանջներ, որոնք պարտադիր պետք է իրականացվեն տնտեսության և ենթակառուցվածքների հետագա զարգացման պետական, տարածքային, ոլորտային պլանների մշակման փուլերում խնդիրների լուծման և գոյություն ունեցող ձեռնարկությունների (տնտեսության և ենթակառուցվածքների օբյեկտներ) նոր և վերակառուցման նախագծեր ստեղծելու ու վերակառուցելու գործընթացներում;
- պատերազմի ընթացքում տնտեսության գործունեության կայունության բարձրացման յուրաքանչյուր ուղղության համար ընդհանուր և մասնավոր պահանջների շարքի մշակում, որոնք պարտադիր են իրականացման՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական բնույթի գործոններն ու պահանջները;
- հատուկ նորմեր, կանոններ, մեթոդներ և մեթոդական առաջարկություններ, որոնք պետք է որոշեն տնտեսության գործունեության կայունության բարձրացման յուրաքանչյուր ուղղության համար հատուկ խնդիրների լուծման սկզբունքները, մեթոդներն ու եղանակները;
- արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, վառելիքաէներգետիկ համալիրի, բնակելի և կոմունալ տնտեսությունների և բնակավայրերի ծառայությունների ոլորտներում ճյուղային (գերատեսչական) կողմնորոշման և պատկանելության հատուկ նորմեր, կանոններ, պահանջներ և մեթոդներ:
Օրենսդրական, կարգավորող իրավական մեթոդական ամբողջ բազայի մշակումն ու կատարելագործումը պետք է իրականացվի համապատասխան նպատակային ծրագրի շրջանակներում:
Պատերազմի ընթացքում տնտեսության գործունեության կայունության բարձրացման միջոցառումների ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման աջակցության կարգը նույնպես պետք է որոշվի ՀՀ օրենսդրական և կարգավորող իրավական ակտերով: Միևնույն ժամանակ համապատասխան միջոցառումների մշակման, իրականացման և ֆինանսավորման համար պետք անհրաժեշտ է ապահովել գործադիր իշխանության մարմինների պատասխանատվության միասնության սկզբունքը։
Այս սկզբունքի համաձայն բյուջեից միջոցառումների համար հատկացվող ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունը պետք է ուղղված լինի հետևյալ ոլորտներում աշխատանքների իրականացմանը.- ընդհանուր օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի մշակման;
- հատուկ նորմերի, կանոնների և պահանջների իրականացման, որոնք պետք է ուղղված լինեն տնտեսության գործունեության կայունության բարձրացմանը, հանրապետության հետագա սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը;
- ռազմական և խաղաղ ժամանակահատվածներում տնտեսության գործունեության կայունության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը;
- գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների իրականացմանը, որոնք պետք է ուղղված լինեն բնակչության և տարածքային պաշտպանության միջոցների ստեղծմանն ու կատարելագործմանը, ներառյալ խոցիչ գործոնների ազդեցությունից հանրապետության տնտեսության օբյեկտների և ենթակառուցվածքների պաշտպանությանը, քողարկման միջոցով հակառակորդի հետախուզման և հարձակման միջոցներից պաշտպանությանը, ինչպես նաև տվյալ ոլորտում ընդհանուր նորմատիվ և մեթոդական բազայի ստեղծմանը;
- տնտեսության կայուն գործունեության և պետական սեփականություն հանդիսացող բնակչության գոյատևման համար էապես անհրաժեշտ օբյեկտների պահպանմանը;
- ռազմական պայմաններում պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում աշխատելու համար տնտեսության նախապատրաստման միջոցառումներին, ինչպես նաև տնտեսության և ենթակառուցվածքների խաթարված գործունեության վերականգնման նախապատրաստմանը;
- գործադիր մարմինների կողմից իրականացվող գործառույթների ապահովման առումով՝ համապատասխան կառավարման կետերի ստեղծմանն ու սարքավորմանը, կապի համակարգերի և միջոցների, ահազանգերի, ինչպես նաև տեխնիկական համակարգերի և կառավարման միջոցների կայունության բարձրացմանը;
- պաշտպանական, կարևորագույն ազգային տնտեսական արտադրանքի, ռազմավարական հումքի և այլ նյութական միջոցների պետական պահուստների (պաշարների) ստեղծմանը:
Կազմակերպություններում (ձեռնարկություններում, տնտեսության օբյեկտներում և ենթակառուցվածքներում) ուղղակիորեն մշակվող և իրականացվող միջոցառումների ֆինանսավորումը պետք է իրականացվի այդ կազմակերպությունների բյուջեից կամ դրանց սեփականատեր հանդիսացող բարձրագույն կառավարման մարմինների կամ կազմակերպությունների բյուջեից:
Եզրակացություն
Ժամանակակից պայմաններում պատերազմի և տնտեսության միջև կապն անքակտելի է: Տնտեսությունը դարձել է պատերազմի նախապատրաստման ու վարման անմիջական տարրը։ Հետևաբար, ազգային տնտեսությունը պետք է լինի ոչ միայն համակողմանի պատրաստված, այլև իր զինված ուժերի տնտեսական ապահովման գրավականը։
Ռազմական տնտեսությանը բնորոշ օրենքների խորը իմացությունը, դրանց գործողության մեխանիզմների ճիշտ օգտագործումը, ռազմական տնտեսության ոլորտի վրա ազդող օրինաչափությունների հաշվառումը մեծապես կնպաստի տնտեսության օպտիմալ զարգացմանը:
Եթե հետևողականորեն առաջնորդվենք ռազմական և տնտեսական գործունեության հիմնական սկզբունքների իրականացմամբ, ապա հուսալիորեն կապահովենք հանրապետության զինված պաշտպանությունը տնտեսապես: Հակառակ դեպքում, վերը շարադրված միջոցառումները թերի կատարելու կամ Աստված մի արասցէ՝ անտեսելու դեպքում հարցականի տակ կդնենք տնտեսական (թիկունքային) ապահովման առումով զինված ուժերի կողմից ճակատում հաջողության հասնելու հիմնական խնդիրը։
___________
- ПОДГОТОВКА ЭКОНОМИКИ К ОБОРОНЕ
- Экономическая готовность к войне
- Ռազմատնտեսական ներուժ
- Տե´ս. Антонов П.И., Говоров М.В., Мартынов В.В. Мобилизационная подготовка экономики Российской Федерации. – М.: Академия гражданской защиты МЧС России, 2000.
- Հատուկ ժամանակաշրջանը տնտեսությունը ռազմական դրություն տեղափոխելու սկզբից մինչև պետության ամբողջ տնտեսության անցումն է ռազմական ռեժիմի: Այն կարող է հայտարարվել նաև պատերազմի (զինված հակամարտության) նախօրեին խաղաղ ժամանակի պայմաններում՝ կապված արտաքին կամ ներքին լարված իրավիճակի և ռազմական բախումների հնարավորության հետ։ Պետության մոբիլիզացիոն ռազմատնտեսական ծրագրի առաջին փուլն է։ Ներմուծվում է պետական իշխանության բարձրագույն մարմինների հատուկ կարգադրությամբ՝ սահմանված ազդանշանով:
Կարդալ ավելին. ОСОБЫЙ ПЕРИОД - Տնտեսության օբյեկտներ են համարվում.
1) արտադրական կամ սոցիալական նշանակության ձեռնարկությունները կամ հաստատությունները,
2) մեկ արդյունաբերական գոտում տեղակայված ձեռնարկությունները, հիմնարկները կամ նյութաարտադրական, սոցիալ-արտադրական նշանակության կազմակերպությունները
Объект экономики - Տե´ս. ՀՀ Օրենքը Քաղաքացիական պաշտպանության մասին
- Տե´ս. ՀՀ Նախագահի Կարգադրությունը ՀՀ Քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին
- Տե´ս. Мобилизационная подготовка исполнительных органов государственной власти: специальный учебник/ Ю. Л. Колесников [и др.]; под общ.ред.А. В. Иванова. - СПб.: ФГАОУ ВО «СПбПУ», 2017 - 242 с.
- Արտադրական ֆոնդերը՝ աշխատանքի բոլոր միջոցների ամբողջությունն է, որոնք կարող են բավականին երկար ժամանակ մասնակցել արտադրության տեխնոլոգիական գործընթացին և միևնույն ժամանակ պահպանել իրենց սկզբնական որակներն ու ձևը:
Կարդալ ավելին Производственные фонды - это важная составляющая производства - Արտադրական ֆոնդերի ֆիզիկական կայունության բարձրացման հատուկ եղանակները, մեթոդներն ու միջոցները, նույնպես պետք է կարգավորվեն համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:
- Տե´ս. Мобилизационная подготовка исполнительных органов государственной власти: специальный учебник/ Ю. Л. Колесников [и др.]; под общ.ред.А. В. Иванова. - СПб.: ФГАОУ ВО «СПбПУ», 2017., էջ 78
- Համալիր քողարկման ենթակա օբյեկտների կազմը որոշվում է պատերազմի ընթացքում դրանց նշանակության գնահատման, ինչպես նաև տեխնիկական և տնտեսական հնարավորությունների հիման վրա:
- Արտադրության միջոցներ են նյութական բարիքների արտադրության համար օգտագործվող աշխատանքի միջոցների ու առարկաների համակցությունը։ Աշխատանքի միջոցներ են այն իրերը, որոնցով մարդը աշխատանքի պրոցեսում նյութական բարիք ստեղծելու նպատակով ներգործում է աշխատանքի առարկաների վրա (մեքենաներ, սարքավորումներ, շարժիչներ, արտադրական շենքեր և կառույցներ, բեռների փոխադրման, կապի միջոցներ ևն)։ Աշխատանքի համընդհանուր միջոց է հողը։ Աշխատանքի միջոցների որոշիչ տարրը արտադրության գործիքներն են (մեքենաներ, սարքավորումներ)։
Կարդալ ավելին. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - Տե´ս. Мобилизационная подготовка исполнительных органов государственной власти: специальный учебник/ Ю. Л. Колесников [и др.]; под общ.ред.А. В. Иванова. - СПб.: ФГАОУ ВО «СПбПУ», 2017., էջ 81-91
- Տնտեսության գործունեության կայունություն ասելով հասկանում ենք արտակարգ իրավիճակներում տնտեսական օբյեկտների ոչնչացնող գործոնների ազդեցությանը դիմակայելու կարողությունը և դրանց ազդեցության պայմաններում նախատեսված ծավալի ու տեսականու արտադրանքի թողարկումը պահպանելու և նվազագույն ժամանակում խախտված արտադրության վերականգնման ունակությունը:
- Ծանոթագրություն: Տնտեսության գործունեության կայունության բարձրացման միջոցառումների պլանավորման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի՝ նախապատրաստական, տարեկան, հեռանկարային:
- Նպատակային (թիրախային) ծրագիրը տարածությամբ և ժամանակով կողմնորոշված համակարգ է, որը համաձայնեցված է բովանդակության, ժամկետների, կատարողների հետ, որոնք ապահովված են գիտահետազոտական, փորձարարական - կոնստրուկտորական, արտադրական - տեխնոլոգիական, սոցիալ - տնտեսական, կազմակերպչական, բնապահպանական բնույթի միջոցառումների ռեսուրսային աղբյուրներով, որոնք ուղղված են միասնական խնդրի լուծմանը, միասնական նպատակին հասնելուն:
Կարդալ ավելին. Становихина, А. М. Уточнение понятия «Целевая программа» / А. М. Становихина. — Текст : непосредственный // Молодой ученый. - 2017. - № 48 (182). - С. 93-94. - URL:
Уточнение понятия «Целевая программа»
___________
Հրապարակվել է 21/12/22