ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
1. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆԸ2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
- 1.1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
- 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
- 1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
- 1.4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն
3. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
- 2.1. Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
- 2.2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը
-
1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի (տարածքի օպերատիվ սարքավորում)
ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի (կամ տարածքի օպերատիվ սարքավորումը) հանդիսանում է ագրեսիային դիմագրավելու նախապայմաններից մեկը:
Ռազմական գործողությունների թատերաբեմ (կրճատ՝ ՌԳԹ), նշանակում է տարածք, որտեղ տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ ռազմական գործողությունները, ինչպես նաև կարող են ծավալվել պետությունների կազմավորումները:1
Ռազմական գործողությունների թատերաբեմի նախապատրաստումը ձեռնարկվող կազմակերպչական, տեխնիկական, ինժեներական և այլ միջոցառումների համակարգ է, որի նպատակն է ապահովել զինված ուժերի կամ զորամասերի կազմակերպված մուտքը պատերազմ, ռազմական գործողությունների հաջող վարումը, ինչպես նաև զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեությունը: Այն հանդիսանում է երկրի տարածքի պաշտպանության նախապատրաստմանն ուղղված համապետական միջոցառումների համալիրի բաղկացուցիչ մաս։ Այսինքն՝ միջոցառումների մի մասը կատարվում է զինված ուժերի, մյուս մասը՝ քաղաքացիական նախարարությունների և գերատեսչությունների կողմից։ ՌԳԹ նախապատրաստումն իրականացվում է, խաղաղ ժամանակ և շարունակվում է պատերազմի ընթացքում: ՌԳԹ նախապատրաստման միջոցառումների բովանդակությունն ու ծավալը պայմանավորված է պետության տնտեսական ռեսուրսների, ռազմական տեխնիկայի և սպառազինության զարգացմամբ, պատերազմ վարելու բնույթի և եղանակների փոփոխությամբ:2
Ռազմական առումով երկրի տարածքի նախապատրաստման հիմքը ռազմական ենթակառուցվածքի3 ստեղծումն է, որն ապահովում է ռազմական գործողությունների վարման համար անհրաժեշտ պայմաններ և զորքերի (ուժերի, սպառազինության նմուշների) մարտական հնարավորությունների առավել ամբողջական իրացում:
Իր հերթին ցանկացած երկրի ենթակառուցվածք, այդ թվում Հայաստանի Հանրապետության, կարելի է բաժանել ռազմական, քաղաքացիական և երկակի նշանակության ենթակառուցվածքների։ Փորձենք բացատրել նշված հասկացությունների էությունը:
Ռազմական ենթակառուցվածքը ռազմական օբյեկտների և առանձին կառույցների ամբողջություն է, որոնք նախատեսված են զորքերի կողմից զինված պայքարի ռազմավարական, օպերատիվ-ռազմավարական, օպերատիվ-մարտավարական և մարտական խնդիրների կատարումն ապահովելու, ինչպես նաև խաղաղ ժամանակ զորքերի ամենօրյա պատրաստումն ու ռազմական արտադրությունը սպասարկելու համար4: Այս համատեքստում ռազմական ենթակառուցվածքում տարբերում են ստացիոնար օբյեկտներ, որոնց թվին են դասվում զորքերի տեղակայման վայրերը, ռազմաուսումնական հաստատությունները, կառավարման կետերը, հրթիռային և ավիացին ռազմաբազաները, ՀՕՊ համակարգերն ու կապի հանգույցները, հրթիռային դիրքերը, օդանավակայանները, կամուրջները, պահեստները, հրաձգարանները, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, խողովակաշարերը, ներքին ջրային ուղիները, տեղանքի ինժեներական սարքավորումները և այլն: Ոչ ստացիոնար օբյեկտների թվին են դասվում շարժական (օդային) կառավարման կետերը և կապի օբյեկտները, ժամանակավոր սարքավորված թռիչքուղիները, բեռնաթափման (բեռնման) կետերը, անցատեղերը և այլն5:
Քաղաքացիական ենթակառուցվածքը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավասության տակ գտնվող օբյեկտների համակարգ է, որոնք օգտագործվում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով:6
Երկակի նշանակության ենթակառուցվածքը գործադիր իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավասության տակ գտնվող օբյեկտների համակարգ է, որն օգտագործվում է (կամ նախատեսված է օգտագործել) ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ պաշտպանության նպատակով:
Հետագա շարադրանքն առավել մատչելի դարձնելու համար մենք կիրառելու ենք «պաշտպանական ենթակառուցվածք» հասկացությունը, որն ըմբռման տեսանկյունից միավորում է ռազմական ենթակառուցվածքի և երկակի նշանակության ենթակառուցվածքի օբյեկտները:
Ժամանակակից պայմաններում զորքերի (ուժերի) ցանկացած խմբավորման հաջող ծավալումն անհնար է առանց պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծման և ընդլայնման։ Առանց այդ միջոցառումների նախօրոք պատրաստման դժվար է խոսել հակամարտության շրջանում ռազմական ուժի արդյունավետ կիրառման մասին, քանզի ռազմական գործողությունները ենթադրում են նախևառաջ պետության (այդ թվում ենթակառուցվածքի) ռազմատնտեսական ներուժի ոչնչացում, առանց որի զինված ուժերի կիրառումը հնարավոր չէ: Ուստի, երկրի տարածքի օպերատիվ սարքավորման հիմնահարցը դառնում է կենսական խնդիր:
Պարսից ծոցի, Հարավսլավիայի, Արցախյան երկրորդ և Ուկրաինայի պատերազմների փորձը ցույց է տալիս, որ ԶՈւ գործողություններն առաջին հերթին ուղղված էին պաշտպանական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացմանը: Պաշտպանվող կողմի զորքերի հետագա գործողությունները հիմնա¬կանում կաշկանդված էին ենթակառուցվածքի օբյեկտների անբավարար զարգացած ցանցի և ռազմական գործողությունների ընթացքում դրանց դանդաղ վերականգնման պատճառով, ինչը սահմանափակում էր զորքերի մարտական հնարավորություններն ու խուսավարումը: Հետևաբար, հենց պաշտպանական ենթա¬կառուցվածքի պատրաստման որակն է մեծապես որոշում ռազմական ուժի կիրառման արդյունավետությունը և կանխորոշում պատերազմի հաջողությունը։
Միայն համապատասխան պաշտպանական ենթակառուցվածքի առկայությունը կարող է ապահովել ժամանակակից սպառազինության տեսակների մարտական կիրառման անհրաժեշտ արդյունավետությունը։ Մասնավորապես՝ կառավարման կետերը, հատկապես կարևոր տեղամասերում ամրացված շրջանների ստեղծումը, նոր ճանապարհային ցանցի ստեղծումը, մարտական դիրքերի սարքավորումը, տեխնիկական սպասարկման կետերը, նավագնացական, տեղաերկրաբաշխական, օդերևութաբանական աշխատնքների իրականացումը, պարեկային երթուղիները, կապի հանգույցները, էլեկտրահաղորդման գծերը և այլն:
Հաշվի առնելով ՀՀ աշխահաքաղաքական բարդ իրավիճակը և հավանական հակառակորդի կողմից օբյեկտների խոցման աճող հնարավորությունները, անհրաժեշտ է երկրի տարածքի պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման և հետագա կատարելագործման նոր մոտեցումների որոնում: Ընդ որում, ենթակառուցվածքի ստեղծումը պետք է ընթանա պլանաչափորեն՝ ընդգրկելով պետության համար ռազմական սպառնալիքները, ինչը կօգնի տնտեսել առանց այդ էլ պաշտպանության համար հատկացվող սակավ բյուջետային միջոցները:
Հնարավոր ռազմական հակամարտությունների լուծման շահերից ելնելով ՝ կարելի է սահմանել պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման մի շարք գերակա ուղղություններ, որոնք կարող են ընդհանուր հիմք ծառայել ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորման համար։ Դրանցից են.- պաշտպանական ենթակառուցվածքի գոյություն ունեցող օբյեկտների անխափան գործունեության ապահովումը;
- զորքերի և զենքի կառավարման ապահով համակարգի ստեղծումը;
- հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության շարակարգված համակարգի ստեղծումը;
- հնարավոր զինված հակամարտության շրջանում օդանավակայանային (հատկապես ուղղաթիռային) ցանցի ստեղծումը;
- իրական ժամանակում գործող միացյալ հետախուզական-տեղեկատվական կենտրոնի ստեղծումը;
- հնարավոր ռազմական գործողությունների շրջաններում բազաների, պահեստների և զինանոցների ընտրությունը, ապակենտրոնացումն ու պատսպարումը;
- թիկունքային ապահովման միջտեսակային միասնական համակարգի սահմանված նորմերի շրջանակներում ՎՔՆ-երի, պարենի և այլ ռազմական գույքի պաշարների ստեղծումը;
- սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման բազաների ստեղծումը7:
Գնահատելով ժամանակակից իրադրության հնարավորություններն ու պայմանները՝ անհրաժեշտ է ընդունել, որ տվյալ խնդիրը կարելի է լուծել միայն պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման բոլոր հարցերի մանրակրկիտ գիտական մշակման պայմանով: Այսինքն՝ գիտականորեն հիմնավորված սկզբունքների հիման վրա ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման հայեցակարգի մշակմամբ: Որպես ՀՀ պաշտպանական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության և զարգացման հիմնական սկզբունքներ կարելի է համարել.- երկրի տարածքի օպերատիվ սարքավորման միասնական համապետական պլանավորումը,
- ելնելով ՀՀ ռազմական անվտանգության սպառնալիքների գնահատումից երկրի տարածքի օպերատիվ սարքավորման միջոցառումների անցկացման գերակայությունը,
- ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման միջոցառումների վաղօրոքությունն ու նպատակասլացությունը,
- պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի համապատասխանությունը զորքերի օպերատիվ-ռազմավարական խնդիրներին ու դրանց կիրառման պայմաններին,
- պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման համալիրությունն ու համաձայնեցվածությունը,
- ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ կենտրոնացման ու ապակենտրոնացման համադրումը,
- պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման գիտականությունը, մեթոդների և ուղղությունների հիմնավոր ընտրությունը,
- տարածքի օպերատիվ սարքավորման նախապատրաստական և հետազոտական աշխատանքների վաղօրոք անցկացման իրականացումը:
Հարկ է նշել, որ պետության պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումն ինքնանպատակ չէ։ Այս հարցերը լուծելիս շոշափվում են ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև այլ գերատեսչությունների շահերը։ ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքում ասվում է, որ «Պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, այդ թվում՝ քաղաքացիների պաշտպանվածությունը, ռազմական սպառնալիքներից ապահովելու նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ բնույթի միջոցների կիրառման ու միջոցառումների իրականացման ընդհանրություն է»8: Հետևաբար, հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորումը պլանավորելիս, բացի ԶՈՒ ենթակառուցվածքի զարգացման միջոցառումներից, պետք է ներառվեն այլ նախարարությունների և գերատեսչությունների միջոցառումները։ Արդյունքում պլանը պետք է ունենա համապետական պլանի կարգավիճակ:
Այսպիսով, ելնելով ՀՀ տարածքի պաշտպանության նախապատրաստության խնդրի կարևորությունից, պետական մակարդակով անհրաժեշտ է լուծել ղեկավարման մարմնի և գործադրի մեխանիզմի ստեղծման հարցը, որը կառավարության մակարդակով կդիտարկի պլանավորման, ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքի զարգացման վերահսկողության հարցերը՝ ի շահ պաշտպանության:
Մեր կարծիքով պաշտպանական ենթակառուցվածքի զարգացման և կատարելագործման պլանավորման համար այդպիսի կառույց պետք է ստեղծվի նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում: Բացի այդ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել նախարարությունների և գերատեսչությունների հետ փոխգործակցության, ինչպես նաև սարքավորման բոլոր միջոցառումների ֆինանսավորման ու վերահսկողության կարգը:
Հարկ է նշել, որ մինչ օրս բավականաչափ գործնական փորձ չի կուտակվել ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման վերաբերյալ պլանավորող փաստաթղթերի մշակման գործում: Աշխատանքը բարդանում է նաև տնտեսության շուկայական համակարգին անցնելու դժվարություններով, սեփականության տարբեր ձևերի գոյությամբ, պլանային, ֆինանսական ապահովման խախտմամբ և երկակի նշանակության ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության ցանկի կրճատմամբ, ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման կազմակերպման նորմատիվ-իրավական բազայի խիստ դանդաղ մշակմամբ, ռազմական նշանակության օբյեկտների տեղաբաշխման նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքի ակտիվացմամբ և այլ հանգամանքներով:
Վերը նշված խնդիրների լուծումը, մեր կարծիքով, կախված է նորմատիվ-իրավական բազայի ստեղծումից և որպես գործընթացի սկիզբ նշված ուղղություններով ՀՀ պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծման ու կատարելագործման պլանային գործունեության դիտարկումից։
Կարևորագույն հարցերից է նաև ՀՀ քաղաքների (բնակավայրերի) պաշտպանական ենթակառուցվածքի հիմնախնդիրը:
Արցախյան երկրորդ պատերազմը կարևոր հարց բարձրացրեց՝ բնակչության պատսպարման կազմակերպման առումով ինչքանո՞վ ենք մենք պատրաստ պատերազմի։
ՀՀ-ում սահմանվել է երեք տեսակի պաշտպանական կառույց՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Պարզագույն թաքստոցները նկուղային հարկերն են, ստորգետնյա ավտոկայանատեղիները, գետնանցում¬ները և այլ խորացված տարածքները։ Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները քաղաքացիական պաշտպանության հատուկ կառույցներ են, որոնք նախատեսված են պատերազմի ժամանակ գործունեությունը շարունակող կարևոր կազմակերպությունների աշխատակիցների պատսպարման համար9։
Բնակելի և հանրային շենքերի նկուղներ10: Բնակելի ֆոնդի հարմարեցված առաջին հարկերը, նկուղները և կիսանկուղները, ըստ օրենքի, կարող են ծառայել որպես տարբեր տիպի թաքստոցներ: Սակայն, նկուղների հետ կապված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառնեռով առաջացել են տարաբնույթ խնդիրներ: Այսպես՝ ոչ բոլոր շենքերում նկուղներ կան։ Մի մասի դեպքում նկուղային հատվածը շենքի անհրաժեշտ խողովակների անցկացման համար են նախատեսված, մի մասում էլ աղբ է կուտակված:
Նկուղների որոշ մասը մասնավորեցված է, կամ վարձակալությամբ շահագործվում է։ Ինչպե՞ս պետք է լուծվի այդ շենքերի բնակիչների խնդիրները։ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների սեփականության տիրապետումը և ժամանակավոր օգտագործումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել հետագա համարժեք փոխհատուցմամբ …Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»11։
Սակայն կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները12:
Հանրային նշանակությամբ շենքերում քաղպաշտպանական ենթակառուցվածք ստեղծելը պարտադիր էր 1974 թվականից իվեր։ ԽՍՀՄ պետշինից ուղղարկված նորմերի համաձայն, բոլոր նախագծերում անպայման նկուղային հարկերը կառուցվում էին այնպես, որ խաղաղ ժամանակ դրանք օգտագործվեին այլ նպատակներով, իսկ պատերազմի ժամանակ կամ արատակարգ իրավիճակների դեպքում վերածվեին թաքստոցների (ապաստարանների)։ Նախագծային ինստիտուտները պարտադիր ունենին ապաստարանների նախագծման վերահսկման ապահովման մասնագետներ։ Սակայն այդ ամենը անկախ Հայաստանի պայմաններում սեփականաշնորհվել են, չկան նաև վերահսկող մասնագետները և թաքստոցները (ապաստարանները), որպես այդպիսիք, այլևս գոյություն չունեն:
Ստորգետնյա գետնանցումներ և թունելներ: Քաղաքներում առկա ստորգետնյա գետնանցումների մեծ մասը բավարար վիճակում են և կարող են ծառայել որպես բնակչության պատսպարման կարճաժամկետ միջոց: Ինչ վերաբերվում է թունելներին ի դեմս մետրոպոլիտենի, ապա պետք է հաշվի առնել հետևալ հիմնախնդիրները. Երևանի մետրոպոլիտենի շատ կայարաններում բացակայում են արտաքնոցները, մեծ է մարդկանց գծերի վրա ընկնելու հավանականությունը, կայարաններում կարող են ապաստանել միայն 50-60 հազար քաղաքացի, և որ այդ մարդիկ այնտեղ ավելի ապահով զգալու պատճառով կարող են գայթակղվել և մնալ այնտեղ օր ու գիշեր13: Պետք է նկատառել մեկ հանգամանք ևս, չնայած մետրոն պատսպարման առումով (ամուր ծածկույթ, հողի հաստ շերտ) առավել ապահով է, այնուամենայնիվ ունի պաշտպանության իր սահմանա¬փակումները: Ենթադրվում է, որ 250-500 կգ կշռող բարձր պայթուցիկ ֆուգասային և բետոնը ծակող արկերը (ռումբերը), ճշգրիտ հավածի դեպքում, ունակ են քանդել թունելների ծածկերը (հավանաբար, երբ դրանք մակերեսային են: Բացի այդ, Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից, միայն 7 է ստորգետնյա)14:
Ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Որպես կանոն, բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն ստացած նախագծերի գերակշռող դեպքերում պարտադիր պայման է ստորգետնյա ավտոկայանատեղին: Դրա հիմնական նպատակներից է նաև բնակիչների անվտանգության ապահովումը։ Բնակչության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ավտոկայանատեղիները կառուցելիս դրանք համապատասխանեն որոշակի չափանիշների:
Համաձայն ՀՀ կառավարության 2021թ. մարտի 25-ի N 410-N որոշման «Նախագծման թույլտվությունը (առաջդրանքը)… սահմանում է քաղաքաշինական օբյեկտի… նախագծային փաստաթղթերի մշակմանը ներկայացվող պարտադիր պայմաններն ու սահմանա¬փակում-ները…: Առաջադրանքը ներառում է. 1)… քաղաքացիական պաշտպանության պաշտպանա-կան կառույցների… նկատմամբ սահմանված պահանջներն ու այլ նորմատիվ սհմանա-փակումները (քաղաքացիական պաշտպանության պահանջները վերաբերվում են կառուցվող, վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի)… ստորգետնյա ավտոկայանատեղրին… դրանք որպես ապաստարաններ և (կամ) թաքստոցներ նախատեսելու պարտադիր դրույթի սահմանմանը»15:
Սակայն Հայաստանում չի հանդիպել գեթ մեկ կառուցապատող (պատվիրատու), ով իր առջև ապաստարան նախագծելու հարց դնի։ Քանզի կառուցապատողին (պատվիրատուին) դա, հատկապես ֆինանսապես, ձեռնտու չէ։ Չնայած պետությունը պահանջ է դրել կառուցապատողի առջև, սակայն մասնագետների կարծիքով, ավտոկայանատեղին չի կարող օգտագործվել որպես ապաստարան (առավելագունը կարող է հանդիսանալ որպես թաքստոց), որովհետև այն նախագծման այլ մոտեցում է ենթադրում՝ սկսած դռան ձևից, ծածկի ու պատերի հաստությունից`մինչև օդափոխության համակարգ։ Այսինքն, բացի պահանջից անհրաժեշտ է մշակել կառուցապատման ժամանակից նորմեր,կամ նորացնելով նախկինը՝ կյանքի կոչել:
Ինչ վերաբերում է ապաստարաններին, Խորհրդային տարիներից հետո բնակչության համար նորերը չեն կառուցվել։ Եղածի մի մասն էլ մասնավորեցվել է։
Քաղաքացիական պաշտպանության, պաշտպանական կառույցների նախագծման և կառուցման ոլորտը կարգավորող գործող նորմեր չկան, անհրաժեշտության դեպքում առաջնորդվում են Խորհրդային Միության նորմատիվ փաստաթղթերով։ Ներկայում Քաղաքաշինության կոմիտեի պատվերով նախագծող կազմակերպությունների հետ կնքվել է պաշտպանական կառույցների շինարարական նորմերի մշակման աշխատանքների պայմանագիր։ Հուսանք, որ այս նախաձեռնությունները վերջնական լուծում կստանան:
Եզրակացություն
ՀՀ տարածքը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի նախապատրաստման էությունից բխող խնդիրները պետությունը կարող է լուծել, եթե.
- հարցերը ի սկզբանե ճիշտ և լիարժեք են ձևակերպվել,
- մշակվել է ռազմագիտական և տնտեսագիտական առումով, հաշվի առնելով համաշխարհային փորձը,
- դրանք արտացոլվել են հատուկ իրավական ակտերում և տնտեսության զարգացման պլաններում,
- այն իր տեղը գտել է բարձրագույն զինվորական և քաղաքացիական ծառայության մասնագիտական կրթության համակարգի ուսաումնական ծրագրերում,
- ընդունվել է փաստաթղթային համակարգի ձևը, որը պատրաստ է անհապաղ կյանքի կոչվելու,
- մշակվել է օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում,
- այն հանդիսանում է ՀՀ պաշտոնատար անձանց պարտականությունների և անձնական պատասխանատվության անքակտելի մասը:
Շարունակությունը՝ 1.4. Ռազմավարական հետախուզություն
___________
- Ռազմաբեմ
- Подготовка театра военных действий
- Ենթակառուցվածքը օտարերկրյա ռազմական գրականության մեջ դիտարկվում է որպես ստացիոնար օբյեկտների համակարգ, որը նախատեսված է ՌԳԹ-ում զորքերի ապահովման, ուսուցման, տեղակայման ու մարտական գործողություններ վարելու համար տարածություն, որն ներառում է կառավարման կետեր, հրթիռային սպառազինության դիրքեր, օդանավակայաններ, կապի համակարգեր, պահեստներ, ռազմաբազաներ, հրաձգարաններ, խողովակաշարեր, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ճանապարհներ և այլն:
Роль оперативного оборудования территории страны в повышении эффективности применения ракетного вооружения
Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքի տակ պետք է հասկանալ ՀՀ տարածքում գտնվող օբյեկտների ամբողջությունը, որոնք ապահովում են պետության ինստիտուտների, կազմակերպությունների գործունեությունը՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից ու քաղաքացիների կենսագործունեությունից: - ВОЕННАЯ ИНФРАСТРУКТУРА
- ИНФРАСТРУКТУ́РА ВОЕ́ННАЯ
- Роль оперативного оборудования территории страны в повышении эффективности применения ракетного вооружения
- В.Л.Захаров, А.В.Соколов. Роль оперативного оборудования территории страны в повышении эффективности применения ракетного вооружения// Военная мысль N 2, 2008, էջ 32-39
- ՀՀ ՕՐԵՆՔԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Երևանի պաշտպանական ենթակառուցվածքը
- Ծանոթագրություն: Ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների մայրաքաղաքում հաշվառված է 1-9 և ավելի բարձր հարկ ունեցող 4835 բազմաբնակարան շենք, որոնցից 4-րդ աստիճանի վթարային է 8 շենք, 3-րդ կարգի վթարային են՝ մոտ 100-ը:
- ՀՀ ՕՐԵՆՔԸ` ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Բնակչության պաշտպանություն
- SHELTER POLICY
- Линник А. М. Воздушная угроза и оборона промышленного объекта. - М.-Л.: Оборонгиз, 1939. - 104 с. էջ՝ 22
- ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
___________
Հրապարակվել է 20/10/22