ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ

  1. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆԸ
    1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
    2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
    3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
    4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն
  2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
    1. Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
    2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը
  3. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
    1. Բնակչության նախապատրաստումը բարոյահոգեբանական առումով
    2. Բնակչության նախապատրաստումը քաղաքացիական պաշտպանության առումով
    3. Բնակչության ռազմական նախապատրաստումը

ՀՀ բնակչության նախապատրաստումը պատերազմին կազմակերպվում և իրականացվում է խաղաղ ժամանակ, որպես կանոն՝ երեք հիմնական ուղղություններով: Նախ, բնակչությանը անհրաժեշտ է նախապատրաստել բարոյահոգեբանական առումով, երկրորդը՝ նախապատրաստել ոչնչացնող զենքերից պաշտպանվելու և հարձակման հետևանքները վերացնելու առումով, որը սովորաբար կոչվում է քաղաքացիական պաշտպանության նախապատրաստում, և երրորդը՝ բնակչության նախապատրաստումը ռազմական առումով:

Նախապատրաստությունների այս բոլոր տեսակները փոխկապակցված են և լրացնում են միմյանց:
  1. 3.1. Բնակչության նախապատրաստումը բարոյահոգեբանական առումով նշանակում է իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք ուղղված պետք է լինեն բնակչության հայրենասիրական դաստիարակությանը, տեղեկատվական, հոգեբանական, սոցիալական և մշակութաժամանցային աշխատանքների կազմակերպման ապահովմանը:

    • 3.1.1. Բնակչության հայրենասիրական դաստիարակության1 նպատակը հայրենասիրության՝ որպես անձի հատկության և հասարակության հոգևոր վիճակի, հասարակության և տնտեսական կայունության պահպանման, ՀՀ հզորության, հայ ժողովրդի միասնության ամրապնդման խնդիրների լուծումն ապահովող ազգային ինքնագիտակցության տարրերի ձևավորմանը նպատակաուղղված ազդեցության համակարգի կազմակերպումն է:

      ՀՀ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության հաջողության գրավականը անմիջականորեն պայմանավորված է ստորև թվակված ուղղություններով պետական մարմինների, գերատեսչությունների, գիտակրթական համակարգի, հասարակական կազմակերպությունների, եկեղեցու համակարգված գործունեությամբ:

      Ա. Հոգևոր-բարոյական ուղղությունը վերաբերվում է անձի՝ բարձրագույն արժեքների, իդեալների ու կողմնորոշիչների, իրական կյանքի սոցիալապես նշանակալի գործընթացների ու երևույթների գիտակցմանը, դրանցով որպես որոշիչ սկզբունք և դիրքորոշում ղեկավարվելու ունակությանը: Այն ներառում է.
      • մշակույթի և կրթության զարգացում,
      • այն գաղափարի գիտակցումը, հանուն որի դրսևորվում է Հայրենիքին արժանապատվորեն ծառայելու պատրաստակամությունը,
      • վարքի բարձր բարոյական, մասնագիտական-բարոյագիտական նորմերի, զինվորական պատվի, պատասխանատվության և կոլեկտիվիզմի հատկանիշների ձևավորումը:

      Բ. Պատմական ուղղությունը կենտրոնացնում է ջանքերը հանուն պատմական արմատների ճանաչման և Հայրենիքի ու նրա ճակատագրի անկրկնելիության, դրանց անբաժանության, մերօրյա սերնդի՝ նախնիների ժառանգորդը լինելու համար հպարտության, հասարակության ու պետության մեջ տեղի ունեցող ամեն ինչի համար պատմական պատասխանատվության գիրակցման վրա: Այս ուղղությանն են վերաբերվում.
      • համաշխարհային պատմության հոլովույթում Հայրենիքի բազմադարյան պատմության տեղի ու դերի ուսումնասիրությունը,
      • հասարակության զարգացման ու ամրապնդման ուսումնասիրությունը,
      • հայ ժողովրդի մտածելակերպի, բարքերի, սովորույթների ու ավանդույթների, տարբեր սերունդների հերոսական անցյալի իմացությունը:

      Գ. Քաղաքական-իրավական ուղղությունը նախատեսում է քաղաքացիական և սահմանադրական պարտքի, հասարակության ու պետության քաղաքական և իրավական իրադարձությունների, հանրապետության անվտանգության հայեցակարգի հիմնական դրույթների, այդ թվում՝ ռազմական, հասարակության ու պետության քաղաքական համակարգում ՀՀ ԶՈՒ և ուժային այլ կառույցների տեղի ու դերի խոր գիտակցության ձևավորում: Այն ներառում է.
      • օրենքների, հատկապես ՀՀ քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների, պաշտպանական գերատեսչության գործառույթների և գործունեության իրավական հիմքերի պարզաբանումը,
      • զինվորական երդման, հրամանատարների (պետերի), պաշտոնատար անձանց պահանջների գիտակցումը:

      Դ. Սոցիալ-մշակութային ուղղությունը նախատեսում է հայրենական քաղաքակրթության ձեռքբերումների հիման վրա անհատի ընդհանուր զարգացման կարևորա¬գույն բաղադրիչի ձևավորումը: Այն ներառում է.
      • հոգևոր բարձր մշակույթի ձևավորումը,
      • մշակութային պահանջմունքի բավարարումը,
      • մասնագիտական գործունեության, կյանքի ու կենցաղային պայմանների հարստացումը մշակույթի ու գեղագիտության տարրերով,
      • քաղաքացիների տարբեր կատեգորիաների շփման և փոխհարաբերությունների կուլտուրայի զարգացումը:

      Ե. Գաղափարահայրենասիրական ուղղությանը վերաբերվում է այն կարևորագույն հոգևոր-բարոյական, մշակութային ու պատմական արժեքների յուրացումը, որոնք արտացոլում են մեր հասարակության ու պետության ձևավորման և զարգացման ազգային ինքնագիտակցության, կենսակերպի, աշխարհընկալման ու հայ ժողովրդի ճակատագրի առանձնահատկությունները: Այն ներառում է.
      • հայ ժողովրդի առաքիննությունների, ստեղծած արժեքների, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա բերած պատկառելի ավանդի ճանաչումը,
      • հայ ժողովրդին պատկանելու համար հպարտության զգացման, ազգային սրբությունների և խորհրդանիշների նկատմամբ հարգանքի դաստիարակումը,
      • հայ ազգի, հանճարի, նրա կարողությունների նկատմամբ հավատի ձևավորումը,
      • ժողովրդի ցավին և հրճվանքին, հպարտություններին ու սպառնացող վտանգին հաղորդակից լինելը,
      • Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո և անմնացորդ նվիրվածության, հասարակությանն ու պետությանը արժանապատվորեն ու անձնվիրաբար ծառայելու պատրաստակամության դաստիարակումը:

      Զ. Մասնագիտական գործունեության ուղղությունը, ջանքերը կենտրոնացնում է Հայրենիքին ծառայելուն վերաբերվող աշխատանքի նկատմամբ բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունքի, ծառայողական պարտականություններին ու առաջադրված խնդիրները որակով կատարելու նպատակով մասնագիտական-աշխատանքային հմտություն դրսևորելու ձգտում ձևավորելուն: Այն ներառում է.
      • անհատի մասնագիտական գործունեության ինքնադրսևորման դրդապատճառները, նպատակներն ու խնդիրները, արժեքային կողմնորոշիչները, մասնագիտական հավակնություններն ու գործունեության բարձր արդյունքների հասնելու նպատակադրվածությունը,
      • ծառայողական պարտականությունները արդյունավետությամբ կատարելու, մասնագիտական աճին միտված ծրագրեր կազմելու և իրականացնելու ունակությունը:

      Է. Ռազմասոցիալական ուղղությունը, մի կողմից, միտված է ռազմական կառավարման նկատմամբ դրական վերաբերմունքի զարգացմանը, որը նպատակաուղղված է զինվորական կոլեկտիվներում նորմալ կենսագործունեությունն ապահո¬վող սոցիալական պայմանների և երաշխիքների ստեղծմանը, օրենքներով և այլ իրավական ակտերով հաստատված սահմանադրական պարտականություններն ավելի բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարելու իրավունքների և արտոնությունների իրականացման արդյունքների գիտակցմանը: Այն պետք է ներառի.
      • զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենքների և նորմատիվ ակտերի մասին իրազեկումը,
      • զինվորական կոլեկտիվներում ձևավորված սոցիալական գործընթացների ուսումնասիրությունն ու կանխատեսումը,
      • սոցիալական պաշտպանության, ծառայողական հարաբերություններում և սոցիալ-կենցաղային հարցերը լուծելիս սոցիալական արդարություն պահպանելու վերաբերյալ որոշակի միջոցների իրականացումը:

      Մյուս կողմից՝ զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի զարգացմանը, այսինքն՝ զինծառայության վարքի (հեղինակություն, գրավչություն) զարգացմանը:2 Այստեղ անհրաժեշտ է միմյանցից տարբերել ա) հասարակական վստահությունը զինված ուժերի ու զինծառայողի հանդեպ և բ) հասարակության վստահությունը զինծառայության նկատմամբ: Զինված ուժերի և զինծառայողների նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտարկել, նախ այն հասարակական արժեքների և կողմնորոշումների համակարգում, որոնք վերաբերվում են հասարակության ինստիտուցիոնալ կառուցվածքին, այդ կառուցվածքային միավորումների համեմատությանն ու գնահատմանը: Երկրորդ. զինծառայությունը պատկանում է այն արժեքներին, որոնք գործառնական բնույթ ունեն և գնահատվում են որպես հասարակության տարբեր ինստիտուտների համապատասխան գործառույթներ: Այլ կերպ ասած՝ բանակի հեղինակության աստիճանը պետք է համեմատել հասարակական-պետական այլ ինստիտուտների նկատմամբ հասարակական վերաբերմունքի հետ, իսկ զինծառայությունը՝ սոցիալական այն դերերի համատեքստում, որոնց միջև կարող է ընտրել քաղաքացին:

      Բանակի և զինծառայության հասարակական վարկանիշն ու հեղինակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է.
      • քաղաքացիների, այդ թվում զինակոչիկների և զինծառայողների ծնողների, հարազատների հոգում ձևավորել դրական վերաբերմունք զինվորական ծառայության նկատմամբ,3
      • զինծառայողների հոգում սերմանել զինծառայության նկատմամբ դրական վերաբերմունք:4

      Ը. Ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությունը ենթադրում է ՀՀ քաղաքացիների հոգում Հայրենիքը պաշտպանելու պատվի ձևավորումը, կարգապահության, զինվորական բարձր ոգու, կամքի համարձակության, վճռականության, հավատարմության արմատավորումն ու ամրապնդումը: Այն ներառում է.
      • հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում Արցախյան պատերազմների հերոսների, վետերանների պարբերական հանդիպումների կազմակերպումը,
      • ազգային-ազատագրական պայքարին առնչվող գրականության ուսումնասիրումն ու ռազմահայրենասիրական թեմաներով շարադրությունների հանրապետական մրցույթների անցկացումը,
      • հայ ժողովրդի ռազմարվեստի պատմության և զինվորական ավանդույթների ուսուցումը,
      • հերոսամարտերի նահատակների հիշատակը հավերժացնող փառքի սրահների, անկյունների, թանգարանների ու հուշատախտակների ստեղծումը,
      • դպրոցականների ֆիզիկական զարգացումն ու ռազմամարզական մրցույթների կազմակերպումը,
      • դպրոց բանակ կապում տեղեկատվական, քաղաքական և հասարակական տեսակետների հաղորդակցման միասնական մոտեցման մշակումն ու ԶԼՄ-ներում ռազմահայրենասիրական լավագույն փորձի քարոզումը,
      • Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններում ավարտական դասարաններ փոխադրված աշակերտների 5-օրյա ճամբարային հավաքների կազմակերպումը, ռազմապաշտպանական և պաշտպանամարտական խաղերի անցկացումը,
      • հանրակրթական դպրոցների ռազմագիտության դասարանները կահավորման և ուսուցման պարագաներով ու համապատասխան գրականությամբ ապահովման գործընթացը,
      • մարզերում ռազմամարզական վարժարանների ստեղծումը,
      • յուրաքանչյուր տարի պահեստուժի 20-ից 55 տարեկան տղամարդկանց զինծառայության 2-3 շաբաթյա հավաքների կազմակերպումը՝ անկախ նրանղ զբազեցրած պաշտոնից և դիրքից,
      • ՀՀ զինված ուժերում սփյուռքահայ երիտասարդության ծառայելու հնարավորության ստեղծումը,
      • Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների քրիստոնեական-բարոյական դաստիարակության նպատակաուղղումը ՀՀ քաղաքացիների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանն ու աղաանդավորական շարժման տարածման դեմ պայքարի արդյունավետ և ընդլայնված մեխանիզմների կիրառմանը,
      • ռազմահայրենասիրական երգերի ու պարերի հանրապետական փառատոնի անցկացումը,
      • ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանն ուղղված գիտագործնական կոնֆերանսների կազմակերպումը:

      Թ. Հոգեբանական ուղղությունը նախատեսում է քաղաքացիների շրջանում բարձր հոգեբանական դիրքորոշում, ցանկացած իրավիճակում բարդ և պատասխանատու խնդիրներ կատարելու պատրաստականություն, զինվորական ևքաղաքացիական ծառայության այլ տեսակների դժվարություններն ու զրկանքները հաղթահարելու ունակություն, կոլեկտիվում համակեցության և գործունեության համար անհրաժեշտ այլ հոգեբանական հատկանիշների ձևավորում: Այն ներառում է.
      • հայ ընտանիքների պրոբլեմների ուսումնասիրությունը և նոր պայմաններին համապատասխան գործառնական-դերային հարաբերությունների մշակումը,
      • կոլեկտիվների սոցիալ-հոգեբանական գործընթացների ուսումնասիրումն ու կանխատեսումը,
      • բացասական երևույթների և շեղված վարքի դրսևորումների կանխարգելումը,
      • հոգեբանական լարվածության թուլացումը, սթրեսների հաղթահարումը,
      • կարևորագույն հոգեբանական հատկանիշների ձևավորումը՝ նկատառելով քաղաքացիների տարբեր կատեգորիաների, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի հոգեբանական առանձնահատկությունները,
      • հասարակական, սոցիալական, պետական ինստիտուտների միջոցով հասարակական գիտակցության ձևավորումըև նոր տնտեսական-քաղաքաքկան և գաղափարախոսական պայմաններին համապատասխան,
      • անհատական դաստիարակչական աշխատանքը:

      Ժ. Զինվորական ավանդույթների ոգով դաստիարակության ուղղությունը ՀՀ ԶՈւ-ում հարաբերությունների կայուն, պատմականորեն ձևավորված, սերնդեսերունդ փոխանցվող առանձնահատուկ ձևերի ամբողջություն է՝ վարքականոնի ու նորմերի, հոգևոր արժեքների, բարոյական դիրքորոշումների ու սովորույթների տեսքով, որոնքառնչվում են ուսումնամարտական խնդիրների կատարմանը և զինվորական ծառայության կազմակերպմանը:

      Դաստիարակչական առումով առավել ազդեցիկ զինվորական ավանդույթներ են.
      • հավատարմությունը զիվորական երդմանը և դրոշին,
      • հանուն ժողովրդի, հանուն ընդհանուր հաղթանակի ինքնանվիրումն ու անձնազոհությունը մարտում,
      • զանգվածային հերոսությունն ու արիությունն այն փուլում, երբ վճռվում է Հայրենիքի անկախության խնդիրը,
      • զիվորական խիզախությունը,
      • զինվորական ծառայության դժվարություններն անտրտունջ տանելու կարողությունը,
      • մարդասիրությունը զինծառայողների փոխհարաբերություններում և փոխադարձ վստահությունը,
      • մարդասիրական վերաբերմունքը պարտված թշնամու և գերիների նկատմամբ:

      Ավանդույթներ ոգով դաստիարակությունը ներառում է.
      • փառապանծ զորամիավորումների (զորամասերի) հերոսական ուղու ակտիվ քարոզումը՝ զինվորական խիզախության ու հերոսության օրինակների տարածումը,
      • պատերազմի վետերանների մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումներին,
      • ՀՀ ԶՈՒ զինվորական արարողությունների հագեցումը,
      • զինվորական միջոցառումների կազմակերպումն հերոսների պանթեոնում:

      Այս բոլոր ուղղություններն օրգանապես փոխկապակցված են, միավորված՝ նպատակով, խնդիրներով, աշխարհայացքային-գաղափարական հիմքով, սկզբունքներով, ձևերով ու դաստիարակության մեթոդներով:

      ՀՀ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության նպատակին հասնելու, առաջադրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ է բարդ, ճյուղավորված համակարգի գործառում: Այս առումով պետությունը և նրա կառուցվածքային ստորաբաժանումները պարտավոր են.
      • ա) ապահովել նախադրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական մասնագիտական և այլ տիպի ուսումնական (կրթական) հաստատություններում հայրենասիրական դաստիարակության գործընթացը,
      • բ) Հայրենիքի պաշտպանի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունն ապահովելու համար զանգվածային հայրենասիրական աշխատանք ծավալել հասարակական կազմակերպությունների (շարժումների), ԶԼՄ-ների, ստեղծագործական միությունների, գիտական, երիտասարդական կազմակերպությունների ու քաղաքացի-անհատների հետ:

      ՀՀ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության կարևորագույն կողմը ակտիվ, գործուն անհատ-քաղաքացու, Հայրենիքի պաշտպանի ձևավորման նպատակով իրականացվող դաստիարակության գործառնական հնարավորությունների խորը և բազմակողմանի ուսումնասիրությունն է: Այս ուղղության հետագա արդյունքը պետք է լինի տվյալ գործունեության կառավարման նոր սկզբունքների մշակումը, դրանց իրականացումն ապահովող պայմանների, միջոցների կատարելագործումն ու նորացումը:

    • 3.1.2. Տեղեկատվական աշխատանքը կազմակերպվում և իրականացվում է բնակչությանը օպերատիվ իրազեկելու, նրանում անհրաժեշտ բարոյահոգեբանական որակներ զարգացնելու և դժվարությունները հաղթահարելու պատրաստակամության նպատակով։5

      Տեղեկատվական աշխատանքի հիմնական խնդիրներն են.
      • ձեռնարկություններում և հաստատություններում օպերատիվ իրավիճակի մշտական ուսումնասիրություն, ընդհանրացում, գնահատում և կանխատեսում,
      • համապատասխան ղեկավարության որոշման ընդունման համար եզրակացությունների և առաջարկությունների պատրաստում,
      • բնակչությանն ամենօրյա իրավիճակի մասին շարունակական օպերատիվ իրազեկում, փրկարարական գործողությունների նպատակների և դրաց իրականացման առանձնահատկությունների պարզաբանում,
      • մարդկանց փրկելու համար բնակչությանը պետական բարձրագույն մարմինների որոշումների ժամանակին ներկայացում,
      • բնակչության շրջանում բարձր զգոնության պահպանման անհրաժեշտության դաստիարակում,
      • բնակչության շրջանում այլ մարդկանց կյանքեր փրկած փրկարարների, շարքային քաղաքացիների հերոսական սխրանքների քարոզչություն,
      • արտակարգ իրավիճակներում տեղեկատվական աշխատանք կազմակերպելիս և իրականացնելիս բնակչության շրջանում հասարակական կարծիքի և տրամադրությունների մշտական ուսումնասիրություն, դրանց գնահատում և նկատառում:

      Տեղեկատվական աշխատանքի հիմնական ձևերն ու մեթոդներն են.
      • ղեկավար մարմինների որոշումների համար օպերատիվ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, գնահատում, տեղեկատու և տեղեկատվական նյութերի մշակում, եզրակացությունների և առաջարկությունների պատրաստում,
      • բնակչության իրազեկում, ժողովների, հանրահավաքների, փրկարարական գործողությունների մասնակիցների հետ հանդիպումների անցկացում, ռադիո-տեղեկատվության կոլեկտիվ լսումներ, հեռուստահաղորդումների դիտում և պարբերական մամուլի նյութերի ընթերցում,
      • թերթերի և ամսագրերի ապահովման վերահսկում, բնակչության շրջանում հուշագրերի, թռուցիկների տարածում, պատի թերթերի, տեղեկատվական թերթիկների, տեխնիկական տեղեկագրերի թողարկում, դաշտային գրադարանների աշխատանքի կազմակերպում,
      • դաշտային տեսողական քարոզչության ստենդների, պաստառների լրակազմերի ձևավորում և դրանց շուրջ բացատրական աշխատանքների կազմակերպում,
      • տեղեկատվական ակտիվի (տեղեկատվություն տարածող անձիք, տեղեկատվական թերթիկների խմբագիրներ, պատի թերթերի խմբագրական խորհուրդներ) ընտրություն, տեղաբաշխում, ուսուցում և աշխատանքների կազմակերպում։

    • 3.1.3. Հոգեբանական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի բնկչության հոգեբանական պատրաստությանը, հոգեբանական օգնության ցուցաբերմանը և սոցիալ-հոգեբանական վերականգնմանը:

      Բնակչության հոգեբանական պատրաստությունը, իր հերթին, պետք է ուղղված լինի բնակչության շրջանում մտավոր ճանաչողական գործընթացների, ինտելեկտուալ, հուզակամային որակների զարգացմանը, հոգեկանի և տրամադրության ակտիվացմանը:6

      Իրավիճակի հոգեբանական տրավմատիկ գործոնները հաղթահարելու համար բնակչության հոգեբանական օգնությունը7 պետք է ուղղված լինի.
      • տուժածներին անվտանգ վայր տեղափոխմանը, հոգեբանական տրավմատիկ գործոնների ազդեցության ինտենսիվության դադարեցմանը կամ նվազեցմանը, ինչպես նաև հոգեբանական վնասվածքների աղբյուրների վերացմանը կամ արգելափակմանը,
      • բնակչության հոգեկան վիճակի ախտորոշմանը և շտկմանը, նրա աշխատունակության վերականգնմանը,
      • հոգեբանական աջակցությանը, բնակչության գործունեության բարձրացման համար լրացուցիչ խթանների ստեղծմանը,
      • ծանր հոգեկան վնասվածքներով բնակչության հոսպիտալներ տարհանմանը
      • բնակչության վրա զանգվածային բացասական հոգեբանական ազդեցության բացառման նպատակով բարոյալքված տուժածների տեղայնացմանը և մեկուսացմանը:

      Բնակչության սոցիալ-հոգեբանական վերականգնումը8 պետք է իրականացվի նրանց խաղաղ կյանքի միջավայր վերադարձնելու և առօրյա սոցիալական կապերի և հարաբերությունների համակարգում աստիճանական ներառելու նպատակով:

      Այն ենթադրում է անմիջապես բնակչության ժամանակավոր տեղակայման շրջաններում կամ վայրերում առողջության վերականգնման, ռեադապտացիայի հատուկ ժամանակաշրջանի կազմակերպում այն անձանց համար ովքեր վիրավորվել են, կոնտուզիա կամ հոգեկան վնասվածք են ստացել, ինչպես նաև օգնություն ցուցաբերել «ռազմականացված» հոգեկան ախտանիշներ ունեցողներին:

      Սոցիալ-հոգեբանական վերականգնումը, որպես կանոն, իրականացվում է տարբեր մակարդակների բժշկական կենտրոնների, հիվանդանոցների և հոսպիտալների հնարավորությունների օգտագործմամբ:

    • 3.1.4. Սոցիալական աշխատանքը9 կազմակերպվում և իրականացվում է ռազմական գործողությունների կամ այդ գործողությունների հետևանքով առաջացած վտանգի (արտակարգ իրավիճակի գոտի) շրջանում բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ սոցիալական պայմաններ10 ստեղծելու նպատակով:

      Սոցիալական աշխատանքի հիմնական խնդրներն են.
      • պարզաբանել ռազմական գործողությունների անցկացման իրավական նորմերի օրենքների դրույթները, պատերազմի ժամանակ բնակչության իրավունքներն ու պարտականությունները, նրանց պատասխանատվությունը իրենց աշխատանքային պարտքը կատարելու համար,
      • վերլուծել բնակչության շրջանում սոցիալական իրավիճակը, մարդկանց փրկության առաջադրանքները հաջող կատարելու համար կանխատեսել հնարավոր ազդեցությունները,
      • փրկարարական գործողությունների նախապատրաստման և վարման ընթացքում բնակչության գործունեության ու նախաձեռնության բարձրացման նպատակով բացատրել նրանց՝ հանրապետության, քաղաքային շրջանների սոցիալական հարցերի վերաբերյալ բարձրագույն ղեկավարության որոշումները,
      • բնակչությանը խորհրդատվական օգնություն ցուցաբերել սոցիալական խնդիրների լուծման, աշխատանքային կարգապահության, կազմակերպման և օրենքի գերակայության բարձրացման գործում:

      Սոցիալական աշխատանքի հիմնական ձևերն են.
      • մարզերի, տնտեսության օբյեկտների ղեկավարության, քաղաքային իշխանությունների համար բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպման, աշխատանքային կարգապահության ու կարգուկանոնի բարելավման և հանցագործությունների կանխարգելման խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով առաջարկությունների նախապատրաստումը,
      • հանրային հանդիպումների ու քննարկումների կազմակերպումը,
      • անձնական հարցերի վերաբերյալ տարբեր մակարդակների ղեկավարների կողմից բնակչության ընդունելության կազմակերպումը,
      • սոցիալական հարցերի վերաբերյալ բնակչության բողոքներին ղեկավարության պատասխանները, բնակչության շրջանում սոցիոլոգիական հետազոտությունների անցկացումը:

    • 3.1.5. Մշակութաժամանցային աշխատանքի11 իրականացումը միտված է բնակչության բարոյահոգեբանական և ֆիզիկական ուժերի պահպանմանն ու վերականգնմանը, ինչպես նաև նրանց աշխատանքային գործունեության կազմակերպմանը և բարդ իրավիճակներում դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու ուժերի մոբիլիզացմանը:

      Մշակութաժամանցային աշխատանքի հիմնական խնդիրներն են.
      • ստեղծված իրավիճակային պայմանների հաշվառումով բնակչության հանգստի և ժամանցի կազմակերպում,
      • բնակչության բացասական հուզական վիճակների թուլացում,
      • մասնակցություն հոգեկան վնասվածքներ ստացած բնակչության հոգեբանական վերականգնման միջոցառումներին:

      Մշակութաժամանցային աշխատանքների ձևերն ու մեթոդներն են.
      • բնակչության կինո, հեռուստա - և ռադիոսպասարկումը,
      • գրականությամբ և պարբերականներով ապահովումը,
      • սիրողական և պրոֆեսիոնալ ստեղծագործական կոլեկտիվների ներկայացումների և համերգների կազմակերպումը,
      • թանգարանային նմուշների և արվեստի ցուցահանդեսների կազմակերպումը,
      • մշակույթի և արվեստի գործիչների ելույթների կազմակերպումը,
      • ժամանցային, մշակութազանգվածային, սպորտային-առողջարարական միջոցառումների անցկացում, որոնք պետք է նպաստեն հանգստին և քաղաքացիների բարոյական ոգու բարձրացմանը:

      Այսպիսով, վերոգրյալից հաստակ երևում է, որ բարոյահոգեբանական առումով բնակչության նախապատրաստման համալիր միջոցառումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է որպեսզի իրենց անմիջական մասնակցությունը ցուցաբերեն.
      • 1) գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական բլոկի (առողջապահության, սոցիալական պաշտպանության, կրթության, երիտասարդության հարցերի, զբաղվածության և այլնի) համապատասխան ստորաբաժանումները,
      • 2) գերատեսչական (եթե այդպիսիք գոյություն ունեն) թերթերի, ամսագրերի, ռադիոյի, հեռուստատեսության խմբագրությունները,
      • 3) ակումբները, թատրոնները, այն հիմնարկները և կազմակերպությունները, որոնք ունեն գրադարաններ, հաստիքային և արտահաստիքային համերգային խմբերը, մշակութագեղարվեստական խմբակները և այլ կառույցներ,
      • 4) նվագախմբերը, համույթները և ինքնագործ համերգային համույթները,
      • 5) պատմության թանգարանները, թանգարանները,
      • 6) բնակչության հոգեբանական վերականգնում իրականացնող հիվանդանոցները, հոսպիտալները, մասնավոր բժշկական հիմնարկներն ու հոգեբանական օգնության կենտրոնները, առողջարանային հաստատությունները,
      • 7) ՀՀ հասարակական կազմակերպությունները:

    3.2. Բնակչության նախապատրաստումը քաղաքացիական պաշտպանության առումով նշանակում է իրականացնել համալիր միջոցառումներ ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, տարերային և տեխնածին աղետների, վթարների ու աղետների դեպքում:12 Այլ խոսքերով, քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության13 նպատակը հանրապետությունում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք պատերազմական բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտները:

    Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակի իրականացումանը հասնելու համար անհրաժեշտ է սահմանել խաղաղ և պատերազմական պայմաններում լուծվող խնդիրները:

    Խաղաղ պայմաններում քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները պետք է համարել.
    • քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի ստեղծումը, նրանց նախապատրաստումը, բնակչության ուսուցումը, պաշտպանական միջոցների հետագա զարգացումն ու արդիականացումը, ռեսուրսների պլանային կուտակումը, ուժերի և միջոցների օպերատիվ տեղաբաշխումը,
    • լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների կիրառման ապահովումը:

    Պատերազմական պայմաններում քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները պետք է համարել.
    • բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը,
    • տնտեսության կայուն գործունեության ապահովումը,
    • նյութական և մշակութային արժեքների պահպանությունը,
    • անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն ու դրանց բազմակողմանի ապահովումը:

    Որպես կանոն, քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացումն ապահովող միջոցառումները պետք է մշակվեն և իրականացվեն նախապես` խաղաղ ժամանակ՝ հաշվի առնելով խոցման ժամանակակից միջոցների զարգացումը, ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների առկայությունը: Այն միջոցառումները, որոնք, ելնելով դրանց բնույթից և ծավալից, չեն կարող իրականացվել խաղաղ ժամանակ,պետք է անցկացվեն անմիջական սպառնալիքի առկայության դեպքում:

    Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ է կատարել տարածքների և կազմակերպությունների դասակարգում ըստ նշանակության:

    Ուժերի համալրումը անձնակազմով և տեխնիկայով պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի ապահովի` տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնության ցուցաբերումը; փրկարարական և անհետաձգելի աշխատանքների արդյունավետ իրականացումը; մարդկանց սանիտարական և գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական մշակումը:

    Բնակավայրերում և տնտեսության օբյեկտների գործառութային կայունությունը բարձրացնելու նպատակով, համայնքների և կազմակերպությունների (օբյեկտների) քաղաքացիական պաշտպանության պետերը պետք է ունակ լինեն լրիվ ծավալով և ժամկետներում ապահովելու լուսաքողարկման14 կազմակերպական և ինժեներատեխնիկական անհրաժեշտ միջոցառումների կատարումը:

    Կարևոր է որպեսզի քաղաքացիական պաշտպանության գործընթացները ապահոված լինեն նախապատրաստական միջոցառումների հաստատված կարգերով ու մեխանիզմներով և ընդգրկեն` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը; ազդարարման, կապի և կառավարման համակարգերի, հատկապես՝ մարզային մակարդակում, ստեղծումը և պատրաստականության ապահովումը, ժամանակակից կառավարման կետերի հիմնումն ու կատարելագործումը; քաղաքացիական պաշտպանության առկա պաշտպանական կառույցների նախապատրաստումը, կահավորումը, պահպանումը, բարեկարգումն ու արդիականացումը; անհատական պաշտպանության միջոցների15 և հատուկ սարքավորումների պահուստների ստեղծումն ու դրանց պահպանումը; բնակչության, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտիներ տարհանման16 նախապատրաստման կազմակերպումը; տնտեսության կայուն գործունեությունն ապահովող միջոցառումների մշակումն ու դրանց իրականացման կազմակերպումը; քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումն ու նախապատրաստումը; ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումն ու գործունեության ապահովումը; կառավարման մարմինների նախապատրաստումը և բնակչության ուսուցումը; տուժած բնակչության և գյուղատնտեսական կենդանիների առաջնահերթ կենսապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստումը; կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի ստեղծումը:

    Խաղաղ ժամանակ անհրաժեշտ է ստեղծել պաշտպանական կառույցների ֆոնդ` ապաստարանների շինարարության հաշվին; գոյություն ունեցող կառույցների հարմարեցման, վերակառուցման և նոր կառուցվող շենքերի և շինությունների առանձին տարածքների, որպես պաշտպանական կառույցներ, հարմարեցման հաշվին; քաղաքների և բնակավայրերի ստորգետնյա տարածությունների իրացման ընթացքում հատուկ նախագծային լուծումների իրականացման հաշվին: Ռազմական գործողությունների հրահրման անմիջական սպառնալիքի ժամանակ պետք է նախատեսել արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցում:

    Բնակչությանն անհատական պաշտպանական միջոցներով ապահովման նպատակով խաղաղ ժամանակ անհրաժեշտ է ստեղծվել անհատական պաշտպանական միջոցների պահուստ:

    Ինչ վերաբերվում է ֆինանսավորմանն ու նյութատեխնիկական ապահովմանը, ապա, մեր կարծիքով, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից իրականացվող լոկալ ազդարարման համակարգերի ստեղծմանն ու ապահովմանը, պաշտպանական կառույցների շինարարությանն ու պահպանմանը, յուրային անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների, օբյեկտի գործունեության համար անհրաժեշտ այլ գույքի ձեռքբերման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անձնակազմի պատրաստմանն ու աշխատողների ուսուցմանն ուղղված միջոցառումները պետք է ֆինանսավորվեն համայնքային բյուջեների միջոցների հաշվին:

    Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական պաշտպանության բնագավառում ներկայումս հիմնականում ձևավորված է նորմատիվ իրավական հիմքը:17 Իրականացվում են քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության համալիր միջոցառումներ: Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերին: Ժամանակակից պահանջներից ելնելով՝ իրականացվում է բնակչության կենտրոնական ազդարարման համակարգի արդիականացում: Անցկացվել են բնակչության ուսուցման, ղեկավար կազմի, մասնագետների մասնագիտական պատրաստականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ` լայնորեն կիրառելով ժամանակակից ուսուցման մեթոդները և տեխնիկական միջոցները, հրապարակվել են գիտահանրամատչելի ուսւմնական ձեռնարկներ:18 Սակայն, դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում.
    • տնտեսության փոփոխված պայմանները պահանջում են տարածքային, տեղական և օբյեկտային մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության կազմակերպչական հիմքերի հստակեցում, քաղաքացիական պաշտպանության բնագավառում պատասխանատվության բարձրացում և հստակեցում, կառավարման մարմինների միջև քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում,
    • առաջացել է տարածքային վթարափրկարարական կազմավորումների հիմնման, խաղաղ և պատերազմական պայմաններում զինվածության և նյութատեխնիկական ապահովման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման անհրաժեշտություն,
    • քաղաքացիական պաշտպանության ուժերի19 ստեղծումը, տեխնիկական վերազինվածությունն ու նյութատեխնիկական հիմքի ամրապնդումն ընթանում է ոչ բավարար մակարդակով,
    • պահանջվում է բնակչության տեղեկացման և կառավարման համակարգերի հետագա տեխնիկական կատարելագործում, կապի միջոցների արդիականացում և նորագույն կապի համակարգերի և տեխնիկական միջոցների կիրառում,
    • պատերազմական ժամանակաշրջանում զորահամալրումից հետո մնացող ինժեներական տեխնիկան լիովին չի կարող ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացումը,
    • բավարար չէ բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության մակարդակը,
    • ոչ բավարար մակարդակով է իրականացվում քաղաքացիական պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ շինությունների, տրանսպորտային, տեխնիկական միջոցների հաշվառումը, որոնք չեն օգտագործվելու ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից և կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծման նպատակով:

    Բացի այդ, պահանջվում է քաղաքացիական պաշտպանության ուժերի և կառավարման մարմինների օպերատիվ պատրաստվածության մակարդակի բարձրացում: Վարժանքների, ուսումնավարժությունների և մարտավարատեխնիկական պարապմունքների անցկացման մեթոդները պետք է հաշվի առնեն քաղաքացիական պաշտպանության գործունեության նոր պայմանները: Տևական ժամանակ չեն անցկացվել փորձահետազոտական վարժանքներ, ինչը դժվարացնում է տեսական մոտեցումների ստուգումն ու նոր մոտեցումների մշակումը:

    Լուրջ կատարելագործման կարիք ունի քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը: Անհրաժեշտ է ստեղծել ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոն` իր տարածքային (մարզային ու համայնքային) և գերատեսչական ենթահամակարգերով, որը թույլ կտա օգտագործել տեղեկությունների հավաքման, վերլուծության և որոշումների կայացման ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները:20

    Առկա բացթողումները շտկելու համար, մեր կարծիքով, ցուցաբերելով պետական քաղաքական մոտեցում, անհրաժեշտ է իրականացնել ստորև թվարկված միջոցառումները:

    • Ա. Ազդարարման համակարգի ոլորտում.
      • պոտենցիալ վտանգավոր օբյեկտներին հարող տարածքներում ստեղծել բնակչության ազդարարման լոկալ համակարգեր,
      • ազդարարումն ապահովել թվային կապի հանգույցների, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման այդ թվում նաև մալուխային ցանցերի, փողոցային բարձրախոսների և ընդհանուր օգտագործման բջջային ռադիոկապի համակարգերի միջոցով,
      • վերականգնել էլեկտրաշչակներով բնակչության ազդարարման համակարգը:

      Բ. Ինժեներական պաշտպանության բնագավառում.
      • կազմակերպել պաշտպանական կառույցների վիճակի մշտական մոնիտորինգ, դրանք վերանորոգել և համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին,
      • քաղաքաշինության նորմատիվ փաստաթղթերի դրույթները համապատասխանեցնել քաղաքացիական պաշտպանության պահանջներին,
      • ընդունել ստորգետնյա տարածքներում գործող օբյեկտների օգտագործման կարգ,
      • պաշտպանական կառույցներ21 կառուցել օբյեկտներում և բնակելի զանգվածներում ու կահավորել ժամանակակից կենսապահովման միջոցներով,
      • պլանավորել պատերազմի ժամանակ արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցումը, ինչպես նաև կազմել արագ կառուցվող ապաստարանների տիպային նախագծեր ու դրանց համար անհրաժեշտ հավաքովի դետալները:

      Գ. Բժշկական պաշտպանության ոլորտում.
      • կատարելագործել բժշկական պաշտպանության կազմ օրենսդրական հիմքերը,
      • ձևավորել և կահավորել հատուկ գույքով շարժական բժշկական կազմավորումները,
      • ստեղծել անհատական պաշտպանության բժշկական միջոցների անհրաժեշտ պաշարներ:

      Դ. Բնակչության առաջնահերթ կենսապահովման ոլորտում.
      • ընդունել բնակչության առաջնահերթ կենսապահովման նորմատիվ իրավական փաստաթղթեր և ստեղծել առաջնահերթ կենսապահովման միջոցների պահուստային ֆոնդեր,
      • անձնագրավորել բնակչության կենսապահովման օբյեկտները,
      • մշակել բնակչության կենսապահովման օբյեկտների տեղաբաշխման սխեմաներ,
      • մշակել կենսապահովման տեսանկյունից գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման համար նախագծային որոշումներ:

      Ե. Փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման պատրաստականության բարձրացման բնագավառում.
      • ստեղծել քաղաքացիական պաշտպանության ուժերի խմբեր,
      • մշակել հանրապետական գործադիր մարմինների ուժերի միջև փոխգործողությունների պլան,
      • ապահովել ուսումնավարժությունների և վարժանքների ընթացքում քաղաքացիական պաշտպանության օբյեկտային և տարածքային ուժերի փոխգործողությունները,
      • բարձրացնել քաղաքացիական պաշտպանության ուժերի տեխնիկական հագեցվածությունը,
      • ստեղծել քաղաքացիական պաշտպանության ուժերի տեխնիկական միջոցների սպասարկման և վերանորոգման գործող համակարգ,
      • ստեղծել փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ՎՔՆ պահուստներ,
      • կիրառել փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների կատարման գործում ժամանակակից տեխնոլոգիաները:22

      Զ. Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման բնագավառում.
      • կատարելագործել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման աշխատանքները,
      • կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ղեկավար աշխատողների ամրագրման աշխատանքները,
      • ստեղծել և կահավորել ժամանակակից տեխնիկական միջոցներով պահեստային կառավարման կետերը23 (այդ թվում՝ մարզային),
      • ներդրնել կառավարչական որոշումների ընդունման աջակցության ժամանակակից տեղեկատվական ծրագրեր,
      • ստեղծել կառավարման մարմինների կապի ապահովման շարժական կետեր, արդիականացնել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների կողմից օգտագործվող կապի միջոցները, այդ թվում` ռազմական ընդհանուր օգտագործման ժամանակակից կապի միջոցները:

      Է.Մոնիտորինգի համակարգի կազմավորման և զարգացման ոլորտում.
      • հիմնել մոնիտորինգի ժամանակակից կենտրոն և ապահովել ճառագայթային, քիմիական, կենսաբանական, ճարտարագիտական, հրդեհային, հիդրոդինամիկական իրավիճակի մոնիտորինգի իրականացման տեխնիկական միջոցներով,
      • մշակել ու ներդրդնել իրավիճակի կանխատեսման և գնահատման ծրագրեր:

      Ը. Բնակչության ուսուցման, կառավարման մարմինների, մասնագետների նախապատրաստման զարգացման բնագավառում.
      • իրականացնել քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, մասնագետների նախապատրաստման և բնակչության ուսուցման նպատակային համալիր ծրագրեր,
      • պարբերաբար անցկացնել քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային24 և համալիր ուսումնավարժություններ25, շտաբային26 և օբյեկտային27 վարժանքներ և հատուկ մարտավարական ուսումնավարժանքներ28,
      • ստեղծել նոր ուսումնամեթոդական բազաներ, իսկ գոյություն ունեցողները՝ կատարելագործել,
      • ներդնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ,
      • պատանիների համար կազմակերպել ամառային մասնագիտացված ճամբարներ,
      • մշակել և հրատարակել ժամանակակից ուսումնամեթոդական ու հանրամատչելի գրականություն, դիդակտիկ նյութեր,
      • կազմակերպել հեռուստառադիոհաղորդումներ, հիմնել փորձահրապարակներ:

      Թ. Տուժած շրջանների վերականգնման նախապատրաստման բնագավառում.
      • ստեղծել ուժերի խմբավորումներ,
      • որոշել զոհվածների հուղարկավորության վայրերը, ստեղծել հուղարկավորության համար մասնագիտացված կազմավորումներ ու ապահովովել դրանց լրացուցիչ հատուկ միջոցներով և արտահագուստով,
      • հասարակական կարգի պահպանման ուժերի համար ստեղծել լրացուցիչ անհատական պաշտպանական միջոցների պաշարներ,
      • կատարելագործել զոհվածների նույնականացման (իդենտիֆիկացման) և նրանց հուղարկավորության կարգը,
      • մշակել գյուղատնտեսական կենդանիների լեշերի հավաքման և հուղարկավորության կարգ:

    Վերը նշված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն պետք է իրականացվեն փուլերով` ելնելով հանրապետության սոցիալ-տնտեսական պայմաններից և հնարավորություններից:

    3.3. Բնակչության ռազմական նախապատրաստումը29 ժամանակակից պայմաններում մեծ նշանակություն է ստանում ոչ միայն պատերազմի ընթացքում զինված ուժերի համալրման տեսանկյունից։ Ռազմական պատրաստվածություն ունեցող բնակչությունը կարող է ներգրավվել նաև դիվերսանտների և լրտեսների, ինչպես նաև հակառակորդի փոքր դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ կազմակերպված պայքարում։ Ռազմական գործողությունների հավանական թատերաբեմերում բնակչությունը, բացի այդ, պետք է պատրաստ լինի վճռական պարտիզանական գործողությունների՝ մեր տարածք ներխուժած հակառակորդի առանձին խմբավորումների դեմ։

    Հետևաբար, հնարավորության սահմաններում, բնակչությանը պետք է ուսուցանել ժամանակակից հրաձգային սպառազինության, հակատանկային և որոշ այլ ռազմական տեխնիկայի տիրապետման կանոներին։ Անհրաժեշտ է նաև որոշակի քանակությամբ տեղեկատվություն հաղորդել հակառակորդի գործողությունների հնարավոր եղանակների մասին, որպեսզի այդ գործողություններից ոչ մեկը անսպասելի չլինի և շվարածություն չառաջացնի:

    Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում կան և գործում են բազմաթիվ ռազմահայրենասիրական կազմակերպություններ, որոնք այս կամ այն չափով զբաղվում են բնակչության ռազմական նախապատրաստությամբ, սակայն ցանկալի արդյունքներին հասնելու նրանց օգտակար գործողության գործակիցը30 ցածր է:

    Առկա խնդիրներն արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է պետության անմիջական ղեկավարությամբ և օժանդակությամբ պայմանների ստեղծում այսօրվա դրությամբ պահանջված այդ կառույցների կամ կառույցի գործունեությունն ապահովելու համար: Այն է.
    1. Մշակել և հաստատել բնակչության ռազմական նախապատրաստությամբ զբաղվող կառույցների/կառույցի գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերի փաթեթ:
    2. Ֆինանսական միջոցներ հատկացնել վերանորոգման աշխատանքների, և առկա նյութատեխնիկական և ուսումնական բազաների կատարելագործման համար
    3. Բարելավել այդ կառույցների ստորաբաժանումների կառավարման համակարգը բոլոր մակարդակներում:
    4. Սահմանել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ստորաբաժանումները նոր սարքավորումներով և նյութատեխնիկական միջոցներով վերազինելու կարգը: Հաստատել յուրաքանչյուր ուղղությամբ ԴՕՍԱԱՖ-ի գործունեության ֆինանսավորման չափը, պայմանները և կարգը:
    5. Մասնագետ կադրերին և երիտասարդ մասնագետներին գործընթացներին մասնակից դարձնելու համար մշակել և իրականացնել միջոցառումների պլան:
    6. Վերականգնել ռազմատեխնիկական մասնագիտությունների կադրերի պատրաստման պետական պատվերը:

    Անկախ նրանից, թե որ կազմակերպությունները կամ կառույցներն են իրականացնում բնակչության ռազմական պատրաստությունը, դրանում, բնականաբար, մեծ տեղ պետք է հատկացնել խոցման միջոցներից ինքնուրույն պաշտպանվելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու կարողությունների ու ունակություների ուսուցմանը։

    Բնակչության ռազմական առումով նախապատրաստելու գործում կարևոր է նաև կանոնավոր բանակի ստորաբաժանումների և կամավորական ջոկատների միջև փոխգործակցության հաստատումը՝ վերջիններիս ներառելով ԶՈԻ կիրառման պլանում և հիմնական մարտական առաքելությունների իրականացման ժամանակ։ Օրինակ ՝ օպերատիվ և ռազմավարական մակարդակի հրամանատարաշտաբային և զորահավաքային զորավարժությունների ընթացքում պետք է մշակվեն ոչ միայն զորավարժությունների անմիջական մասնակիցներին վերաբերվող հարցեր, այլև.
    • տարածքային պաշտպանության, պետական մարմինների և բնակչության (աշխարհազորայինների) հետ փոխագործողության հարցերը;
    • պետական իշխանության և բնակչության կենսունակության պահպանման հարցերը;
    • տեղական իշխանությունների, տարածքային պաշտպանության և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ փոխգործողության հարցերը:

    Մեր կարծիքով անհրաժեշտ է նաև ազգային կրթական համակարգում, հատկապես ԲՈՒՀ-ում, վերականգնել ռազմական ամբիոնները: Ռազմական ամբիոններում ուսանողների պարտադիր ուսուցումը պետք է շրջանավարտներին համապատասխան մասնագիտացված կրթության դիպլոմի հետ մեկտեղ իրավունք ընձեռնի ձեռք բերել ռազմական պատրաստության, զինվորական հաշվառման մասնագիտության, զինվորական պարտականությունները կատարելու ունակության վերաբերյալ պարտադիր վկայագիր և հիմք հանդիսանա զինվորական կոչում ստանալու համար, և դա պարտադիր չէ, որ լինի «պահեստի լեյտենանտ», քանի որ կարող են լինել նաև կրտսեր լեյտենանտներ, ենթասպաներ և պահեստի սերժանտներ:31

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության դեմ դեռևս առկա է պատերազմական ագրեսիայի վտանգը: Պահպանվում, իսկ առանձին ուղղություններով ուժեղանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները: Չի բացառվում, որ տարածում կգտնեն հարձակման ոչ ավանդական տեսակները, որոնց դեպքում հակամարտող կողմերը ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ նպատակների կարող են հասնել տեղեկատվական, հոգեբանական և պայքարի այլ միջոցների կիրառմամբ, որոնք չեն բացառում բնակչության կյանքի և առողջության վրա վտանգավոր ազդեցությունների ուժեղացումը:

Հեռանկարում շարունակվում է պահպանվել ժամանակակից գերճշգրիտ խոցման զինատեսակներից բնակչության ու կարևոր օբյեկտների պաշտպանության անհրաժեշտությունը: Հաշվի առնելով գերճշգրիտ խոցման զենքի կիրառման հնարավորությունը՝ բնակչության պաշտպանության միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցներ` հավանական կորուստները նվազեցնելու համար: Կենսապահովման օբյեկտների խոցման բարձր հավանականությունն իր հերթին արդիական է դարձնում բնակչության կենսագործունեության ապահովման լուրջ նախադրյալների ստեղծումը ռազմական դրության ժամանակ:

Ուստի Հայաստանի Հանրապետության բնակչության նախապատրաստումը ագրեսիայի դիմագրավմանը հրատապ լուծում պահանջող խնդիրն ու օր առաջվա հրամայականն է։
___________
  1. Կարդալ ավելին. Патриотизм и патриотическое воспитание в контексте вызовов современности: П20 материалы Междунар. науч.-практ. конф., Минск, 16–17 мая 2019 г. / НАН Беларуси, Ин-т социологии ; Госпогранкомитет ; Ин-т погранич. службы Респ. Беларусь ; редкол.: Г. П. Коршунов (гл. ред.) [и др.]. – Минск : ИПС РБ, 2019.
  2. Զինծառայության վարկը (հեղինակություն, գրավչություն) հասկացվում է որպես բարդ և բազմակողմանի սոցիալական երևույթ, որպես հասարակության և դրա առանձին անդամների կողմից զինված ուժերի ինստիտուտի սոցիալական անհրաժեշտության և արժեքի, գործունեության, հասարակության մեջ զինծառայողների կարգավիճակի և իրական դրության գնահատումը:
  3. Բանակի մասին հասարակության պատկերացումներն ու վերաբերմունքը գոյանում են բանակի այն իրական դերից և պատմականորեն կերտված նշանակությունից, որը բանակն ունեցել է իր ժողովրդի կյանքում: Որպես կանոն՝ բանակի դերը պետք է չնվազեցնել նույնիսկ այն ժամանակ, երբ բանակը երկարատև անհաջողություններ է ունենում մարտի դաշտում կամ ներքին ճգնաժամ է ապրում: Հիասթափությունը այն հզոր գործոններից է, որն անհնար է դարձնում այդ ինստիտուտի արդյունավետությունը:
  4. Այստեղ պետք է նկատառել երկու հանգամանք: Առաջինը, որ զորակոչված զինվորներն իրենց ծառայությունը բանակում համարում են ժամանակավոր, դա նրանցից մի մասի համար սեփական ընտրություն չէ: Զորակոչվելով բանակ՝ երիտասարդների մեծ մասն այդ ծառայության հետ չի կապում իր ապագան: Երկրորդը, ի տարբերություն նրանց կադրային սպաների համար զինծառայությունը գիտակցված, հիմնավորված ընտրություն է և կյանքի ուղի: Համալրելով սպայական անձնակազմի շարքերը՝ այդ անձինք նախապես պատրաստվում են սպայական ծառայության հետ կապված դժվարություններին, բայց և ակնկալում են սեփական բարեհաջող առաջխաղացումը «կոչումների սանդուղքով», որը նույնպես սպայական ծառայության անբաժանելի մասն է:
  5. Կարդալ ավելին. Информационная работа
  6. Հոգեբանական պատրասությունը անհատական և կոլեկտիվ հոգեբանական կայունության ձևավորման և արտակարգ իրավիճակների սպառնալիքի և դրա առաջացման դեպքում համարժեք գործողությունների ունակության ձևավորման միջոցառումների ամբողջություն է
    Психологическая подготовка в области гражданской защиты
  7. Կարդալ ավելին. Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
  8. Սոցիալ-հոգեբանական վերականգնումը միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հոգեկան գործառույթների, պայմանների, անձնական, սոցիալական և աշխատանքային կարգավիճակի խախտումների վերականգնմանը, շտկմանը կամ փոխհատուցմանը: Կարդալ ավելին. https://rcbutovo.mos.ru/legislation/rehabilitation-and-habilitation/sotsialno-psikhologicheskaya-reabilitatsiya/
  9. Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորեր: Կարդալ ավելին. Սոցիալական աշխատանք
  10. Սոցիալական պայմանները դրանք որոշակի հասարակական պայմաններն են, որոնք առնչվում են մարդկանց աշխատանքի, հանգստի և կյանքի պայմանների հետ Социальные условия
  11. Մշակութաժամանցային աշխատանքը (գործունեությունը) սոցիալ-մշակութային գործընթաց է, որը նպաստում է անհատի ազատ հոգևոր և ֆիզիկական կատարելագործմանը, մշակութային արժեքների յուրացմանը, սոցիալապես նշանակալի հաղորդակցությանը, ողջամիտ և լավ հանգստի կազմակերպմանը: Կարդալ ավելին. КУЛЬТУРНО-ДОСУГОВАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ
  12. Քաղաքացիական պաշտպանություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում. Ուսումնական ձեռնարկ/Ռ.Ա.Մեժլումյան, Հ.Մ.Սարգսյան, Հ.Թ.Հակոբյան.-Եր.: ՀՊԱՀ. 2008թ.,-էջ 38:
  13. Պետական քաղաքականությունը, պետական իշխանության մարմինների, նախևառաջ գործադիր իշխանության մարմինների համար գործելու սկզբունքային ուղեցույց է, որը վերաբերում է նրանց գործունեության որոշակի ուղղություններին, որոնք համապատասխանում են օրենքներին և սոցիալական սովորույթներին։ Պետական քաղաքականությունը սահմանում է նաև որպես գործողությունների, կարգավորիչ միջոցների, օրենքների և այս կամ այն ուղղությամբ ֆինանսական առաջնահերթությունների համակարգ, որը հռչակվել է պետական իշխանության մարմնի կամ նրա ներկայացուցիչների կողմից Պետական քաղաքականություն
  14. Լուսաքողարկումը օդային և ցամաքային թշնամու դիտումից թաքցված ռազմական օբյեկտների, արդյունաբերական շրջանների և բնակավայրերի լուսային դիմակազերծող նշաններն են և դրանց իմիտացիան է կեղծ օբյեկտներում. Светомаскировка
  15. Անհատական պաշտպանության միջոցներ, հատուկ հագուստ, կոշիկ և պաշտպանական այլ հարմարանքներ ու սարքեր, որոնք կիրառվում են օրգանիզմի վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ներգործությունը կանխելու կամ նվազեցնելու համար։ Պատերազմական պայմաններում անհատական պաշտպանության միջոցները մարդկանց պաշտպանում են ռադիոակտիվ, թունավոր նյութերի, կենսաբանական ու քիմիական զենքի ախտահարումներից. Անհատական պաշտպանության միջոցներ
  16. Տարհանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով. Տարհանում
  17. 1) «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը,
    2) «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքը,
    3) ՀՀ Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը,
    4) ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշումը,
    5) ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշումը,
    6) ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշումը,
    7) ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 633-Ն որոշումը,
    8) ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1532-Ն որոշումը,
    9) ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշումը,
    10) ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը,
    11) ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշումը,
    12) ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշումը:
  18. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր: Ուսումնական ձեռնարկ/Ս. Ա. Մանուկյան, Գ. Հ. Ճաղարյան: - Եր.: ԵՊՀ հրատ., 2017, 120 էջ:
    Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ: /Համառոտ գծապատկերային ձեռնարկ/ Հ.Շ. Մաթևոսյան.-Եր.: Հեղինակային հրատարակություն, 2015.-132 էջ:
    Քաղաքացիական պաշտպանություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում. Ուսումնական ձեռնարկ/Ռ.Ա.Մեժլումյան, Հ.Մ.Սարգսյան, Հ.Թ.Հակոբյան.-Եր.: ՀՊԱՀ. 2008թ.,- 198էջ:
  19. Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝
    ա) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները,
    բ) փրկարար ուժերը,
    գ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաև ՀՀ այլ զորքերի ստորաբաժանումներ. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
  20. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  21. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցը քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան շենքի նկուղային կամ որմնախարսխային հարկում (ներկառուցված) տեղակայված կամ բնակավայրի տարածքում առանձին կառուցված ստորգետնյա շինություն՝ ապաստարան, հակաճառագայթային կամ պարզագույն թաքստոց, մետրոպոլիտենի կայարան, թունել կամ այլ կառույց, որը պատսպարում է մարդկանց, տեխնիկան և նյութական ռեսուրսները տարատեսակ զենքերի կիրառումից: Կարդալ ավելին ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմեր, հաստատված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով:
  22. Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն առաջնահերթ աշխատանքներ են ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը. բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
  23. Պահեստային կառավարման կետը ստացիոնար կառավարման կետ է, որը նախատեսված է կառավարման մարմնի կողմից հատուկ ժամանակահատվածում օգտագործելու համար: ՊԿԿ-ները լինում են քաղաքային և գյուղական: Գործադիր մարմինները կարող են ունենալ մոտակա և հեռավոր ծայրամասային ՊԿԿ-ներ: Դասական ՊԿԿ-ն բաղկացած է պաշտպանված աշխատանքային տեղից, կենսունակության պահպանման և հանգստի բնակատեղից, կապի հանգույցներից, ինժեներական աջակցության տարածքներից և կառույցներից և այլն. Пункт управления запасный:
  24. Հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման ձև է. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ:
  25. Համալիր ուսումնավարժությունը` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման բարձրագույն ձև է. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ:
  26. Շտաբային վարժանքը` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ղեկավար կազմի համատեղ պատրաստման ձև է. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ:
  27. Օբյեկտային վարժանքը` կազմակերպությունների ղեկավար կազմի, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպության անձնակազմի համատեղ պատրաստման և հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության ուսուցման ձև է. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ:
  28. Հատուկ մարտավարական ուսումնավարժանքը` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի պատրաստման ձև է. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ:
  29. Տես'. Военная стратегия. Под ред. Маршала Соколовского В. Д. — Издание второе, исправленное и дополненное. — М.: Воениздат МО СССР, 1963., էջ 440.
  30. Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) - համակարգի արդյունավետության բնութագրիչ իրեն փոխանցված կամ իր համար ծախսած էներգիայի նկատմամբ։ Որոշվում է արդյունավետ օգտագործած էներգիայի և հանարագումարային ծախսած էներգիայի հարաբերությամբ։ ՕԳԳ-ն հաճախ ներկայացնում է տոկոսային հարաբերակցությամբ։ Կարդալ ավելին. Օգտակար գործողության գործակից:
  31. Կարդալ ավելին. «Некоторые вопросы подготовки страны и населения к войне и защите Отечества».



___________
Հրապարակվել է 26/12/22
Թարմացվել է 16/02/23