ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ
Մենք սկսում ենք հոդվածների շարքի հրապարակումը՝ նվիրված ՀՀ պաշտպանունակության ամրապնդմանը, որը սերտորեն կապակցված է ՀՀ ագրեսիային դիմագրավման նախապատրաստման և նրա դրա համար անհրաժեշտ բաղադրիչների՝ ՀՀ զինված ուժերի, տնտեսության և բնակչության նախապատրաստման հասկացությունների հետ:
Ակնկալվում է, որ մատուցված տեսակետները կհանդիսանան ուղեցույց հետագայում ավելի լայն, մանրակրկիտ և մասնագիտական առումով խորքային քննարկումներ կազմակերպելու և ապագայում, ինչու չէ, իրական քայլեր ձեռնարկելու համար:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ

Ուսումնասիրելով 21-րդ դարի պատերազմների (ռազմական հակամարտությունների) բնույթը, ձևերն ու եղանակները կարելի է պնդել, որ առանց երկրի և զինված ուժերի համակողմանի նախապատրաստվածության պատերազմում հաղթանակ տանելն միանգամայն անհավանական է։ Նախապատրաստելով ագրեսիայի ետ մղմանը յուրաքանչյուր պետություն հենվում է իր տնտեսական, կրթագիտական, տեխնիկական ու մշակութային ներուժի վրա, ինչպես նաև հաշվի է առնում հավանական հակառակորդի ուժերն ու հնարավորությունները, որոնց մասին տվյալները շարունակաբար համալրվում են։
Վերոգրյալը սերտորեն փոխկապակցված է ագրեսիային հակազդելու համար երկրի պլանաչափ պատրաստվածության հասկացության հետ, որն իր հերթին պետք է ապահովի՝ 1) ռազմավարական նախաձեռնություն ձեռքբերելու նպատակով ագրեսորին հակահարված տալու և նրան պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, 2) առավել կարճ ժամկետում հաղթանակի հասնելու հնարավորությունը, 3) անհրաժեշտության դեպքում երկարատև պատերազմ վարելու հնարավորությունը, 4) հակառակորդի զանգվածային հարվածների տակ նվազագույն կորուստներով դիմագրավելու ունակությունը, 5) բնակչության (զինված ուժերի անձնակազմի) հաղթանակի հասնելու վճռականության բարոյահոգեբանական վիճակի պահպանումը:1
Հաշվի առնելով զինված պայքարի միջոցների զարգացումը և ռազմաքաղաքական մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունն ագրեսիային դիմագրավելու նախապատրաստումը պետք է իրականացնի հետևյալ հիմնական ուղղություններով.
  1. ՀՀ զինված ուժերի նախապատրաստում,
  2. ՀՀ տնտեսության նախապատրաստում,
  3. ՀՀ բնակչության նախապատրաստում:
  1. ՀՀ ԶՈւ նախապատրաստումը պետք է «ձևավորված լինի խաղաղ և պատերազմական ժամանակի զինված ուժերի կազմի և կազմակերպվածքի/կառուցվածքի որոշումից, ԶՈւ զորահավաքի նախապատրաստումից և բարձր մարտական պատրաստվածության ապահովումից, ԶՈւ դերին ու խնդիրներին համապատասխան զորատեսակների շարունակա-կան զարգացումից, մարտական գործողություններ վարելու համար ԶՈւ նյութատեխնիկա-կան աջակցությունից, ՀՀ տարածքի և ռազմական գործողությունների թատերաբեմի նախապատրաստումից, ռազմավարական հետախուզության կազմակերպումից և վարումից»:2

    1.1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
    Խաղաղ ժամանակ ԶՈւ թվաքանակը և կազմը սահմանում է կառավարությունը։ Հաշվի առնելով ոչնչացման ժամանակակից միջոցների կիրառմամբ հարձակման սպառնալիքը, ինչպես նաև դրա հետ կապված զորահավաքի դժվարությունները, թվում է թե խաղաղ ժամանակ նպատակահարմար է ունենալ ԶՈւ-ի այնպիսի կազմ, որը թույլ կտա հասնել պատերազմի սկզբնական շրջանի հիմնական նպատակներին՝ առանց լրացուցիչ զորահավաքի: Սակայն այդպիսի թվաքանակով ԶՈւ պահելն չափազանց թանկ է ցանկացած, նույնիսկ ամենահզոր պետության տնտեսության համար։ Հետևաբար, խաղաղ ժամանակ նույնիսկ ամենահզոր պետությունները պահում են այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են ժամանակին ետ մղել հարձակումը՝ արագորեն հզորացնելով իրենց ուժը, գործի դնելով լրիվ զորահավաքված միավորումներն ու զորամիավորումները։ Ներկայումս ենթադրվում է, որ խաղաղ ժամանակների զինված ուժերը պատերազմի առաջին իսկ ժամերից պետք է կարողանան խլել ռազմավարական նախաձեռնությունը և ապահովել անմիջական ռազմավարական նպատակների իրագործումը։
    Ելնելով ՀՀ հավաքական ներուժի հնարավորություններից, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի իրողությունից, նախկին տասնամյակներում ընտրվել է անձնակազմով զինուժի համալրման խառը եղանակը՝ զորակոչային և պայմանագրային տարբերակների համատեղմամբ: Դեռևս 2018թ. ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացվել է զորահավաքի խնդրի վերաբերյալ համալիր տեսլականը, որը ծանոթացնում է դրա առավելություններին և թերություններին (տես՝ «Զինվորական ծառայության կազմակերպման որոշ խնդիրների այլընտրանքային լուծումների և ակտիվ պահեստազորի ստեղծման ու կատարելագործման մասին», Հայական Բանակ 1–2. 2018, էջ 135-147):3
    Մյուս կողմից, անձնակազմի զգալի կորուստները, ինչպես նաև տրանսպորտային և կապի ողջ համակարգի անխուսափելի խափանումները, որոնք կարող են առաջանալ հակառակորդի զանգվածային հարվածների հետևանքով, պահանջում են ժամանակակից զորահավաքն անցկացնել հնարավորինս պարզեցված, տարակենտրոնացված կարգով և առավելագույնս արագ տեմպերով: Բացի այդ, պահետազորը ի սկզբանե պետք է լինի մասնագիտացված և կառուցակարգված, հնարավորություն ընձեռելով ապահովել գործընթացի արագ, սահուն իրականացում և մարդկային ներուժի մասնագիտական ունակությունների արդյունավետ կիրառում:
    Զորահավաքի պարզեցումը կարող է ձեռք բերվել տարածքային մեթոդով՝ հրաժարվելով լրիվ զորահավաքային կետեր զորահավաքային ռեսուրսի, սպառազինության և տեխնիկայի տեղափոխումից կամ զորքերի ձևավորումից (այսպես կոչված զորահավաքային փոխադրումներից), ինչպես նաև զինապարտների զորամասերին կցագրման համակարգի պարզեցմամբ:
    Պահեստազորի առավագելագույն քանակը և որակն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արդյունավետության փորձով ապացուցած նախապայմանների համալիրը, որը կապահովի առավելագույն թվով զորահավաքային ռեզերվը: Դրա համար անհրաժեշտ է.
    • քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության սահմանում՝ ինչը կհանդիսանա պահեստազորի ստեղծման աղբյուր,
    • մի քանի տեսակների պահեստազորերի կազմավորում.
      ա) գործող զորամասերի լրահամալրման (համալրման) նպատակով,
      բ) վերակազմավորվող, նոր կազմավորվող զորամասերի (ստորաբաժանում¬ների), ինչպես նաև մարտական և սանիտարական կորուստների լրացման նպատակով,
      գ) արագ արձագանքման աշխարհազորի ստեղծման նպատակով,
      դ) տարածքային պաշտպանության աշխարհազորի ստեղծման նպատակով,
      ե) աութսորսինգի և ՆՏԱ (նյութատեխնիկական ապահովման) նպատակով:

    Վերոշարադրյալը դիտարկենք մի շարք երկրների պահեստազորային համակարգի ստեղծման ու կիրառման փորձի հետազոտության տեսանկյունից:

    Շվեյցարիա

    «Շվեյցարիան բանակ չունի, բանակը հենց Շվեյցարիան է»:
    Շվեյցարիայի Համադաշնության զինված ուժերը հավաքագրվում են աշխարհազորային սկզբունքով, որը ենթադրում է համըդհանուր զինծառայություն 20 տարին լրացած բոլոր տղամարդկանց համար, ովքեր անցնել են ռազմաբժշկական հանձնաժողովի համապատասխան ստուգումները և ճանաչվել են ծառայության համար պիտանի:
    Պարտադիր զինվորական ծառայությունը շարքայինների համար 260 օր է:
    Նորակոչիկները 18 կամ 21 շաբաթ տևողությամբ եռաստիճան վերապատրաստման դասընթաց են անցնում ըստ ԶՀՄ-ների (զինվորական հաշվառման մասնագիտություն)։ Առաջին փուլում (7 շաբաթ) իրականացվում է նախնական զինվորական պատրաստություն, երկրորդում (6 շաբաթ)՝ հատուկ ռազմական մասնագիտության ուսուցում։ Երրորդ փուլում, ստորաբաժանումների կազմով իրականացվում է մարտական ներդաշնակում, (ինժեներա-կան զորքերի մասնագետներ, թիկունքային ստորաբաժանումներ, ռազմա¬բժշկական ծառայություն և ՊԶՈԶ - 5 շաբաթ; կապի զորքեր, հետևակային և տանկային ստորաբաժանումներ, հրետանի, ՌՕՈւ և օպերատիվ հետախուզություն - 8 շաբաթ):
    Զինվորական ծառայության ընթացքում ուսուցումն ավարտելուց և ԶՀՄ-ներ ստանալուց հետո պահեստազորը պետք է վերապատրաստում անցնի երկու տարին մեկ անգամ. 18-շաբաթյա նախնական դասընթաց անցածների համար 7 հավաք՝ 6-21 շաբաթ տևողությամբ: Պրոֆեսիոնալ հրահանգչային կազմով և զարգացած ենթակառուցվածքով այս համակարգը պարտադիր զինվորական պատրաստության առաջին փուլից հետո 10 տարի շարունակ պահպանում է պահեստազորայինների որակական մակարդակը առաջին գծի ստորաբաժանումների զորահավաքի համար։
    Ժամկետային զինծառայողը 32 տարին լրանալուն պես, պայմանով, որ նա արդեն 260 օր ծառայել է պարտադիր հիմունքներով, տեղափոխվում է տարածքային ռեզերվ (Landwehr), որտեղ գտնվում է մինչև 42 տարին լրանալը։ Այս 10 տարիների ընթացքում նա անցնում է ևս 3 երկշաբաթյա վերապատրաստում։ Տարածքային ռեզերվի զորքերը բաղկացած են 4 տարածքային հրամանատարություններին ենթակա առանձին վաշտերից և գումարտակներից, որոնք զորահավաքի ժամանակ վերածվում են երկրորդ գծի պահեստազորի։ Տարածքային ռեզերվը չի օգտագործվում առաջնագծի կամ օժանդակ զորամասերը համալրելու համար: Նրա խնդիրն է պաշտպանել և պահպանել ենթակառուցվածքային օբյեկտները, լեռնային ամրությունները և կատարել այլ օժանդակ խնդիրներ երկրի ներքին տարածքներում:
    Հրամանատարական կազմի մասով նշենք, որ կրտսեր սպաների ծառայության ժամկետը 430 օր է, ավագ սպաներինը՝ 500 օր, պահեստազորի սպաներինը՝ 600 օր։

    Ֆինլանդիա4

    Ֆինլանդիայի պաշտպանության համակարգի էությունն այն է, որ ազգային պաշտպանությունը ներառում է ոչ միայն ռազմական պաշտպանությունը, այլ նաև արտակարգ իրավիճակներում տնտեսական պաշտպանությունը, քաղաքացիական պաշտպանությունը, տեղեկատվական ոլորտը, սոցիալական ապահովությունը և բուժօգնությունը, հեռահաղորդակցությունը և հասարակական կարգի պահպանությունը:5
    Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո զորացրվածները հաշվառվում են Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի (ՖՊՈւ) պահեստազորում, որտեղ նրաց կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները շարունակվում են զարգացվել վերապատրաստման միջոցառումների, դասընթացների և կամավոր զորավարժանքների ընթացքում։ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի պահեստազորի թվաքանակը երեք անգամ գերազանցում է պատերազմի ժամանակաշրջանի ՖՊՈւ-ի անձնակազմը, որն էլ անհրաժեշտության դեպքում համալրվում է։ Պահեստի շարքայինները օժանդակ ռեզերվ են տեղափոխվում 50 տարեկանում, իսկ պահեստազորի սպաներն ու ենթասպաները՝ 60-ում։
    Պատերազմական ժամանակի զորքերի մարտունակության և ազգային պաշտպանության բնագավառում պահեստազորայինների ունակությունների պահպանման համար պարբերաբար անցկացվում են վերապատրաստման պարտադիր վարժանքներ և զորավարժություններ (աշխատավայրի պահպանմամբ, լրիվ կամ մասնակի վարձատրությամբ, անվճար հանդերձանքով, սնունդով, կեցությամբ, բժշկական ծառայությունների սպասարկումով, ինչպես նաև սոցիալական ապահովմամբ):
    Պահեստազորի ծառայողի պաշտոնի և կոչման հնարավոր բարձրացումը հիմնված է կադրերի վերապատրաստման միջոցառումների, ՖՊՈւ-ի կամավոր վարժանքների և զորավարժությունների, կադրերի պատրաստման ազգային ասոցիացիայի դասընթացների մասնակցության ընթացքից, ֆիզիկական հնարավորությունների թեստավորմից, դաշտային պայմաններում ֆիզիկական պատրաստության սահմանված երեք վարժություններից երկուսի կատարմից (դիպուկ հրաձգություն, քայլարշավ, սպորտային կողմնորոշում):
    Տարածքային պաշտպանության ուժերը
    Պատերազմի ժամանակ տարածքային զորքերն իրականացնում են ռազմավարական օբյեկտների պաշտպանության, շրջանի պահպանման և հակառակորդի ՀՆՋ դեմ պայքարի գործողություններ, իսկ խաղաղ ժամանակ՝ միջգերատեսչական օգնություն ցուցաբերելու խնդիրներ:
    Տարածքային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները գումարտակների կազմով սովորաբար գտնվում են համապատասխան տարածաշրջանում։
    Գործողությունների շրջանի տեղանքին հիմնավոր ծանոթ պահեստազորի և ուժային կառույցների ծառայողները նշանակվում ու վերապատրաստվում են տարածքային ստորաբաժանումներում, օրինակ, ժամկետային ծառայության ընթացքում ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ:
    Տարածքային պաշտպանության վաշտերը (շուրջ 5000 զինծառայող) իրականացնում են պահեստազորայինների պատրաստություն։
    Տարածքային պաշտպանության վաշտերը ընտրում են այն անձանց, ովքեր կամավոր կերպով ստանձնել են պարտավորությունները ՖՊՈւ-ի առջև՝ համաձայն «Կամավոր ազգային պաշտպանության մասին» օրենքի 28-րդ բաժնի: Պատերազմի ժամանակ տարածքային պաշտպանության վաշտերը պաշտպանում են որոշակի տարածք տեղական ստորաբաժանումների կազմում, մինչդեռ խաղաղ պայմաններում կարող են օգտագործվել միջգերատեսչական օգնության տրամադրման և այլ հարցերում:
    Բացի այդ, Ֆինլանդիայում գործում է Կամավոր ազգային պաշտպանություն, որն իրականացնում է ազգային պաշտպանության ուսումնական միջոցառումներ, ինչը թույլ է տալիս կամավորներին բարձրացնել գիտելիքները և ունակությունները արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրների կատարման գործում, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ իրենց հայրենի տարածաշրջանին:
    Մասնագետների վերապատրաստման ազգային ասոցիացիան պաշտպանության (NDTA) ոլորտում ամեն տարի կազմակերպում է մոտ 2000 դասընթացներ, որոնց այցելում են մոտ 50 000 քաղաքացի և զորակոչիկ:

    Ընդհանուր առմամբ, ըստ ֆիննական մոդելի, կերտվել է նաև Էստոնիայի պաշտպանության ուժերը.6
    Սահմանափակ մարդկային և տնտեսական ռեսուրսներ ունեցող պետության համար քաղաքացիների պաշտպանության կամքի դրսևորման վրա հիմնված պահուստային ուժերը ազգային պաշտպանության միակ հնարավոր ձևն են: Պահեստազորային զորամասերը կազմավորվում են տարածքային սկզբունքով, այսինքն՝ մեկ շրջանից զորակոչված զորակոչիկները զորակոչվում են միևնույն ժամանակ նույն զորամաս, իսկ ծառայությունից հետո նրանք պահեստ են ուղարկվում որպես մեկ ստորաբաժանում։
    8-ամսյա ուսուցման ընթացքում զորակոչիկները ստանում են բազային ռազմական կրթություն և սկսում են փոքր ստորաբաժանումներում (ջոկ, դասակ, վաշտ) փոխգործակցության վարժանքներից: Ժամկետային ծառայություն անցնելուց հետո պահեստազորայինները զորակոչվում են պահեստազորային հավաքների յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

    Ավստրիա

    Ավստրիայի պաշտպանության ռազմավարության հիմքը կազմում է տարածքային պաշտպանության սկզբունքը, որն ապավինում է երկրի տեղանքին և աշխարհագրությանը, հատկապես լեռներին և անտառներին, ինչպես նաև հակառակորդի հարձակման հավանական ուղղությունների սահմանափակ քանակին։ Հետևաբար, յուրաքանչյուր շրջանի պաշտպանությունը հիմնականում ապահովում են լրակազմված պահեստազորայինները, ովքեր քաջատեղյակ են տեղանքին և պատրաստված տարածքային զորքերի ստորաբաժանումները (Raumgebundene Landwehr), որոնց կրիտիկական պահերին աջակցում են աշխահազորային շարժական ստորաբաժանումները (Mobile Landwehr): Ենթադրվում է, որ մշտական մարտունակ ուժերի զորամասերը (Bereitschaftstruppe) պետք է կիրառվեն ագրեսորի կողմից հարձակման առավել վտանգավոր ուղղություններում և հակառակորդին թևերից ու թիկունքից հարվածներ հասցնելու համար: (Նշենք, որ պատրաստված պահեստազորի թվաքանակը հինգ անգամ գերազանցում է մշտական զինված ուժերի քանակը):
    Ավստրիայի տարածքային պաշտպանության համակարգը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայություն 17 տարեկան բոլոր տղամարդկանց համար՝ հետագայում նրանց պահեստազորում հաշվառելու համար: Դպրոցականների արշավների համատարած փորձը, բացի ֆիզիկական պատրաստվածությունից, բոլորին ծանոթացնում է իրենց տարածաշրջանին և երկրին ընդհանուր առմամբ, և ամենակարևորը թույլ է տալիս համակարգել ապագա նորակոչիկների խմբերը: Արդյունքում՝ ժամկետային զինծառայողի ծառայության կարճ վեցամսյա ժամկետը բավարար է համարվում նրան անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով ապահովելու համար, որոնք ակնկալվում է պահպանել և զարգացնել պահեստազորում ծառայության տարիներին։ Պահեստազորի զինծառայող դառնալու համար զինվորը պետք է ավարտի իր զինծառայությունը, ապա անցնի վերապատրաստման դասընթացների համակարգ։
    Խաղաղ պայմաններում պահեստազորի հիմնական խնդիրներն են պարտադիր կրթությունն ու ուսուցումը: Շարքայինները՝ զորամասերում, սերժանտները՝ Լինց քաղաքի մոտ գտնվող դպրոցում, իսկ սպաները՝ Թերեզիանյան ռազմական ակադեմիայում (Die Theresianische Militärakademie): Պահեստազորայինի կոչումը և պաշտոնը բարձրանալու համար նա պետք է որոշակի ստաժ ձեռք բերի ծառայելով պահեստազորում և անցնի կոնկրետ դասընթացներ:
    Զորահավաքի ծանուցման համակարգը պարզ է և արդյունավետ: Զորակոչված յուրաքանչյուր պահեստազորային ստանում է կամ համակարգչային (ինտեռնետային) ծանուցում (պարունակում է նորակոչիկի տվյալները, ստորաբաժանումը, որտեղ նա ուղարկվում է և հավաքման վայրը/ժամանակը), կամ կոդավորված SMS հաղորդագրություն:7

    Իսրայել

    Իսրայելի զինված ուժերի համալրումն իրականացվում է Զինապարտության մասին օրենքով: Ծառայության են ընդունվում նաև այն անձինք, ովքեր կամավոր պայմանագիր են կնքել պաշտպանության նախարարության հետ: Օրենքը տարածվում է 18 տարին լրացած հրեական պետության քաղաքացիների և մշտական բնակիչների վրա (ներառյալ երկքաղաքացիություն ունեցողները, ովքեր ապրում են այլ պետությունում): Զինվորական ծառայության զորակոչի ենթակա են 18-ից 29 տարեկան տղամարդիկ և 18-ից 26 տարեկան չամուսնացած կանայք:
    Զինապարտության մասին օրենքը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության հետևյալ երկու տեսակները ՝ ժամկետային և պահեստազորում:
    Զինվորական ծառայությունից ազատվում են ամուսնացած և երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր հրաժարվում են ծառայել բանակում կրոնական շարժառիթներով: Զինվորական ծառայությունից մասնակիորեն կամ ամբողջությամբ ազատվում են կրոնական դպրոցների աշակերտները և հոգևորականները: Առանձին դեպքերում պաշտպանության նախարարը կարող է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ զինապարտին:
    18-ից մինչև 26 տարեկան տղամարդկանց համար սահմանված է 36 ամսյա ծառայություն, 27-ից մինչև 29 տարեկանները, որվքեր նախկինում չեն զորակոչվել որևէ պատճառով սահմանված է 26 ամիս: 27-ից մինչև 29 տարեկան Իսրայել ժամանած ներգաղթյալների համար՝ 20 ամիս, կանանց համար՝ 24 ամիս: Տղամարդիկ և կանայք ծառայում են միասին, բացառությամբ մարտական ստորաբաժանումների:8
    Ծառայություն պահեստազորում
    Իսրայելի ՊԲ-ում ծառայությունն ավարտելուց հետո շարքայինների համար սահմանված է պահեստազորում գտնվել մինչև 40 տարին, իսկ սպաներն՝ մինչև 45 տարին լրանալը։ Կանայք գտնվում են օպերատիվ պահեստազորում մինչև 38 տարին լրանալը։ Զինապարտների տարիքը կարող է ավելացվել մինչև 49 տարեկան, եթե նրանք.
    • ռազմական բժիշկներ են,
    • բանակի ռաբբիներ են,
    • բեռնատարների վարորդներ են,
    • շտապ բուժօգնության մասնագետներ են,
    • վթարափրկարարական ծառայության աշխատակիցներ են,
    • անձինք, ովքեր կարող են ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն:
    Պահեստազորի ուժերը կարող են զորակոչվել հետևյալ հանգամանքներում.
    • պատերազ հայտարարելու դեպքում,
    • ռազմական օպերացիաների վարման դեպքում.
    • խոշոր ծավալի աղետների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
    Պահեստազորի մարտունակ վիճակը պահելու համար պահեստազորայիններին տարեկան զորակոչում են ուսումնվարժական հավաքների (զորավարժությունների)՝ 2-ից 5 շաբաթ տևողությամբ։ Ամուսնացած, կամ երեխա ունեցող կանայք ենթակա չեն զորակոչի:
    Իսրայելի ՊԲ-ն պարտավոր է պահեստազորայիններին զգուշացնել հավաքների մասին.
    • 1-3 օրվա ընթացքում օպերատիվ պահեստազորի մարտունակությունը ստուգելու համար՝ ծանուցումը իրականացվում է 12 օր առաջ, եթե փոստով է առաքվում կամ 7 օր առաջ, եթե ծանուցագիրը հանձնվում է առձեռն:9
    • Եթե զինվորական հավաքները 4 օրից ավելի են, ապա ծանուցումն իրականացվում է 2 ամիս առաջ։
    Եթե արտակարգ իրավիճակի լուծմանը մասնակցելու համար անհրաժեշտ են պահեստազորայիններ, ապա վերջիններս պետք է ներկայանան անհապաղ։
    Եթե կանչը կապված չէ ծայրահեղ անհրաժեշտության կամ արտակարգ իրավիճակների հետ, պահեստազորայինը կարող է հրամանատարությանը տեղեկացնել հավաքներին մասնակցելու անհնարինության մասին։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել անձնական հանգամանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
    Եթե կանչի պահին զինակոչիկը մասնակցում է որևէ կարևոր ծրագրային միջացառմանը կամ պետք է գործուղվի, ապա գործատուն Պահեստազորայինների հավաքները համակարգող հանձնաժողովին իրավունք ունի դիմել՝ տվյալ անձի մասնակցությունը հետաձգելու վերաբերյալ խնդրանքով: Հանձնաժողովի անդամներն են որոշում, թե որն է ավելի կարևոր՝ Իսրայելի ՊԲ պահեստազորի մարտունակության պահպանումը, թե քաղաքացիական պարտականությունների կատարումը։ Դիմումը քննարկվում է առնվազն 30 օր առաջ, եթե միջացառման կամ գործուղման տևողությունը 6 օրից ավելի է:
    Պահեստազորի զինծառայողներն իրավունք ունեն փոխհատուցում ստանալ հնարավոր վաստակի կորստի համար՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Վճարումը կատարում է ՊՆ-ն՝ գումարն ուղարկելով Ապահովագրական ազգային ինստիտուտ: Այդտեղից միջոցները փոխանցվում են գործատուին, որն էլ դրանք փոխանցում է աշխատողի հաշվին։
    Եթե պահեստազորայինը տարվա ընթացքում ծառայությունն իրականացնում է 32 օրից ավելի ժամկետով, ապա նա իրավունք ունի լրացուցիչ վարձատրության:10, 11

Եզրակացություն

Արտասահմանյան երկրների վերոհիշյալ օրինակները ցույց են տալիս, որ պահեստազորի համակարգի կառուցումը հանդիսանում է միջոցառումների համալիր, որը մշտապես կիրառվում է կոնկրետ ներքին և արտաքին քաղաքական պայմաններում։ Այն ուղղակիորեն պայմանավորված է յուրաքանչյուր առանձին պետության յուրովի գնահատամբ՝ իր շրջապատի ու սպառնալիքների աստիճանից, յուրային հնարավորություններից և այլ գործոններից:

Շարադրված օրինակները և այլ հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ առավել արդյունավետ պահեստազորայինները միջին մակարդակից ավել մոտիվացված կամավորներն են, ինչը, այնուամենայնիվ, կարիք ունի համապատասխան սոցիալական/նյութական աջակցման:

Ակնհայտ է, որ հզոր թշնամուն դիմակայելու համար պետությանը, բացի մշտական զինված ուժերի, անհրաժեշտ է վարժված և որակյալ պահեստազոր: Այն, իր հերթին, պետք է ներառի պահեստազորային ռեսուրս՝ առաջնագծի և թիկունքային զորամասերը լրահամարելու համար, տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ, աշխարհազոր և վերը նշված օժանդակ կառույցները համալրելու անձնակազմ:

Բավարար պահեստազորի կայացումն անհնարին է առանց պարտադիր զինապարտության, որը հանդիսանում է քաղաքացիների համընդհանուր, շարունակական և միացյալ չափանիշներով ուսուցման, վարժեցման և ներդաշնակեցման միակ իրական միջոց/մեխանիզմը: Այն հետագայում հիմք է հանդիսանալու մեծաքանակ և մշտական զինուժի համեմատությամբ քիչ ծախսատար պահեստազորի որակական չափումն երաշխավորելու համար:

Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստության կարևորագույն ճյուղն է նաև մարտական գործողություններ վարելու մեթոդների անմիջական ուսուցումը, որը ներառում է օպերատիվ, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Բացի զորքերի բարձր մարտական պատրաստականության պահպանումից, հիմնական խնդիրներն են. ա) զինված պայքարի հիմնական միջոցները, բ) մարտը, օպերացիաները և զինված պայքարը վարելու եղանակների ուսուցումը, որպես ամբողջություն, գ) մարտական գործողությունների վարման նոր եղանակների մշակումը և ստուգումը, դ) պատերազմական ժամանակի պլանների և հաշվարկների իրատեսության ստուգումը, ե) անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և ապահոման խնդիրների ստուգումը:

Զորքերի ուսուցումը (պատրաստումը) պետք է կազմակերպվի և իրականացվի այնպես, որ անընդհատ փոխադարձաբար զարգանան ռազմական արվեստի տեսությունն ու պրակտիկան և կատարելագործվեն զինված պայքարի միջոցներն ու եղանակները: Այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի օպերատիվ և մարտական պատրաստության փորձի ընդհանրացումը, ինչը կնպաստի ռազմական արվեստի տեսության զարգացմանը: Որպեսզի այս փորձի եզրակացությունները միակողմանի չլինեն, անհրաժեշտ է օպերատիվ և մարտական պատրաստության համակարգում ուշադիր ուսումնասիրել հակառակորդին և հետևել ռազմական գործողությունների վարման վերաբերյալ նրա տեսակետների փոփոխություններին:

Շարունակությունը՝ 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
___________
  1. Տես'. Военная стратегия. Под ред. Маршала Соколовского В. Д. — Издание второе, исправленное и дополненное. — М.: Воениздат МО СССР, 1963., էջ 408.
  2. Նույն տեղում, էջ. 409.
  3. https://razmavaraget.wordpress.com/haikakan-banak-armenian-army-defense-academic-journal-ndru-mod-ra/
  4. https://intti.fi/en/in-the-reserve
  5. Տե'ս Ֆ.Ֆլուրի, Վ.Բադրակ, Պահեստազորային համակարգի կիրառման փորձի հետազոտություն, Երևան, 2016, էջ 20:
  6. https://mil.ee/en/defence-forces/reserve-force/
  7. Ծանոթագրություն: «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն «…անձը համարվում է պատշաճ ծանուցված …, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում»: Պրոբլեմն այն է, որ անձը պետք է պաշտոնապես գրանցվի և ստանա էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու իրավունք, ինչ վճարովի է: Իսկ ինչ վերաբերվում է կոդավորված SMS հաղորդագրությանը, ապա այն նույնպես կիրառվել է, հատկապես ՀՀ ԶՈՒ-ում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այն արդյունավետ չի գործել:
  8. Система комплектования и подготовки кадров вооружённых сил Израиля, 2019 год
  9. Ծանոթագրություն: ՀՀ Կառավարության 18.10.2018թ. «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետի համաձայն «…պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են (Ծանուցագիր N 1 ձև) վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով»: Ծանուցագիրն քաղաքացուն հանձնվում է առձեռն կամ էլեկտրոնային ծանուցման եղանակով (կետ 11-ի, 2-րդ ենթակետ ): Ինչ վերաբերվում է զինվորական վարժանքներին և զորավարժություններին պահեստազորայինների մասանակցությանը, ապա այն կազմակերպվում է նույն կարգով, միայն Ծանուցագրի N 3 ձև-ը քաղաքացուն առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային ծանուցման եղանակով:
  10. Служба в израильской армии для репатриантов, 2022 год
  11. ՀՀ օբյեկտիվ իրավիճակից ելնելով, առավել համապատասխան է գնահատվում Իսրայելի ՊԲ մոտեցումը, որը հնարավորություն է տալիս. ա) ապահովել պահեստազորի մշտական բարձր պատրաստվածությունը, բ) իրատես և նպատակասլաց է կատեգորյաների տարանջատում պահեստազորը. ըստ պրոֆեսիոնալ և ֆիզիկական հնարավորությունների, փորձի, տարիքի, և այլ անհրաժեշտ հատկանիշների, գ) ապահովում է զինուժի և ողջ հասարակության միջև դրական բարոյահոգեբանական փոխդարձ կապը:
    Դրան հասնելու և համապատասխան բարեփոխումների հիմք տրամադրելու համար նպատակահարմար է ՀՀ ԶՈՒ և աշխարհազորի մասին առկա օրենսդրությունն ակտիվորեն քննարկել և տալ փորձագիտական եզրակացություն:



___________
Հրապարակվել է 25/08/22
Թարմացվել է 26/12/22