ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԵ՞Ռ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՆՔ

Կարեն Սվասյան


Հազիվ թե սխալվենք՝ ասելով, որ համաշխարհային պատմություն կոչվողի ամենակայուն գնահատականը բոլոր ժամանակներում կարող էր արտահայտվել վատ վիճակի կատեգորիայով։ Իհարկե, նկատի ունենք ոչ թե պատմագիտությունը՝ ներառյալ պատմաբան գիտնականներին իրենց «գիտական» չափանիշներով։ Խոսքն առավել ոչ գիտական, բայց իրական հայեցակարգի մասին է՝ ընդհանրապես մարդկանց մասին. ոչ պատմություն կերտողների, այլ նրանց, ում պատմությունն է ստեղծում: Վատը՝ նրանց ամենակայուն վիճակն է, քանի որ նրանք իրենց միշտ վատ են զգում:

Բայց վատը բոլոր ժամանակներում ունեցել է երկու տարբերակ, որոնցում, ըստ էության, միշտ գնահատվել է. ավելի լավ և ավելի վատ: Գերընդհանրացված արտահայտվելով. եթե որպես վիճակ, վատ եղել է միշտ, ապա իր համեմատական չափով այն միշտ եղել է կամ ավելի լավ, կամ ավելի վատ։

Հավանաբար, սա որոշ չափով հապճեպ գնահատական է, բայց հաշվի առնելով այն, որ մտքերս պատմաբանների համար չեմ գրում, և ավելին՝ պարզապես ժամանակ չկա, դրանք պետք է հնչեցնել անհապաղ։ Այն պատմությունները, որոնցում մենք հայտնվել ենք և ապրում ենք, կարծես, ավելի լավ տարբերակ չգիտեն: Օրեցօր ամեն ինչ միայն ավելի ու ավելի է վատանում՝ անկման արագացման բանաձևի համաձայն, մինչև կործանում:

Որտեղ հարցին պատասխանը միանշանակ է. ամենուրեք, որտեղ աշխարհը ապրվում է որպես պատմություն՝ Ամերիկայից մինչև Ճապոնիա, եվրոպական հյուսիսից մինչև աֆրիկյան հարավ: Բայց մենք կմնանք Հայաստանում։

Երևի պետք է ավելի կոնկրետ լինել։ Արդի, կամ էլ ամենաընդհանրացված չափանիշներով. եթե նախկին կառավարությունը վատն էր, ապա ներկայիս կառավարությունն ավելի վատն է, եթե պրոֆեսորներն ու դոցենտները վատն են, ապա ուսանողներն ավելի վատն են, եթե իշխանությունը վատն է, ապա ժողովուրդն ավելի վատն է։ Այդ ինչ ժողովուրդ է, որը, ասենք, Գերմանիայում 16 տարի շարունակ ինքնասպանի համառությամբ ընտրել է իրեն գերեզման քշող նույն տիկին կանցլերին, իսկ այսօր նույնիսկ կարողացել է բուն գերեզմանը ընտրել։ Եվ մի՞թե նույնը չենք տեսնում Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Մոլդովայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Անգլիայում։ Կամ Հայաստանում, որտեղ դեռ հինգ տարի առաջ նախկին ավելի վատը փոխարինեցին այսօրվա վատով, ընդ որում ՝ այնպես, որ եթե այն ժամանակ ցանկանում էին ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ, ապա հետո, երբ նոր վատն ավելի վատացավ, նորից ձայն տվեցին, որպեսզի ավելի վատանա քան կար։

Եկել է մտավոր հետամնացի և սրիկայի օրը, նախևառաջ՝ հիմարի: Ես խոսում եմ ոչ թե մարդկանց, այլ այսպես կոչված էլիտաների՝ վերնախավերի մասին։ Վերնախավերը՝ ճանկելու և կուլ տալու պարզապես աներևակայելի զարգացած ռեֆլեքսով քաղաքական գործիչներ են, ակադեմիկոսները, պրոֆեսորները, գրողները, էստրադային երգիչները, ռեփերները, բլոգերները, մոդելները, բոլոր տեսակի trend և brand կրողները և հասարակության այլ ակտիվ մասը։ Նրանք օժտված են կատարվածի համար ցանկացած յուրաքանչյուրին, բայց ոչ հենց իրենց մեղադրելու ավտոմատ սովորությամբ: Նրանք են, հենց նրանք, ոչ թե որևէ մեկը, որ այսօր կործանում են իրենց երկիրն ու պատմությունը, և կարծես թե՝ անդառնալիորեն։

Անդառնալիությունն այն է, որ նրանց կամ ընդհանրապես բոլորի մեջ չկա և ՈՉ ՄԵԿԸ, ով կարող է առօրյայի կատաղած անհեթեթությանը հակադրել ՄԻՏՔՆ ու ԻՄԱՍՏԸ՝ ակնկալիքով, որ դա կարող է արթնացնել մեկ ուրիշին: Ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե արագ մտածել գործնական լուծումների մասին, այլ խորհել բացառապես գործընթացը ԸՆԿԱԼԵԼՈՒ մասին: Որոշումները կայացվում են ոչ թե դատարկ գլխով, այլ մտածված: Հիվանդության հետ առնչվող բժիշկը սկսում է ոչ թե բուն հիվանդությունից, այլ դրա պատմությունից: Դա հենց այն է, ինչ չեն անում վերնախավերը՝ կառավարական թե ընդդիմադիր, միևնույնն է։

Փորձեմ դա անել ինձ հասանելի ամբողջ հակիրճությամբ և պարզությամբ. ըմբռնման խցանած շիշը նետել ինքնաբուխ բթության փուչիկներից գերաճած ճահճի մեջ:

Ի՞նչ է Հայաստանը։ Հինավուրց երկիր՝ լի փառավոր ու անփառունակ անցյալով, որը մի օր, ահա արդեն գրեթե հազար տարի առաջ, կանգ առավ ու դարձավ ներկա: Սրտի կանգի նմանությամբ և այն տարբերությամբ, որ առանձին մարդիկ մահանում են, իսկ ժողովուրդները կարող են երկար ապրել, բայց այլևս ոչ թե ներկայում, այլ անցյալում: Ժողովուրդները պարզապես սկսում են կյանքը պատմության մեջ և ավարտվում են՝ դրանից ընկնելով ֆելլահականության մեջ: Այսինքն՝ նրանց կյանքի բուն փաստն այդ պահից անցնում է ոչ թե «հողի և ճակատագրի» չափմամբ, այլ կենսաբանության ստահոդությամբ։ Պետք է պատկերացնել մի ամբողջ հազարամյակը պետականության բացակայությամբ. պատմական նախկին բոլոր բնազդներն ու հմտությունները փոխարինվում են զուտ բնական, բուսական և կենդանական կարգի բնազդներով ու հմտություններով։ Որպես կանոն, այս ամենը ոչ թե սեփական, այլ ուրիշի պատմության շրջանակներում և նշանի տակ է. մեր դեպքում հաջորդաբար՝ բյուզանդական, մոնղոլական, թուրքական, պարսկական և վերջապես ռուսական։ Դրանց հովանու ներքո Հայաստանը գոյատևել է մինչև մեր օրերը՝ երևի, նույնիսկ պատկերացում չունենալով, թե ինչ է, որտեղ, երբ և ինչու։

Այնուհետ, արդեն 20-րդ դարում, հրաշք տեղի ունեցավ՝ մի տեսակ աբսուրդի թատրոն ռուսական բեմադրությամբ: Ռուսաստանը՝ հզոր, բայց բացարձակապես անկայուն մի կազմավորում, հանկարծ սովորական պատմության չափումից մտավ հակաուտոպիայի ժանր։ Բյուզանդական ձևանով քարացած նախկին ինքնակալության փոխարեն եկավ նորը՝ բոլշևիկյանը, որը մինչև ուշ լճացման մեջ խտանալն ու սառչելը, հայտնվեց պատմությունն ու մարդուն անլսելի և անհնարին բանի վերափոխելու մի կատաղի փորձ՝ ի ամոթ և նախանձ բոլոր զուգահեռաբար կատաղի դադաիզմներին, ֆուտուրիզմներին և սյուրռեալիզմներին: Փորձի գլուխգործոց դարձավ ժողովուրդների և ցեղերի հաջող ներարկումը (կարելի է ասել՝ վարսելը) պատմության մեջ՝ նրանց իրենց անշարժացած անցյալից նորից վերադարձնելով ներկա: Իհարկե, Հայաստանն այս փորձի միակ և հաստատ ոչ ամենաանհեթեթ փորձարկվողը չէր, այլ մյուսների հետ էր նույն շարքում էր:

Պատկերացրեք. քնում եք հում աղյուսից տների, գոմերի, բնատնտեսության պայմաններում, քնում եք մի ամբողջ հավերժություն՝ և արթնանում ժամանակակից հասարակությունում: Այժմ դուք հանրապետություն եք, ժամանակակից պետություն՝ իր բոլոր ատրիբուտներով և պարագաներով՝ օրհներգ, զինանշան, վերաշարադրված կամ հորինված պատմություն, համալսարան, գիտությունների ակադեմիա, կոնսերվատորիա, թատրոններ, թանգարաններ, կինոստուդիաներ, բանաստեղծներ, գիտահետազոտական ինստիտուտներ, հիվանդանոցներ, օպերա, ցուցահանդեսներ և այլն: Ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայում կամ Հոլանդիայում: Միայն այնտեղ իրականում, իսկ այստեղ՝ երազում:

Մոսկվայի համալսարանը հիմնադրելիս պարզվեց, որ շենք կա, բայց պրոֆեսորներ չկան։ Պրոֆեսորներին հրավիրեցին Գերմանիայից։ Հետո պարզվեց, որ ուսանողներ էլ չկան՝ դրանց էլ բերեցին Գերմանիայից։ Հետագայում Դոստոևսկին նկարագրեց դրանց որպես «ռուս տղաներ»՝ արևմտամետներ և սլավոնամետներ։

Նույնն էլ այստեղ՝ տեղերը պատրաստ էին, մնում էր դրանք զբաղեցնել։ Ըստ պահանջարկի անհրաժեշտ կադրերը քշելով բերվեցին տարբեր աշխատասենյակներ՝ քիչ թե շատ պատրաստ օտարներից մինչև հապճեպ նորաթուխ յուրայինները։ Երեկ սատանան գիտի, թե ով էր նա՝ իսկ այսօր ակադեմիկոս է, պրոֆեսոր, հաշվապահ, թատերական քննադատ, մասնագետ:

Իսկ գլխավորն այն է, որ դրան հավատացին և ընդունեցին որպես իրողություն։ Այսինքն ՝ իսկապես կարծեցին, որ հանդիսանում են այն, ինչ պետք է լինեին: Այդ ֆոկուսն աննկատ մնաց գլխապտույտ հաջողության ֆոնին, որը խաղարկվում էր տոտալ տեռորի պայմաններում: Մնում էր գուշակել, թե որքան ժամանակ դա կարող է ընդօրինակել իրականությունը՝ չդադարելով պատրանք լինելուց։

Մի ամբողջ 70 տարի: Եվ իսկապես հաջողություններով, ձեռքբերումներով, կատարումներով և գերակատարումներով։ Առանձին ճաքերի և անցքերի միջով պարբերաբար սողսկող դեորմացիաներն ու ատավիզմները հաշվի չէին առնվում: Դրանց մասին չի խոսվել և չի գրվել, ինչը, ըստ խորհրդային տրամաբանակախարդության նշանակում էր, որ նման երևութները գույություն չեն ունեցել։ Այն, ինչ կար, կոչվում էր պատմություն՝ լուսավոր ապագայում դրա վերջնական հաղթահարմամբ։

Մինչդեռ աբսուրդի լուծումը ակնհայտ էր։ Բոլոր ճանապարհները տանում էին Մոսկվա, իսկ Մոսկվայից՝ Կրեմլ, որտեղ գտնվում էր անմահ Կաշչեյի մահը։ Լավ էր թե վատ՝ դա պետականություն էր, թեկուզ տարօրինակություններով և հիմարություններով, թեկուզ միջնադարի և նոր ժամանակների միջև մի տեղ մխրճված՝ բայց բավականաչափ ուժեղ, որպեսզի լծի տասնյակից ավելի հորինված հանրապետություններ և կառավարի դրանք։ Եվ մտրակով և քաղցրաբլիթով. մերթ անխնա մտրակելով նրանց, մերթ թույլ տալով վայելել իրենց երևակայական ազատություններն ու ինքնուրույնությունը։ Պարզապես պետք է հիշել երջանիկ վրացիներին, որոնք լողափերում արևայրուք են ընդունում ռուս օրիորդների ստվերում, կամ արևային ուզբեկներին պաստառների վրա և դրանց տակ, և մշակույթների, փառատոների, ցուցահանդեսների, գրկախառնությունների և համբույրների այդ բոլոր օրերը՝ ԽՍՀՄ անվան տակ մոլորակային ներկայացման ծավալին և մակարդակին հիանալու համար:

Երբ հետո կոտրվեց Կաշչեյի անմահության ասեղն և հանգուցյալը վերածվեց ժողովրդավարի ու ազատականի, ԽՍՀՄ ծայրամասը քարուքանդ եղավ, և վստահ լինելով, որ ինքն իսկապես գոյություն ունի, սկսեց պահանջել և հասնել անկախության: Պահանջելու կարիք չկար՝ անկախությունը նրանց կճռեցներ, նույնիսկ եթե նրանք աղոթեին կախվածության մեջ մնալու համար: Նրանք ժառանգեցին ամեն հինը, ընդհուպ մինչև պաշտոնյաների կահույքը։ Դատարկ էր մնացել միայն մի բան՝ այդ բեռը կրելու ունակությունը։ Միանգամայն այն տրամաբանությամբ, որով Լիզելոտ ֆոն դեր Փֆալցը բնութագրել էր իր որդուն՝ Ֆրանսիայի ռեգենտ Ֆիլիպին. «Նա բոլոր տաղանդների տեր է, բացառությամբ դրանց կիրառելու կարողությունից»։

Այսպես առաջացավ հետխորհրդային դժբախտ տարածքը, որի ապագան դեռ այն ժամանակ կարելի էր կռահել։ Հասկանալի է, որ անկախ Հայաստանին էլ էր տեղ հատկացված, թեկուզ ոչ այնքան շռնդալից, որքան Ուկրաինային կամ, ասենք, Մերձբալթյան պլաստիկ երկրներին, բայց, այնուամենայնիվ, բավական նկատելի։ Սկզբում ամեն ինչ համեմատաբար տանելի էր։ Անկախությունն ընկալվում էր ավելի շուտ բանավոր, քան իրական, քանի որ նախկին «ավագ եղբոր» ազդեցությունը դեռ բավականին ակնհայտ էր։ Թեև բոլորը արտաքուստ նախատում էին նրան, սակայն հպատակության իներցիան դեռ ուժի մեջ էր։ Ամբողջ անհեթե¬թությունն այն էր, որ Ռուսաստանն ինքն էր ցանկանում անկախանալ իրենից, և այն աստիճան, որ ինչ-որ պահի, թվում էր թե, ընդհանրապես դադարեց գոյություն ունե¬նալ: Էստրադային ձեռնածուները, ծաղրածուները և նորաձևության դիզայներները հնչերանգ էին սահմանում, և երբ երեկվա գռեհիկներն այսօր ծաղրում են «це Европа» դափ տվող հիմար ուկրաինուհուն՝ քանի որ Եվրոպան ժանյակավոր վարտիք է, այդ ցինիկներին պարզապես ոչ ոք չէր հիշեցնում, թե ինչն էր հենց իրենց երազանքների առարկան չարաբաստիկ 90-ականներին:

Ախորժակը, ինչպես միշտ, բացվեց ճաշելիս։ Հանկարծ անկախությունը սկսեց կորցնել բանավոր խոսքի բնույթը և դառնալ իրական։ Ոմանց դա հաջողվեց առանց աղմուկի ու փոշու, ոմանց ստիպված՝ մայդաններ կազմակերպելով, ոմանց էլ՝ արյուն թափելով։ Հայաստանի, որի կապերը Ռուսաստանի հետ անզուգական էին, այս դեպքում էլ բախտը բերեց. անկախության կախազարդը կրծքին նա շարունակեց հավատարիմ մնալ «եղբայրական» Ռուսաստանին։ Իրական խնդիրը դա չէր, այլ հենց անկախության բուն փաստը՝ այն հանկարծ աղետալիորեն սկսեց իրական դառնալ, լինելով բացարձակ անիրական, աներևակայելի, անհնարին բոլոր իմաստներով։ Ժողովրդավարական զառանցանքը շատ հարմար էր և պաշտոնների/աթոռների մրցավազքը բացարձակ բնույթ ստացավ։ Աթոռներին տիրացան խաբեբաներն ու հիմարները, որոնք գողանում էին այն ամենը, ինչ պառկած էր, կանգնած, նստած և այլն: Սա ոչ թե հակապետականության սանձարձակություն էր, այլ պարզապես պետականության նույնիսկ նշույլի բացակայություն։

Ըստ էության, իրավիճակը կրկնում էր բոլշևիկների կողմից իշխանության զավթումը՝ դրանց մեծամասնությունը նույնպես բաղկացած էր ամեն տեսակի առաջին պատահածներից։ Բայց այստեղ վճռորոշը ոչ թե այն էր, թե որտեղից են նրանք եկել, այլ այն, թե որտեղ են նրանք հայտնվել, հենց երկաթե կաղապարների և ավանդույթների հմտությունների մեջ՝ Պետրոսից մինչև Նիկոլայ I-ի, այն էլ այնպիսի կարգապահության և անմարդկային դաժանության մթնոլորտում, որում նրանց այլ բան չէր մնում, քան դառնալ քաղաքական գործիչներ և պետական այրեր՝ իրենց եվրոպացի գործընկերներին հավասար (կամ նույնիսկ ավելի բարձր):

Իսկ այստեղ այդ ամենը բացակա էր, և հեգնանքը հաճախ այն էր, որ երեկվա տհասները, խուլիգանները կամ մամայի բալիկները ավելի լավն էին, ադեկվատ, իսկական անցյալում, քան երբ հայտնվեցին ղեկավար պաշտոններում։ Նրանց միակ անթերի մնացած ունակությունն էր ճանկելու և կուլ տալու ռեֆլեքսը՝ հենց այնտեղ, որտեղ հնարավոր էր ճանկել և կուլ տալ արդեն չտեղավորվողը։

Հենց նրանք, ովքեր այսքան անսպասելիորեն ընկան պատմության մեջ, այժմ ետ են թռչում՝ բայց ոչ թե բնության գիրկը, այլ դեպի ոչնչություն, իրենց հետ քարշ տալով յուր ժողովուրդները և երկրները: Դա կարելի է հասկանալ ոչ թե միայն այսօրվա շրջանակներում, երբ ամեն ինչ դառնում է կամ դարձել է արդեն անշրջելի, այլ ընդհանուր առմամբ վերջին 30 տարիների ընթացքում։ Ամենակարևորը՝ իրեն ժողովուրդ համարող քաղքենին, թեև ժողովրդի մասին նա գիտի այնքան, ինչքան գորտը էլեկտրականությունից, հոգնել է։ Պարզապես և անպարտելիորեն հոգնել է պատմությունից: Կամ ավելի կոպիտ՝ թքել է պատմության վրա և նախընտրել, պարզապես և անպարտելիորեն, անվերջ նստել սրճարաններում և ռեստորաններում:

Իսկ երբ նեղն ենք ընկնում, և պատմությունը շնչում է մեր ծոծորակին, միասնաբար (և ոչ միշտ անհիմն) փնտրում ենք քավության նոխազ, որը մեր մեջ մեկ անունով է հանդես գալիս՝ Ռուսաստան։ Այն նույն Ռուսաստանը, որին մենք պարտական ենք ամեն ինչով՝ կրկին պատմության սուբյեկտ զգալու պատրանքից մինչև դրանից կրկին դուրս ընկնելու իրողությունը, իսկ ամենակարևորը՝ միջանկյալ և, հավանաբար, մեր ողջ պատմության և ոչ պատմության ընթացքում ամենաերջանիկը 70 տարին, երբ ունեինք աշխարհահռչակ ֆիզիկոսների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների շքեղ ցուցափեղկ, և երբ որոշ ձեռք բերովի ռեֆլեքսներ դժվար էր տարբերակել բնածին ռեֆլեքսներից: Միևնույն է, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հատկապես հիմա, մեր սայթաքելու կամ հարթ տեղում ընկնելու մեղավոր ենք մատնանշում Ռուսաստանը։ Ծաղրանքը կամ ողբերգությունն այն է, որ հատկապես հիմա Ռուսաստանն իսկապես մեղավոր է: Տեղի ունեցածի և դեռ կատարվելիքի նրա դերը հսկայական է, բայց պետք է գոնե մի փոքր լարել ուղեղները՝ հասկանալու համար, որ նա առաջին հերթին մեղավոր է իր առջև։ Իր ներքին ու արտաքին քաղաքականության ապաշնորհությամբ, որն արդեն 30 տարի հանձնում է ամենը, ինչ կարելի է հանձնել և նույնիսկ ավելին։ Թող կոնսպիրոլոգները գուշակեն՝ սա համաշխարհային դավադրության մաս է, թե ոչ։ Իմ կոնսպիրոլոգիան պարզ է և հստակ. իհարկե, դավադրություն է, սակայն սրիկա մտավոր հետամնացների (կամ ավելի մեղմ` հիմարների) համաշխարհային դավադրություն։ Ինչպե՞ս կարելի էր Եվրոպայի կեսը հանձնելուց հետո այդպես անհոգ հանձնել բոլոր հետխորհրդային տարածքները։ Ահա այսպես էլ, հաշվակված և ամենայն հավանականությամբ անմիտ քմահաճությամբ հանձնեցին նաև Հայաստանը, եթե հիշենք, որ անմիտ քմահաճությունը միշտ եղել է ռուսական պատմության շարժիչ ուժը։ Թող այդպես լինի, բայց դուք կարող եք գոնե մեկ անգամ՝ հանուն պարկեշտության, ինքներդ ձեզ նայել:

Պատասխանն այն հարցին, արդյոք Հայաստանը դե՞ռ իրականություն, թե՞ արդեն պատրանք, թեև բացահայտ աչքներիս առաջ է, բայց չի կարող նույնքան բացահայտ հնչեցվել: Քանի որ պատասխանը պետք է հնչեցնի յուրաքանչյուր ոք, ում երակներում դեռ արյուն է հոսում, այլ ոչ թե շիճուկ:


___________
  1. ֆելլահականությունը (կամ ֆելլահիզմը) մշակույթի կյանքի վերջին փուլն է, ըստ Օսվալդ Շպենգլերի։ Եգիպտական ֆելլահները հին եգիպտացիների (բնակչության 80%), գյուղացիների (ի տարբերություն բեդվինների, արաբական քոչվորների, որոնք նվաճեցին Եգիպտոսը) բազմաթիվ կիսասիմիլացված ժառանգներ են: Ավելի լայն իմաստով, ֆելլահինները մի ժողովուրդ են, ովքեր կորցրել են իրենց երբեմնի մեծ մշակույթը և քարշ են տալիս պատմական թշվառ գոյությունը:



Հրապարակվել է 22/10/23
Թարմացվել է 23/10/23