ՑԱՆՑԱԿԵՆՏՐՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱԼԻՔՆԵՐ
(ԱՄԵՆ ՆՈՐՈՒՅԹ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է)
Դեռևս մինչև 1977 թվականը, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելը, զորավար Նիկոլայ Օգարկովը ռազմաճակատ/օկրուգ – բանակ/կորպուս – դիվիզիա/բրիգադ – գունդ – գումարտակ/դիվիզիոն, մարտկոց, էսկադրիլիա օղակներում ակտիվորեն ներդրել է զորքերի ավտոմատացված կառավարման ինտեգրված համակարգեր (АСУВ, ԶԱԿՀ): Խորհրդային Միության մարշալը գտնում էր, որ բարձր տեխնոլոգիաների դարում խորքային գործողությունների դոկտրինը պետք է աջակցվի հետախուզության միջոցների, ավտոմատացված կառավարման և կրակային աջակցության հնարավորությունների միավորմամբ: «Արևմուտք-81»[1] օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը ցույց տվեց, որ «Маневр» ԶԱԿՀ-ի կիրառմամբ գրեթե հնգապատիկ բարձրացում է հրետանային և ավիացիոն սպառազինության կիրառման արդյունավետությունը: Սակայն ավարտել ԽՍՀՄ զինված ուժերի անցումը տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակի թույլ չտվեց երկրում տիրող ներքաղաքական (ավելի ճիշտ՝ ներվերնախավային) իրավիճակը, և ինչպես հաճախ է պատահում՝ նախաձեռնությունը խլեց հակառակորդը։1998 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Ջեյ Ջոնսոնը, փոխծովակալ Արթուր Սերբովսկին և Պենտագոնի գիտաշխատող Ջոն Գարսթկան հրապարակեցին «Ցանցակենտրոն պատերազմ. նրա ծագումը և ապագան» (Network-Centric Warfare: Its Origin and Future)[2] հոդվածը: ԶՈՒ տարբեր տեսակներից կազմած խմբավորումների մարտական հզորությունը ենթադրվում էր բարձրացնել տեղեկատվական-կապակցային ցանցի ստեղծման ճանապարհով, որը միավորում էր տեղեկատվության (հետախուզության) աղբյուրները, կառավարման մարմիններն (շտաբներն) ու խոցման միջոցները։ Այն ունակ էր իրական ժամանակի ռեժիմում իրադրության մասին հավաստի ու ամբողջական տեղեկատվությամբ ապահովել աշխարհագրորեն տարակենտրոնացված ուժերի բոլոր մակարդակների հրամանատարներին: Փաստորեն, լավ պաշտպանված համակարգչային ցանցը մարտի դաշտում հնարավորություն էր տալիս տեղեկատվական առավելությունը (գիտելիքներ, որոնք ձեռք են բերվել օպերատիվ տարածքի համապարփակ դիտարկումից և հրամանատարության մտադրությունների հնարավոր լիարժեք ըմբռնումից) վերափոխել գերակայության:
Ցանցակենտրոն պատերազմի (ՑԿՊ) դոկտրինը նախատեսում էր մարտական գործողությունների վարման չորս հիմնական փուլ.
- Հակառակորդի հետախուզական-տեղեկատվական ապահովման համակարգի (հետախուզության միջոցների, ցանցային հանգույցների ձևավորման, տեղեկատվության մշակման և կառավարման կենտրոնների) առաջանցիկ ոչնչացման / ճնշման միջոցով հասնել տեղեկատվական գերազանցության:
- Հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի ոչնչացման / ճնշման միջոցով օդում գերակայության/տիրապետության նվաճում:
- Դրա արդյունքում կառավարումից և տեղեկատվությունից զրկված հակառակորդի խոցման միջոցների՝ հրթիռային համալիրների (ավիացիա, հրետանի, զրահատեխնիկա) հերթականությամբ ոչնչացում:
- Հակառակորդի դիմադրության օջախների վերջնական ոչնչացում/ճնշում:
ՑԿՊ-ի դոկտրինի դրույթները գործնականում ԱՄՆ զինուժը փորձարկել է 2003 թվականին Իրաքի դեմ պատերազմի ժամանակ մի շարք ԶԱԿՀ-ի հիման վրա՝ ՌԳԹ (ТВД) ռազմական պլանավորման և ավիացիայի կառավարման համակարգեր (Theater Battle Management Core Systems, TWMSS), բրիգադների /գումարտակների/վաշտերի մակարդակով 21-րդ դարի ուժերի մարտական կառավարման համակարգեր (Force XXΙ Battle Command Brigade or Below, FBCB2) և ցամաքային տեխնիկայի տեղաշարժի վերահսկման համակարգեր (Army Movement Tracking System, MTS)[3].
FBCB2 կայանները տեղակայված էին տանկերում, ՀՄՄ-ներում, ԶՓՄ-ներում, ԻՀԿ-ներում, ՀԶԿՌՀ-ներում և այլն, միացված էին երկաստիճան ռադիոկապի ցանցին, որը ներառում էր օդա-ցամաքային EPLRS/SINCGARS և տիեզերական INMARSAT տարրեր: Արդյունքում, ռազմադաշտում առաջնագծի ստորաբաժանումների հրամանատարները մարտավարական ինտերնետի վիրտուալ ցանցի շրջանակում ստանում էին տվյալների փոխանակման հնարավորություն և անմիջական փոխգործողություն հրետանային ստորաբաժանումների և մարտավարական (իսկ առանձին դեպքերում նաև ռազմավարական) ավիացիայի հետ: Միաժամանակ, տեղեկատվական խողովակների ցածր թողունակության պատճառով միացյալ ԶԱԿՀ-ի արդյունավետությունը նվազում էր, ինչը հաճախ ամերիկյան զորքերին ստիպում էր անցնել ավանդական կապի միջոցներին: Արդյունքում իրաքյան պատերազմից հետո ԶԱԿՀ-ներն ուղարկվեցին լրամշակման:
Ռուսական կողմը ԶԱԿՀ-ի պահանջվածության ընդգրկվածության վերաբերյալ համապատասխան եզրակացություններ կատարելուց հետո 2014 թվականի դեկտեմբերին ստեղծեց ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոն (ՌԴ ՊԱԿԿ)։ Այն շուրջօրյա մարտական հերթապահության եղանակով իրականացնում է ՌԴ ԶՈՒ կառուցվածքում գտնվող բոլոր զինվորական ստորաբաժանումների (միջուկային եռյակի, ինչպես նաև օպերատիվ-ռազմավարական հրամանատարության կենտրոններում (զինվորական օկրուգներում), բանակ – դիվիզիաների/բրիգադների) կառավարում:
ՌԴ ԶՈՒ-ի ԱԿՀ-ի տեխնիկական հիմքը հանդիսանում է օպերատիվ-ռազմավարական և օպերատիվ մակարդակի «Акация-М» ԶԱԿՀ-ը, իսկ զորքերում դրա շարժական տարբերակը (МЧ АСУ Р «Акация-М»), ինչպես նաև մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգի (ЕСУ Т3) «Созвездие-М2» համալիրները (ՕԴԶ-ում՝ ЕСУ ОТЗ «Андромеда-Д»):
Սիրիայում փորձնական մարտական կիրառման ընթացքում ՌԴ ԶՈՒ ԶԱԿՀ-ը թույլ տվեց հասնել.
- Տեղեկատվական փոխանակման բարձր օպերատիվության (մարտավարական իրադրության մասին տեղեկատվության հավաքում, մշակում և ցուցադրում), ինչը մեծացրեց կառավարման հիմնական խնդիրների կատարման արագությունը 5-6 անգամ:
- Օպերատիվ-ռազմավարական մակարդակից (НЦУО) մինչև մարտավարական օղակը (ЕСУ Т3) շուրջօրյա մոնիթորինգի ռեժիմով իրավիճակի մասին տվյալների մշտական հավաքման հաշվին ամբողջ ԶԱԿՀ-ի աշխատանքի անընդհատությանը:
- Կառավարման համակարգի տարրերի միասնականացման բարձր աստիճանի՝ մարտիկից մինչև ԶՈՒ հրամանատար կառավարման բոլոր մակարդակների համար միասնական ապարատային-ծրագրային համալիրների (ԱԾՀ) և միասնական ծրագրային ապահովման (այդ թվում տվյալ իրադրության գրաֆիկական ցուցադրման համար) օգտագործման շնորհիվ:
- ԶԱԿՀ-ի աշխատունակության արագ վերականգնելու կարողությանը, այդ թվում՝ ԱԾՀ-ի հետ շտաբների շարքից դուրս գալու դեպքում բաշխված ռեժիմով, ինչը ցույց է տալիս կիրառվող միջոցների և համալիրների տարրերի հուսալիության բարձր աստիճանը[4]:
Ինչպես ամերիկյան ԶԱԿՀ-ի դեպքում, իրական մարտական գործողությունները բացահայտեցին մի շարք թերություններ: Բացի այդ, կապի և հետախուզության ռազմական արբանյակների ռուսական խմբավորումը լրջորեն զիջում է ամերիկյան INMARSAT, IRIDIUM խմբավորումներին և ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության (National Reconnaissance Office, NRO) հետախուզական արբանյակներին: SpaceX ընկերության Starlink արբանյակային խմբավորման գործարկման արդյունքում ՌԴ հետ մնալը նրա ղեկավարությունը ստիպել է ակտիվացնել միասնական տիեզերական համակարգի ստեղծման և ռազմական ու երկակի նշանակության տիեզերական ապարատների նոր նմուշների ուղեծիր դուրս բերելու աշխատանքները:
Իր հերթին, ԱՄՆ ՊՆ-ն 2022 թվականի մարտին ստորագրեց համապարփակ հրամանատարության ու օպերացիաների կառավարման (Joint all Domain Command and Control, JADC2) պլան, որի նպատակն է մարտադաշտում ԶՈՒ տարբեր տեսակների միջոցների միջև տարանջատման վերացումը: Բանն նրանումն էր, որ յուրաքանչյուրն ուներ սեփական մարտավարական ցանց, որն էլ հիմնականում անհամատեղելի էր այլ ծառայությունների ցանցերի հետ։ Պլանի համաձայն, բոլորը կկարողանան կիրառել ինչպես պաշտպանության, այնպես էլ հարվածային համակարգեր՝ որոշումների կայացման և տվյալների փոխանցման միասնական համակարգում միասնական հրամանատարության կառավարման ներքո: JADC2-ի իրականացումը հիմնված է վեց ուղեցույց սկզբունքների վրա.
- Բոլոր մակարդակներում տեղեկատվության անըդհատ փոխանակման մշակում;
- «Բազմաստիճան» և «արդյունավետ կիբերպաշտպանության» միջոցով անվտանգության ապահովում;
- Համատեղելի և ստանդարտացված տվյալների կառուցվածքի առկայությունը;
- Անբարենպաստ իրադրությունում օպերատիվության և կայունության ապահովում;
- Հրամանատարության և ղեկավարման կարողությունների զարգացման լայն կատարելագործում;
- Մշակման և գնման միջոցով ԶՈւ-ը JADC2-ի բոլոր հնարավորություններով արագ ապահովում[5]:
Տեխնիկական ասպեկտները նախատեսում են որոշումներ կայացնելու գործընթացի արագացում՝ կապի բազմաթիվ ցանցերի միջոցով տվյալների փոխանակման «ամպային» (cloud) միջավայրի ձևավորորման եղանակով։ Հատկանշական է տաղանդավոր անձանց ներգրավման և զինծառայողների գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ հատուկ շեշտադրումը. «Մարտական իրադրության պայմաններում ավելի ու ավելի տեղեկատվական-կողմնորոշված հրամանատարությունն ու կառավարումն երբեք այսքան կարևոր չեն եղել»[6]:
Նույնիսկ մինչև ուկրաինական հակամարտությունում կողմերի ԶԱԿՀ կիրառման փորձի ընդհանրացման երևան գալը, արդեն իսկ կարելի է վստահորեն կանխատեսել նշանակելի աճ՝ ինչպես որակապես նոր ԶԱԿՀ տեխնոլոգիական/ծրագրային բաղադրիչի կիրառման բնագավառում, այնպես էլ անձնակազմի բոլոր մակարդակներում ավելի բարձր գիտելիքների և հմտությունների պահանջների ոլորտում:
___________
- https://tvzvezda.ru/news/201705180832-2l7l.htm
- https://www.academia.edu/28905216/Network_Centric_Warfare_Its_Origin_and_Future
- http://noravank.am/rus/issues/detail.php?ELEMENT_ID=2574
- https://arsenal-otechestva.ru/article/753-tekhnicheskie-aspekty-upravleniya-vojskami-rossii-i-ssha
- https://fcw.com/defense/2022/03/pentagon-releases-jadc2-implementation-plan/363326
- https://www.defense.gov/News/Releases/Release/Article/2970094/dod-announces-release-of-jadc2-implementation-plan
Հրապարակվել է 03/06/22